ՀԻՄԱ ԷԼ Է ԻՐԵՆ ՏԵՍՆՈՒՄ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը (Նավակ ճոճողը) նշանակվեց «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն: Նա մասնակցել էր տնօրենի թափուր պաշտոնի համար կայացած մրցույթին եւ երկու այլ անձանց հետ միասին հաղթող ճանաչվել: Նշենք, որ Գաբրիելյանը մասնագիտությամբ դեղագետ է, երկար ժամանակ մասնագիտական ծառայություն է մատուցել սահմանամերձ Քարվաճառում:

Սակայն ուշագրավ է, որ 2018 թվականին` տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից եւ Գաբրիելյանի՝ ծառայությունից վերադառնալուց հետո, անընդհատ լուրեր էին շրջանառվում` նրան այս կամ այն պաշտոնին նշանակելու մասին, անգամ խոսք էր գնում ՀՀ ոստիկանապետ նշանակելու մասին: Սակայն դա տեղի չունեցավ, եւ Գաբրիելյանը պաշտոնի նշանակվեց, ըստ էության, մրցույթ անցնելուց հետո եւ ոչ այնքան յուղոտ պաշտոնի։
Բայց պետք է ընդգծել, որ վերջինս քաղաքացիական պայքարի ոլորտում բավականին մեծ ուղի է անցել, եւ շատերն են երեկվանից քննարկում, որ նա ավելի բարձր պաշտոնի էր արժանի. բոլոր ընկերները «պադավատներ» ունեին, իսկ Վիլեն Գաբրիելյանը դեռ ծառայում էր Քարվաճառում։
Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Վիլեն Գաբրիելյանի հետ:
-Պարո՛ն Գաբրիելյան, Ձեր նշանակումից հետո չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ սա, ըստ էության, Ձեզ համար արժանի պաշտոն չէ: Ինչպե՞ս կարձագանքեք, եւ արդյոք սա հենց ա՞յն աշխատանքն է, որով ցանկանում էիք զբաղվել:
-Տարբեր մեկնաբանությունները հենց այդ մարդկանց կարծիքն են: Ես որոշեցի, որովհետեւ այս ոլորտն ինձ հոգեհարազատ եմ համարում, սա իմ մասնագիտական ոլորտն է, եւ ես գիտեմ, որ այս ոլորտում իմ առաքելությունը կարող եմ իրականացնել եւ տանել առաջ, դաշտում փոփոխություններ բերենք: Որովհետեւ դա շատ կարեւոր կառույց է, դեղորայքը, բժշկական սարքավորումներն առողջապահության մեծ տոկոսն են կազմում, իսկ այդ համակարգը ազգային անվտանգության խնդիր է:
-Հաշվի առնելով Ձեր ծառայելու հանագամանքը՝ շատերը Ձեզ տեսնում էին Պաշտպանության նախարարությունում, եւ չէին դադարում խոսակցությունները ոստիկանապետ նշանակվելու մասին: Ինչո՞ւ այս երկու համակարգերում չներգրավվեցիք, եւ արդյոք առաջարկ եղե՞լ է:
-Առաջարկներ չեն եղել: Զինվորական ծառայությունը պարզապես ինձ հոգեհարազատ է, ես ինձ, ամեն դեպքում, բանակային եմ համարում: Բայց ո՛չ առաջարկ է եղել, ո՛չ էլ, անկեղծ ասած, ես եմ ցանկություն ունեցել: Կարծում եմ՝ ես այս մի ոլորտում կարող եմ ավելի շատ օգուտ տալ, քան ՊՆ-ում, քանի որ այնտեղ այս պահի դրությամբ նախարարի տարած առաքելությունը, իր տեսլականը լրիվ համապատասխանում է իմ պատկերացրածին, եւ կարծում եմ՝ իրենք Պն-ում պատվով դա տանում են առաջ: Իսկ ոստիկանության համակարգի հետ կապված՝ ես մի անգամ ասել եմ եւ կրկնում եմ՝ ես նեղկուսակցական շրջանակում միշտ ասել եմ, որ ես ինձ այդ համակարգի ղեկավար տեսնում եմ, որովհետեւ ես ունեմ իմ մեջ պատկերացում, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ-ում ոստիկանը, ու կարծում եմ՝ իմ պատկերացումը սխալ չի, քանի որ ես տարիներ շարունակ, նաեւ քաղաքացիական պայքարի շնորհիվ, ունեցել եմ բավականին շփում այդ ոլորտի ներկայացուցիչների հետ եւ ունեմ լիարժեք պատկերացում համակարգի էության եւ բովանդակության մասին: Դրա համար ինձ եմ տեսել եւ մեր թիմային շրջանակում ասել եմ: Նախկինում այն կատակի պես են ընդունել, սակայն հիմա ՔՊ-ն դարձել է կառավարող կուսակցություն, եւ ես ինձ այդ կառույցի ղեկավար միշտ տեսել եմ, հիմա էլ եմ տեսնում եւ վաղն էլ եմ տեսնելու: Ունեմ լիարժեք պատկերացումը նրա մասին, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ ոստիկանը:
-Ստացվում է՝ ոստիկանապետ նշանակվելուն խոչընդոտեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագծի մերժո՞ւմը, որով հնարավորություն կտրվեր այդ պաշտոնում նշանակել նաեւ քաղաքացիական անձանց:
-Չեմ կարծում, թե օրենքն էր պատճառը: Դա պետք է լինի քաղաքական որոշում: Այս պահի դրությամբ վարչապետը նպատակահարմար չի տեսնում: Դրա մեջ, ես կարծում եմ, ոչ մի արտառոց բան չկա:
-Դուք էլ նշեցիք, թե քաղաքացիական կյանքում միշտ ակտիվ եք եղել, եւ այսօր նկատում ենք, որ Ձեր ընկերները, նաեւ այնպիսի անձինք, որ ավելի ուշ են սկսել պայքարը, բարձր պաշտոններ են զբաղեցնում: Արդյոք դա արդարացի՞ եք համարում, եւ ա՞յս պաշտոնն էր հենց արժանի Ձեզ:
-Իհարկե, անարդար չեմ համարում, ինչո՞ւ պետք է այդպիսին համարեմ: Հեղափոխությունից հետո բնական պրոցես է, ամեն մեկն իր մասով ստանձնել է պատասխանատվություն, որը պետք է կատարեն, եւ մարդիկ գործ են անում: Ես շատով կամ քչով չեմ ուզում բնութագրել մեր անցած ուղին: Մենք բոլորս ՔՊ-ի կազմում ենք եւ այդ գաղափարախոսության կրողն ենք: Չեմ կարծում, որ երկար կամ կարճ պայքարելը կապ ունի այս կամ այն պաշտոնին նշանակվելու համար:
-Նախկինում միշտ քաղաքականապես ակտիվ եք եղել քաղաքական գործընթացների առումով գնահատականներ տալու հարցում, սակայն այս վերջերս այնքան էլ ակտիվ չեք: Արդյոք ՔՊ վարչության անդամ դառնա՞լն է Ձեզ կաշկանդել:
-Ես չեմ հայտնում, քանի որ 6 ամիս մոտավորապես արձանագրել եմ, որ քաղաքական լռության ուխտի մեջ եմ: Դրա պատճառն այն է, որ ես ինքս իմ վրա կենտրոնանալու խնդիր ունեի: Բանակից հետո վերադառնալու դեպքում պետք է ընկնել քաղաքացիական կյանքի հունի մեջ, եւ բովանդակային որեւէ այլ խնդիր չկա: Վարչության կազմում ընդգրկվելը որեւէ կաշկանդվածություն չի ստեղծում, եւ ես վարչության նիստերի ժամանակ մշտապես իմ կարծիքն ակտիվ արտահայտում եմ:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ՀԿ-ՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ԹԱՓԱՆՑԻԿ. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԵՆ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փետրվարի 3-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել, որի օրակարգում ընդամենը մեկ հարց է լինելու:

Ըստ մեր տեղեկությունների՝ հանձնաժողով է հրավիրվել ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, որը կներկայացնի «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Մեր տեղեկություններով՝ կառավարությունը ցանկանում է ՀԿ-ների գործունեությունն ավելի թափանցիկ ու հաշվետվողական դարձնել, որպեսզի հանրությունը տեղեկանա, թե ինչ քայլեր ու գործողություններ են կատարում հայաստանյան ՀԿ-ները: Օրենքի նախագծի հարակից զեկուցողը լինելու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:
Իմքայլական պատգամավորի հետ զրույցում «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե ինչու որոշվեց փոփոխություններ կատարել ՀԿ-ների մասին օրենքում: «Փոփոխությունը վերաբերում է թափանցիկության ապահովմանը, խոսքը գնում է հաշվետվությունների հրապարակմանը, հաշվեկշռում եղած գույքի, այսինքն՝ այն ամեն ինչին, ինչը կապված է թափանցիկ աշխատելուն»,- հայտարարեց Հովհաննիսյանը:
Պատգամավորը նշեց, որ հասարակական կազմակերպությունները, իր կարծիքով, պետք է լինեն թափանցիկ, ինչպես բոլոր պետական կառույցներն են. «Իրենք հանրային գործունեություն են ծավալում, եւ դա շատ կարեւոր հանգամանք է՝ լինել թափանցիկ: Դեռեւս մնացած հարցերը կքննարկենք հանձնաժողովի նիստին ու ավելի մանրամասն կներկայացնենք հարցի էությունը»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

ՁԵՎԱՎՈՐՎԵՑ ԿԱԶՄԸ
Ինչպես հայտնի է, ավարտվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի՝ իրավաբան-գիտնական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ հանդիսացող անդամների թեկնածուների ընտրության արդյունքները: Եվ երեկ Արդարադատության նախարարությունը հրապարակեց, թե ովքեր են իրենց կողմից ընտրված թեկնածուները. նրանք են իրավաբան գիտնականներ Անահիտ Մանասյանը, Արթուր Ղամբարյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Թավադյանը, Լեւոն Գեւորգյանը եւ Տիգրան Մարկոսյանը, իսկ հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Զադոյանը եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը: Եվ այստեղ ուշագրավ է, որ, որպես իրավաբան-գիտնական, այդ հանձնաժողովի կազմում ընդգրկվելու հայտ էր ներկայացրել ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, որը, սակայն, Արդարադատության նախարարության կողմից չի ընտրվել: Բացի այդ, Բարձրագույն դատական խորհուրդը ՀՀ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմում աշխատելու համար առաջարկում է խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանի թեկնածությունը: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում ընդգրկվելու է 16 անձ: Ի պաշտոնե ընդգրկվելու են արդարադատության նախարարը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, ՄԻՊ-ը, նաեւ դատավորների ընդհանուր ժողովը 1 անդամ պետք է ներկայացնի, կազմում կլինեն 6 իրավաբան գիտնականներ, հասարակական կազմակերպությունների 2 ներկայացուցիչներ, մեկական ներկայացուցիչ էլ՝ խորհրդարանական յուրաքանչյուր խմբակցությունից: Եվ, ահա, «Իմ քայլ»-ից ներկայացված կլինի Վահագն Հովակիմյանը, ԲՀԿ-ից՝ Սերգեյ Բագրատյանը, «Լուսավոր Հայաստան»-ից էլ՝ Տարոն Սիմոնյանը, իսկ, ահա, Պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հանձնաժողովի կազմում կրկին ի պաշտոնե կընդգրկվի: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմն ամբողջությամբ հայտնի է, եւ փետրվարից նրանք կսկսեն իրենց աշխատանքները:

 

 

ՆՈՐ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նախաձեռնել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ռազմավարության եւ գործողությունների ծրագրի մեկ ամբողջական, համապարփակ եւ նպատակային փաստաթղթի մշակման աշխատանքներ։ Ինչպես հայտնի է, դեռեւս 2019 թ. հեկտեմբերի 3-ին կառավարության նիստում հաստատվել էր Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագիրը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովը հիմնական քննարկումները տանելու է հայտարարագրման համակարգի կատարելագործման, պետական կառավարման համակարգում կոռուպցիոն ռիսկերի գնահատման, կրթության բարձրացման ուղղությամբ:




Լրահոս