ԱՆՁԵՐԻՆ ՉԻ ԴՆՈՒՄ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, հայտնի են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի՝ իրավաբան-գիտնական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ հանդիսացող անդամների թեկնածուների ընտրության արդյունքները: «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել Անահիտ Մանասյանին, որը ընտրվել է հանձնաժողովի անդամ՝ որպես իրավաբան-գիտնական:

-Տիկի՛ն Մանասյան, Դուք ընդգրկվել եք Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում: Ըստ Ձեզ՝ ո՞ր արժանիքի համար են Ձեզ ընտրել:
-Ինքս իմ արժանիքների մասին սովորաբար չեմ խոսում: Մարդու ցանկացած ինքնագնահատական սուբյեկտիվ է, եւ միշտ չէ, որ իրականությունն օբյեկտիվ է ներկայացնում: Կարծում եմ, որ կենսագրականիս ու մասնագիտական գործունեությանս ծանոթանալը կարող է լավագույն տարբերակը լինել սահմանադրական կայունության, սահմանադրական զարգացումների եւ, ընդհանուր առմամբ, սահմանադրական իրավունքի բնագավառում ունեցած ձեռքբերումներս գնահատելու համար:
-Մի փոքր կպատմե՞ք Ձեր մասին, որ հանրությունը մեր միջոցով տեղեկանա, թե ինչ գործունեությամբ եք զբաղվել մինչեւ այժմ. լայն շերտերի համար անհայտ կերպար եք:
-Զուտ փաստեր արձանագրեմ՝ առանց որեւէ գնահատականի: Սովորել եմ Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: Աշխատանքային գործունեությունս սկսել եմ դեռեւս ուսանողական տարիներից: Աշխատել եմ Արդարադատության նախարարությունում, Սահմանադրական դատարանում: Այժմ Արդարադատության ակադեմիայի պրոռեկտորն եմ, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու: Սովորել եմ նաեւ ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում: Ստաժավորում եմ անցել Հունգարիայի Սահմանադրական դատարանում: Որպես փորձագետ մասնակցել եմ միջազգային տարբեր կառույցների (ԵԱՀԿ, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողով եւ այլն) կողմից սահմանադրական իրավունքին առնչվող տարատեսակ հարցերի վերաբերյալ եզրակացությունների նախապատրաստման գործընթացներին: Հակիրճ երեւի թե այսքանը:
-Ինչպիսի՞ քաղաքական հայացքներ ունեք եւ որքանո՞վ եք կիսում իշխանությունների վարած քաղաքականությունը:
-Մասնագիտական գործունեության տեսանկյունից մշտապես կարեւորել եմ պրոֆեսիոնալիզը, անկախությունն ու անաչառությունը: Այդ է պատճառը, որ քաղաքական գործունեությամբ երբեւէ չեմ զբաղվել եւ չեմ զբաղվում: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում եւս իմ գործունեությունը զուտ որպես փորձագիտական եւ մասնագիտական եմ ընկալում: Դա առանցքային է սահմանադրական զարգացումների պատշաճ գործընթաց երաշխավորելու տեսանկյունից: Հետեւաբար, նշված գործընթացը չձեւախեղելու, իմ մասնագիտական գործունեության հիմքում դրված սկզբունքները պահպանելու նպատակով, որպես սահմանադրագետ Անահիտ Մանասյան, ձեռնպահ կմնամ քաղաքական բնույթի հարցադրումներին արձագանքելուց:
-Սահմանադրական դատարանում ճգնաժամ տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ, եւ համակարծի՞ք եք, որ այդ հարցը պետք է կարգավորվի հենց սահմանադրական փոփոխություններով:
-Սա շատ խորը եւ բազմաշերտ հարցադրում է, որին պրոֆեսիոնալ պատասխան հնչեցնելը տարատեսակ հարթություններ ընգրկող լայնածավալ վերլուծության ներկայացում է ենթադրում: Նման հակիրճ հարցազրույցի շրջանակում ընդհանրական պատասխանի ներկայացումը անլուրջ կլինի եւ միանշանակ չի բավարարի պրոֆեսիոնալիզմի այն չափանիշներին, որոնց մասին արդեն խոսեցի:
-Եթե Ձեր առջեւ պայման դրվի՝ մշակել այնպիսի նախագիծ, որը կօգնի հենց ազատվել ՍԴ նախագահից, Դուք ինչպիսի՞ դիրքորոշում կունենաք:
-Հիշյալ համատեքստում խոսքը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մասին է, որն ինքը պետք է մշակի սահմանադրական անհրաժեշտ փոփոխությունների նախագիծը: Ես սահմանադրագետ եմ եւ իմ մասնագիտական գործունեության առանցքում երբեւէ չեմ դրել անձերին կամ հատվածական իրավիճակներ: Ինձ համար մասնագիտական գործունեության տեսանկյունից սկզբունքային է հիմնախնդիրներին առնչվող չափանիշների մշակումը եւ, անկախ կոնկրետ անհատներից կամ հատվածական իրավիճակներից, դրանց գործարկումը: Այս ամենի հիմքում էլ ինձ համար ընկած են պրոֆեսիոնալիզմի, դրա կարեւոր նախապայման հանդիսացող անկախության եւ անաչառության, մասնագիտական էթիկայի պահանջները: Իմ ցանկացած գործունեություն, այդ թվում՝ նշյալը, կառուցել եմ եւ կառուցելու եմ ներկայացված չափանիշների պահպանմամբ:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

 

ԱԿՆԱՐԿԵԼ ԵՆ, ՈՐ ՍՈՐՈՍԱԿԱՆ ՀԿ-ՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ

Երեկ խորհրդարանում տեղի է ունեցել ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով ստեղծված աշխատանքային խմբի փակ նիստը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նիստը բավականին ակտիվ է անցել, անգամ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Շաքե Իսայանը եւ Արման Աբովյանը հայտարարել են, որ իրենք ժամանակավոր դադարեցնում են իրենց աշխատանքները խմբի կազմում:

Ըստ մեր տեղեկությունների՝ ԲՀԿ-ականները տեղում պարզել են, որ աշխատանքային խմբին թույլատրել են միանալ «Բաց հասարակության հիմնադրամին» եւ «Կանանց ռեսուրսներ» կենտրոնին, ու Աբովյանը ակնարկել է, որ իրենց հանրությունը կմեղադրեր սորոսականների հետ նույն աշխատասենյակում աշխատելու համար, ուստի այդ հարցը պետք է քննարկեն:
Նշենք, որ նիստին երեկ մասնակցել են Ազգային ժողովի իմքայլական պատգամավորները, ԲՀԿ-ական նշված երկու պատգամավորները, ՄԻՊ գրասենյակի, Գլխավոր դատախազության, Արդարադատության նախարարության եւ Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ: Ըստ մեր տեղեկությունների՝ ԲՀԿ-ականներն ի սկզբանե հայտարարել են, թե պետք է երկարացնել հասարակական կազմակերպությունների դիմելու վերջնաժամկետը եւ փոխել ընտրության սկզբունքները՝ հնարավորություն տալով այլ հասարակական կազմակերպություններին եւս մասնակցել աշխատանքներին:
Չնայած իմքայլականները համաձայն չեն եղել առաջարկի հետ՝ պատճառաբանելով, որ բավականին ժամանակ էր տրվել ՀԿ-ներին միանալ իրենց աշխատանքին, բայց, այնուամենայնիվ, Շաքե Իսայանի առաջարկը դրվել է քվեարկության, աշխատանքային խումբն էլ մերժել է, ինչից հետո ԲՀԿ-ականները հայտարարել են, որ իրենք միառժամանակ դադարեցնելու են իրենց աշխատանքները:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Շաքե Իսայանն ասաց, որ իրենք իրենց հետագա աշխատանքի շարունակականությունը կքննարկեն խմբակցությունում. եթե որոշում լինի, այնուամենայնիվ, շարունակել իրենց աշխատանքը, ապա իրենք կվերադառնան աշխատանքային խումբ: Իսկ հանձնաժողովի նախագահ, իմքայլական պատգամավոր Սարգիս Խանդանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց. «Վերջնաժամկետը (հունվարի 20) եւ ընտրության սկզբունքները հաստատվել էին աշխատանքային խմբի 2019թ. դեկտեմբերի 24-ի նիստի ընթացքում քվեարկությամբ, որին կողմ են արտահայտվել նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները»:
Փաստորեն, դեռեւս չսկսած աշխատանքը՝ արդեն խնդիրներ են առաջացել, բայց թե, ի վերջո, այս աշխատանքային խումբն ինչի կկարողանա հասնել, դեռեւս մշուշոտ է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

ՉԵԶՈՔԱՑՆՈՒՄ ԵՆ
ՔՊԿ վարչությունը լիազորել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին ներկայացնել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ անելու մասին նախագիծ:
Նշենք, որ այժմ ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու 2 ճանապարհ կա՝ հանրաքվեի միջոցով կամ ԱԺ-ի երկու երրորդով՝ Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն: Բացի այդ, այժմ Սահմանադրության 72-րդ հոդվածում ամրագրված է, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի ընդունումից առաջ Ազգային ժողովը դիմում է ՍԴ:
Իսկ ի՞նչ է առաջարկում ՔՊ-ն: Այս պարտադիր նորմը ցանկանում են հանել եւ ամրագրել, որ «Մինչեւ Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունումը Սահմանադրական դատարան կարող է դիմել Ազգային ժողովը»: Այսինքն՝ պարտադիրը դարձնել ոչ պարտադիր նորմ: Եվ, որպես պատճառաբանություն, նշվում է, թե Սահմանադրության 15-րդ գլխում չկա ՍԴ դիմելու միջոցով Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը ստուգելու պարտադիր պահանջ:
Նշենք, որ այժմ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ կետով՝ ՀՀ նախագահին տրվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների տեքստը ստորագրելու եւ հրապարակելու լիազորություն: ՔՊ-ն առաջարկում է նաեւ դա հանել օրենքից:
Նկատենք, որ վերը նշված փոփոխությունները պատահական չեն. բանն այն է, որ այժմ իշխանությունները լծվել են սահմանադրական փոփոխությունների գործին եւ այսպիսի փոփոխություններով փորձում են չեզոքացնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ բոլոր փոփոխությունները կատարելով միայնակ Ազգային ժողովի միջոցով:

 

 

ՆՈՐ ԼՍՈՒՄՆԵՐ
Փետրվարին նախատեսվում է անցկացնել խորհրդարանական լսումներ` «ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման ընթացքը» խորագրով: Իսկ մինչ այդ՝ երեկ, խորհրդարանում անդրադարձ է եղել այդ համաձայնագրի կիրարկման գործընթացում հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության դերակատարությանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այն ակտիվացնելու համար նախատեսվում է մոտ ժամանակներս ստեղծել քաղաքացիական հասարակության հարթակ: Նկատենք, որ այս դրույթը նախատեսված է համաձայնագրով, սակայն ստեղծման աշխատանքները մշտապես հետաձգվել են հայկական եւ եվրոպական կողմի բանակցությունների պատճառով: Եվ, ի վերջո, որոշում է կայացվել, որ ընդգրկված կլինի ընդհանուր 10 հոգի, որից չորսը՝ ՀՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, ընդ որում՝ ռոտացիոն կարգով, սակայն անուններ դեռ հայտնի չեն:




Լրահոս