Սիրո մեջ նվիրվող եմ, եթե զգում եմ, որ դիմացինս փոխադարձում է ինձ. Փառանձեմ Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը դերսանուհի Փառանձեմ Սահակյանն է: Մենք անդրադարձել ենք նրա բնավորության գծերին, սովորություններին, կենսակերպին: Դերասանուհին նշել է, թե ինչպիսին է սիրո հարցում, ինչից է վախենում կյանքի այս փուլում, եւ ինչ է փոխվել իր կյանքում հայտնի դառնալուց հետո:

-Փառանձե՛մ, հավատալ ճակատագրի՞ն, թե՞ սեփական ուժերին:

-Հավատալ սեփական ուժերին՝ չմոռանալով, որ կյանքում ոչինչ պատահական չի լինում:

-Նույնիսկ ամենադժվար պահերին չեք մոռանում, որ…

-Աստված կա:

-Կինոմա՞ն եք:

-Այո: Վերջին ֆիլմերը, որոնցով տպավորվել եմ, այս տարի ներկայացված էին «Օսկար»-ի: Դրանցից մեկը «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմն է, մյուսը՝ «Մակաբույծները», որն իսկապես արժանի էր «Լավագույն ֆիլմ» մրցանակին: Առաջին անգամ օտարալեզու ֆիլմը ճանաչվեց լավագույնը: Այն ունի խորը փիլիսոփայություն, դաստիարակչական բնույթ:

-Ձեր կյանքի դժվարին փուլն ինչի՞ հետ եք կապում:

-Կյանքի տարբեր փուլերում լինում են դժվարություններ, բայց կարեւորն այն է, որ ներդաշնակ լինես ինքդ քեզ հետ, գտնես օպտիմալ լուծում, այդ դեպքում դուրս կգաս ցանկացած իրավիճակից: Պարզապես պետք է հավատալ սեփական ուժերին եւ այն գերբնական ուժին, որն օգնում է մեզ ամեն քայլափոխի:

-Կա՞ մի բան, որ կարգելեք Ձեր երեխաներին:

-Դիտել անորակ հաղորդումներ եւ ֆիլմեր: Բայց եթե մի բան շատ է արգելվում երեխային, նրա մոտ հակառակ ռեակցիա է առաջանում: Ես կփորձեմ փոքրուց երեխայիս մեջ սերմանել լավը, որպեսզի նրանք անորակ պրոդուկտի նկատմամբ հետաքրքրություն անգամ չցուցաբերեն:

-Թիկունքից հարվածողներ շա՞տ են եղել:

-Որ ասեմ՝ ամեն քայլափոխի ունեցել եմ հարվածողներ, սուտ կլինի, բայց մարդկանց կյանքում մակաբույծներ չեն կարող չլինել,ուղղակի պետք է իրավիճակից դասեր քաղենք ու հասկանանք, որ նրանք հայտնվել են մեր կյանքում շատ բաներ արժեւորելու եւ հասկանալու համար:

-Սիրո հարցում ինչպիսի՞ն եք:

-Ես իմ տեսակով նվիրվող եմ, եթե զգում եմ, որ դիմացինս փոխադարձում է ինձ: Պետք է միշտ հիշել, որ նվիրվելու դեպքում էլ գոյություն ունի չափ, եւ երբ անցնում ես այդ չափը, վնասում ես ե՛ւ քեզ, ե՛ւ նրան, ում սիրում ես:

-Երբ ասում են մանկություն, միանգամից հիշում եք…

-Ինձ՝ ինչ-որ միջոցառումների ժամանակ: Թաղի մեծերն էլ հավաքվում էին, որ դիտեն դրանք:

-Երբեւէ կատարե՞լ եք աշխատանք, որը դերասանական արվեստի հետ կապ չունի:

-Այո, իհարկե, շատ, հատկապես այն շրջանում, երբ նոր էի Երեւան տեղափոխվել: Ինձ համար ցանկացած աշխատանք, որը դեմ չէ բարոյական իմ սկզբունքներին, ընդունելի է: Ամոթ է չաշխատելը: Աշխատել եմ ապահովագրական ոլորտում, նաեւ որպես մենեջեր: Շատ բան եմ սովորել, այդ գիտելիքներս կիրառում եմ նաեւ իմ ոլորտում:

-Ի՞նչ խոստովանություն կանեք մեկին, ում ծանոթ եք դպրոցական տարիներից:

-Կուզենայի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհուս ասել շնորհակալություն: Գուցե նա չգիտի, բայց այդ առարկայի հանդեպ իմ սերը հենց նա է արթնացրել:

-Կյանքի այս փուլում ինչի՞ց եք վախենում:

-Վախենում եմ առանց գիտակցելու նեղացնել հարազատ մարդկանց:

-Երեխաներ ունենալ կյանքում հետք թողնելո՞ւ համար, թե՞ որ վաղը Ձեզ ջուր տվող լինի:

-Շարունակություն ունենալու համար: Ամեն մարդ, որը ծնվում է, իր շարունակությունը պետք է ունենա, բայց եթե դու չունես այն գիտակցումը, թե ինչպես պետք է պահես, դաստիարակես երեխայի, ավելի լավ է՝ չունենաս, չվնասես նրան: Երեխա պետք է ունենալ այն դեպքում, երբ պատրաստ ես պատասխանատվություն կրել:

-Ձեր ամենահաջողված դերը ո՞րն եք համարում:

-Հաջողված եւ չհաջողված դերեր ինձ համար չկան: Չեմ կարող մեկն առանձնացնել: Լավագույնն է այն դերը, որը խաղում եմ այդ պահին:

-Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում հայտնի դառնալուց հետո:

-Ամեն քայլափոխի հանդիպում եմ ժպտացող դեմքերի, ինչը հաճելի է, բայց Հայաստանն այն երկիրը չէ, որտեղ հայտնիությունը լուրջ բան է փոխում քո կյանքում:

-Հոգնածությունը թոթափելու համար նախընտրում եք այցելել փաբե՞ր, թե՞ բնության գիրկ:

-Բնականաբար, նախընտրում եմ գնալ բնության գիրկ:

-Ո՞ր քաղաքն է Ձեզ ամենաշատը տպավորել:

-Դեռ շատ չեմ ճամփորդել, բայց կցանկանամ անպայման լինել Հռոմում:

-Անիմաստ է ապրել առանց…

-Հարազատ եւ սիրելի մարդկանց:

Աննա Բաբաջանյան




Լրահոս