ԱՌԵՐԵՍՈՒՄ ՖՐԱՆԿԼԻՆ ԳՈՆՍԱԼԵՍԻ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը բավականին ակտիվ կերպով սկսել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի՝ նույն ինքը Ֆրանկլին Գոնսալեսի մասով քննչական գործողությունները: Մեր տեղեկություններով՝ ԱԱԾ-ում տեղի է ունեցել Նարեկ Սարգսյանի եւ իր դեմ առեւանգման մասով ցուցմունք տված անձի առերեսումը:

Ինչպես հայտնի է, 2018 թվականին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն էր դիմել Արամ անունով մեկը եւ Նարեկ Սարգսյանի գործողությունների վերաբերյալ հաղորդում ներկայացրել հանցագործության մասին: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել էր քրեական գործ: Քննության ընթացքում պարզվել էր, որ 2017 թվականին Երեւանում բնակվող 49-ամյա մի տղամարդու առեւանգել են ու ծեծի ենթարկել: Նախնական տվյալներով՝ տղամարդը ցանկացել է հիմնել գիշերային ակումբ, ուր պետք է այցելեին արտասահմանցի զբոսաշրջիկներ: Սակայն այդ մասին, իբր, իմացել է Նարեկ Սարգսյանը եւ թույլ չի տվել:
Արդյունքում, ըստ իրավապահների` օգոստոսի կեսերին Երեւանի բնակիչ Նարեկ Սարգսյանի թիկնազորի ղեկավարը` Արտեմ Պետրոսյանը, նրան հրավիրել է հանդիպման: Մայրաքաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում Պետրոսյանը այլ անձանց հետ տղամարդուն առեւանգել է ու տեղափոխել Նարեկ Սարգսյանի բնակության շենքի նկուղ: Այստեղ տղամարդուն ծեծել են, Սարգսյանը ատրճանակով սպառնացել է, որ կկրակի, ապա գազայրիչով վառել է մարմնի տարբեր մասերը` պատճառելով վնասվածքներ: Այնուհետեւ նրան տեղափոխել են Նորագավիթում գտնվող «Սկանյա» բեռնատարների սպասարկման սրահի վարչական շենք ու կրկին ծեծել: Տղամարդուն բաց են թողել, երբ նա հավաստիացրել է, որ գիշերային ակումբների գործունեությամբ այլեւս չի զբաղվելու: Հանցագործության մասին նախկինում չի հաղորդել:
Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը օրերս առերեսում է կազմակերպել Նարեկ Սարգսյանի եւ առեւանգված անձի՝ Արամի միջեւ: Նախ՝ առաջին խոսքը տրվել է Նարեկ Սարգսյանի դեմ ցուցմունք տված անձին` Արամին, եւ խնդրել են պատմել, թե ինչ է կատարվել իր հետ, եւ կոնկրետ ինչ է արել Նարեկ Սարգսյանը: Եւ, ահա, Արամը սկսել է պատմել, որ ցանկացել է ակումբ բացել, որ իրեն չեն թողել եւ գազայրիչով վառել են մարմնի տարբեր մասերը` պատճառելով վնասվածքներ եւ այլ մանրամասներ: Նախաքննական մարմինը բավականին երկար ժամանակ լսել է նրան եւ հայտարարել, որ այսքանով առերեսման համար սահմանված ժամկետը լրացել է, եւ մեկ այլ օր կրկին առերեսում կնշանակվի, եւ այդ օրը կլսեն նաեւ Նարեկ Սարգսյանին: Նշենք, որ մեզ հասած լուրերի համաձայն՝ Նարեկ Սարգսյանը, առերեսման ժամանակ լսելով իր մասին արվող հայտարարությունները, որեւէ բառ չի ասել:
Ի դեպ, մի ուշագրավ հանգամանք եւս. այս նույն քրեական գործի շրջանակներում Նարեկ Սարգսյանի երեք թիկնապահները այժմ կանգնած են դատարանի առաջ: Մասնավորապես, Սամվել Սոսյանին, Հարություն Աբրահամյանին եւ Հովհաննես Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք մի խումբ անձանց հետ, նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, բացահայտ եղանակով կատարել են անձի առեւանգում:
Երեք թիկնապահներն էլ կալանավորված են, եւ նրանց քրեական գործը քննվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ Ազգային անվտանգության ծառայությունը ծանուցում է ուղարկել Նարեկ Սարգսյանի թիկնապահներից Արտեմ Պետրոսյանին, որպեսզի ներկայանա ԱԱԾ՝ հարցաքննության:
Նշենք, որ Արտեմ Պետրոսյանը Նարեկ Սարգսյանի հետ 2018 թվականի հունիսի 22-ին մեկնել էր Մոսկվա այնտեղից որեւէ եվրոպական երկիր մեկնելու նպատակով, սակայն ավելի ուշ Արտեմ Պետրոսյանը վերադարձավ Հայաստան եւ ինքնակամ ներկայացավ իրավապահներին: Եվ, ահա, նրան էլ կանչել են ԱԱԾ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳՈՐԾՈՎ ՎՃԻՌԸ
2018 թվականի սեպտեմբերի 11-ին Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատինի համայնքապետարանի վարչական շենքի մոտ խոչընդոտվել էր «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողների մասնագիտական գործունեությունը: Միջադեպը դարձել էր քրգործի հիմք, եւ 1,5 տարի տեւած դատաքննությունից հետո՝ երեկ, դատարանը հրապարակեց որոշումը: Կարելի է ասել՝ «Ժողովուրդ» օրաթերթը հաղթեց դատարանում:
Իսկ ինչի՞ց էր սկսվել պատմությունը: 2018 թվականին Շատին համայնքի բնակիչների կողմից նույն համայնքի ղեկավարի հրաժարականը պահանջելու կապակցությամբ բնակիչները համայնքապետարանի դուռը փակ էին պահել: «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողները 2018թ. սեպտեմբերի 11-ին` ժամը 15:30-ի սահմաններում, գնացել էին Շատինի համայնքապետարանի վարչական շենք՝ իրավիճակը լուսաբանելու: Սակայն նույն համայնքի 4 բնակիչներ, նկատելով լրագրողներին, կանգնել էին նրանց առջեւ, վիճաբանության մեջ մտել նրանց հետ եւ արգելել մոտենալ համայնքապետարանի մուտքին` այդկերպ խոչընդոտելով լրագրողների մասնագիտական գործունեությանը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վայոց ձորի Շատին գյուղի 4 բնակիչներին մեղադրանք էր առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Նկատենք, որ դատարանում 4 մեղադրյալները այդպես էլ չէին ընդունում իրենց մեղքը, որ իրենք խոչընդոտել են լրագրողների մասնագիտական գործունեությունը, եւ մշտապես պնդում էին, թե չեն իմացել, որ նրանք լրագրողներն են: Սակայն դատարան ներկայացված փաստերը միանգամայն այլ բան էին ապացուցում:
1,5 տարի տեւած դատաքննությունից հետո Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանը կայացրել է մեղադրական դատավճիռ եւ լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչնդոտած անձանց՝ Ժաննա Խուդոյանին, Զվարթ Սմբատյանին, Գեղանուշ Եղոյանին, Շիրակ Հարունյանին պատիժ սահմանել տուգանքը՝ յուրաքանչյուրին 200 հազար դրամի չափով:
Հուսանք, որ կատարվածը դաս եղավ ե՛ւ գործով մեղադրյալների, ե՛ւ նրանց այդ քայլին դրդողների համար, որ օրենքի առաջ հավասար են բոլորը, եւ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը անթույլատրելի է:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է
Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է, եւ գործն ուղարկվել է դատարան: Հունվարի 10-ին քրեական գործի նախաքննությունն ավարտվել էր: Օրեր անց Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ գործը՝ մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: Քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է 5 անձ:

 

 

 

ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ ՉԿԱՆ
Մարդու իրավունքների պաշտպանն իրականացրել է այն բողոքների ամփոփումը, որոնք վերաբերում են ողջամիտ ժամկետում գործի քննությանը դատարաններում: Այդ բողոքները վերաբերում են նաեւ նրան, որ կոպիտ խախտումների, տարիներով գործերի ձգձգման դեպքում չկան պատասխանատվության մեխանիզմներ: Բողոքների հիմնական մասը վերաբերում է նրան, որ դատարաններում գտնվող գործերի քննությունը տարիներ է տեւում, որ արդյունքում խախտվում է դատարանի կողմից անձանց գործի՝ ողջամիտ ժամկետում քննության սահմանադրական իրավունքը, իսկ նման դեպքերում նրանց խախտված իրավունքի վերականգնման արդյունավետ կառուցակարգեր առկա չեն:

 

 

 

ՏԱՐԱԾՎՈՒՄ Է
«2019թ. նոր կորոնավիրուսը, որը Չինաստանում արդեն 106 հոգու մահվան պատճառ է դարձել, շարունակում է տարածվել: Հայաստանը դեռեւս չունի այս վիրուսի բացահայտման լաբորատոր թեստ՝ ռեագենտ»,- այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Լիանա Թորոսյանը: Պատճառն այն է, որ մեր երկիրը համարվում է կորոնավիրուսի տարածման ցածր ռիսկայնություն ունեցող. Չինաստանից ՀՀ ուղիղ չվերթներ չկան: Խնդիրը կարող է լուծվել մոտակա օրերի ընթացքում: Այս պահին ՀՀ հիվանդանոցներից մեկում բժիշկների հսկողության տակ են գտնվում Չինաստանի երկու քաղաքացի: Հիմա Չինաստանի Ուհան քաղաքում 6 հայ կա՝ 3-ն ուսանողներ են, 3-ը՝ պայմանագրային հիմունքներով աշխատակիցներ:

 

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ
Վերաքննիչ դատարանի որոշմամբ «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանը կալանավորվել է: Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, 2019թ. դեկտեմբերի 21-ին որոշել էր բավարարել Կարապետյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը՝ միաժամանակ թույլատրելի համարելով գրավի կիրառումը: Նա ազատ էր արձակվել 3 միլիոն դրամ գրավի դիմաց: Դատարանի այս որոշումն էլ Դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան: Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

 

 

ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Նախօրեին Երեւանում դանակահարության դեպք է տեղի ունեցել. «Աստղիկ» բկ-ից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Պարզվել է, որ վիրավորը Երեւանի բնակիչ 55-ամյա Արթուր Հ-ն է: Նույն օրը նրա եւ Երեւանի բնակիչ 38-ամյա Հայկ Դ-ի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է Արթուր Հ-ին: Հայկ Դ-ն դեպքից ժամեր անց ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժին:

 

 

ԴԻ՝ ՀՐԱԶԴԱՆ ԳԵՏՈՒՄ
Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանով անցնող Հրազդան գետում տղամարդու դի կա:




Լրահոս