ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրաքվեի օր որոշելը ոչինչ չի նշանակում. Արմեն Սարգսյանը դեռ անելիք ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի բացառում իր կողմից Սահմանադրական դատարանի հարցով հետագա քննարկումների անցկացումը: Այս մասին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնել են Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բանն այն է, որ Ազգային ժողովի կողմից 2020թ. փետրվարի 6-ին` Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշման ընդունումից հետո, եւ փետրվարի 7-ին` Ազգային ժողովի նախագահի կողմից այն Հանրապետության նախագահին ներկայացնելուց հետո, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածով, ստորագրել է հրամանագիր՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին:

Սակայն միեւնույն ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն էր տարածել եւ հայտնել, թե հանրաքվեի օր նշանակելով՝ Հանրապետության նախագահը չի արտահայտում իր վերաբերմունքն ու դիրքորոշումը Ազգային ժողովիկողմից ընդունված եւ հանրաքվեի դրվելիք Սահմանադրության փոփոխությունների բովանդակության, ինչպես նաեւ այդ որոշման կայացման ընթացակարգերի վերաբերյալ:

Այլ կերպ ասած, ստացվում է՝ Արմեն Սարգսյանը պարզապես հանրաքվեի օր է նշանակել՝ ելնելով Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններից, սակայն դա չի նշանակում, թե ինքը կողմ է այսպիսի ընթացակարգերին:

Եվ ելնելով Արմեն Սարգսյանի աշխատակազմի կողմից նմանօրինակ հայտարարություններից՝ «Ժողովուրդ» օրաթերթը կրկին հարցում ուղարկեց ՀՀ նախագահի աշխատակազմ՝ խնդրելով փոխանցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիրքորոշումը՝ Սահմանադրության փոփոխությունների բովանդակության, ինչպես նաեւ այդ որոշման կայացման ընթացակարգերի վերաբերյալ: Եվ, ահա, ի պատասխան մեր հարցման՝ հայտնեցին, որ Արմեն Սարգսյանը կարող է նման քննարկումներ սկսել:

«Կարեւորելով սահմանադրական բարեփոխումները, ինչպես նաեւ օրենքի գերակայությունը պահպանելու, Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձր պահելու անհրաժեշտությունը՝հանրապետության նախագահը չի բացառում իրկողմից հետագա քննարկումների շարունակումը, հասարակական-քաղաքական խմբերի, մասնագիտական համայնքի, պետական մարմինների՝ Ազգային ժողովի, կառավարության, Սահմանադրական դատարանի հետ խորհրդատվությունների անցկացումը, խորհրդատվական կարծիքի համար միջազգային համապատասխան կառույցներին եւ փորձագետներին դիմելը»,- նշեցին ՀՀ նախագահի աշխատակազմից:

Միեւնույն ժամանակ աշխատակազմից ընդգծել են, որ Արմեն Սարգսյանը մշտապես արտահայտել է իր սկզբունքային դիրքորոշումը՝ պետական եւ հասարակական կյանքին առնչվող կարեւորագույն որոշումները ժողովրդի անմիջական կամարտահայտությամբ՝ հանրաքվեով որոշելու նպատակահարմարության եւ անհրաժեշտության մասին:

Օրինակ՝ վերջերս իր հարցազրույցներից մեկում Արմեն Սարգսյանը նշել էր. «Կարծում եմ՝ ցանկացած իշխանության համար, մանավանդ՝ հիմա, երբ մարդիկ ապրում են երկու կյանքով, շատ էական է վերեւից՝ ամպերից իջնելցած, իջնելեւոտքերը դնել գետնին, շփվել ժողովրդի հետեւ կարծիք հայտնել: Ժողովրդի կամքի արտահայտությունը չի կապվում այս կամ այն օրենքիհետ, այլ կապվում է ժողովրդի վերաբերմունքի հետ: Հանրաքվեից վախենալ պետք չէ:

21-րդ դարում «կրկնակի կյանքի» պայմաններում այն նույնիսկ անհրաժեշտություն է դառնում՝ ամպերից իջնել ցած եւ ժողովրդի կարծիքը պարբերաբար ստանալ»: Եվ հարցման վերջում նախագահի աշխատակազմից կրկին ընդգծել են, որ Արմեն Սարգսյանը ստորագրել է ապրիլի 5-ը հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիրը՝ պարզապես ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածի դրույթներով, որի համաձայն՝ Ազգային ժողովիկողմից հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ընդունվելուց հետո` եռօրյա ժամկետում, հանրապետության նախագահը նշանակում է հանրաքվե:

Հավելենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ից, սակայն այս պահի դրությամբ պաշտոնապես «ՈՉ»-ի կողմ են հանդիսանում իրավաբան-իրավապաշտպանները, որոնքմինչեւ այս նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին էին նամակ ուղարկել՝ հանրաքվեի օր չնշանակելու պահանջով: Նշենք, որ այդ խմբի մեջ են Ռուբեն Մելիքյանը, Արսեն Բաբայանը, Լարիսա Ալավերդյանը, Ավետիք Իշխանյանը եւ այլք:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի չի մասնակցի, իսկ ԲՀԿ-ն էլ դեռ վերջնական որոշումչունի. քաղխորհրդի որոշումն այսօր կլինի: Այս ամենին զուգահեռ գործընթացին խառնվել, կարծես թե,չեն շտապում նաեւ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժեր ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն կամ այլ անհատներ: ՀՅԴ-ն արդեն կոչ է արել ՀՀ քաղաքացիներին բոյկոտել ապրիլի 5-ի հանրաքվեն: Միայն հայտնի է, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ն ու սպարապետի եղբայր Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցություններն են հայտարարել քարոզարշավի ընթացքումՆիկոլ Փաշինյանին աջակցելու մասին:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս