«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախօրեին Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող ՔՊԿ գրասենյակում տեղի ունեցած ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստը տեւել է մոտ 4 ժամ: Դռնփակ նիստի ժամանակ բավականին ակտիվ քննարկում է տեղի ունեցել օրակարգում ներառված երկու հարցի շուրջ:
Նախ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարությունը հայտարարել է, որ պետք է ամեն ինչ անեն՝ առաջիկա խորհրդարանական նիստերն անցնեն առողջ մթնոլորտում, իսկ երկրորդ թեման վերաբերել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին. իմքայլականները քննարկել են բոլոր տարբերակները Թովմասյանից շուտափույթ «ազատվելու» համար:
«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել է պարզել, որ խմբակցության ղեկավարությունը հայտարարել է, թե պետք է հստակեցնել՝ ինչ մեխանիզմով պետք է աշխատել խորհրդարանում, քանի որ վերջին նիստերի ժամանակ կրքերը թեժ էին, ու պետք է ամեն ինչ անել դրանք թուլացնելու համար: Ներկա պատգամավորներից մի քանիսը հայտարարել են, որ ընդդիմությունն է ամեն անգամ իր հայտարարություններով սադրում, ինչին էլ իրենք պատասխանում են: Սակայն իշխանական ֆրակցիայի ղեկավարությունը հայտարարել է, որ իրենք պետք է իրենց պահվածով ամեն ինչ անեն, չտրվեն սադրանքների, հակառակ դեպքում խորհրդարանում շարունակվելու են «ռազբորկաները»:
Հաջորդ հարցը, որը իմքայլականները քննարկել են իրենց փակ նիստում, եղել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ամեն գնով գահընկեց անելու հարցը: Բանն այն է, որ իշխանությունները որոշել են 10-15 օրվա ընթացքում գտնել այն մեխանիզմները, որոնց շնորհիվ իրենց կհաջողվի ի վերջո ազատվել Հրայր Թովմասյանից: Իմքայլականներից շատերը հայտարարել են, որ, իրենց կարծիքով, իրավական պրոցեսներն այլեւս սպառված են, ու իշխանությունները պետք է անցնեն այլ մեխանիզմների:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից օր առաջ ազատվելու տարբերակներ շատ են առաջարկվել: Վերջնական որոշում են կայացրել այդ պարտավորությունը դնել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եւ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի վրա: Իսկ քանի որ այժմ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ նստաշրջանին է մասնակցում, պետք է մի քանի օր սպասեն, մինչեւ վերադառնա:
Իմքայլականները վրդովվել են, որ Հրայր Թովմասյանը տարիներ առաջ Սահմանադրությունը «կարել է» այնպես, որ ՍԴ նախագահից ազատվելն անհնար լինի:
Նշենք, որ, որպես իրավական ճանապարհ, ըստ էության, մնացել է մեկը՝ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորել Հրայր Թովմասյանին, որից հետո միայն հնարավոր կլինի ցրել ՍԴ-ն ու նոր կազմ հավաքել:
Իսկ ինչպե՞ս է կազմակերպվելու գործընթացը: «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում հստակ սահմանվում է, որ նախ եւ առաջ, եթե դատարանը որոշում կայացնի, որ պետք է կալանավորել ՍԴ նախագահին, ապա դրա թույլտվությունը պետք է տա Սահմանադրական դատարանը: Եթե անգամ գտնվի մի դատավոր, որ որոշում կայացնի կալանավորել Հրայր Թովմասյանին, ապա այդ դեպքում ընդամենը կասեցվելու են ՍԴ նախագահի լիազորությունները մինչեւ դատարանի վերջնական որշում կայացնելը, որի ժամանակ չեն կարողանալու ո՛չ ՍԴ նախագահ եւ ո՛չ էլ դատավոր ընտրել: Թե ինչպես Թովմասյանի կալանքի հարցը հանգուցալուծում կստանա, դեռեւս իշխանություններն էլ չեն կարողանում հասկանալ:
Ի դեպ, երեկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը ԱԱԾ-ում հաղորդում է տվել: «Դեպքը վերջին ամիսիներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված գործողությունների մասին է, որոնք, իմ գնահատմամբ, հանցագործության հատկանիշներ են պարունակում՝ պաշտոնական դիրքի չարաշահում, իր հրապարակային կոչերում առկա են սահմանադրական կարգի հիմունքների, ինչպես նաեւ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործության առերեւույթ հատկանիշներ: Այս քրեական գործը քննելու դժվարություններ չեն լինի, քանի որ տվյալ կոչերը եղել են հրապարակային, պահպանվում են Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում»,- հայտարարել է Միհրան Պողոսյանը:
Այսպիսով, Հրայր Թովմասյան-իշխանություն հարաբերությունները օր օրի լարվում են:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԻՐԱՎԻՃԱԿԸ ԲԱՆԱԿՈՒՄ
Հունվարի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ 2019 թվականի ընթացքում Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի քանակի պատմական մինիմում է արձանագրվել: «Այսինքն՝ մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին»,- հայտնել էր ՀՀ վարչապետը: Սակայն նկատենք, որ ՀՀ վարչապետի հայտարարությունից հետո անվերահսկելի իրավիճակ է ստեղծվել ՀՀ զինված ուժերում, եւ դեպքերը մեկը մյուսին հաջորդում են:
Մասնավորապես, հունվարի 23-ին՝ 06:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորում էին ստացել ՊԲ զինծառայողներ 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը եւ 2000թ. ծնված Արմեն Մեսրոպյանը:
Իսկ բանակի օրը՝ հունվարի 28-ին՝ ժամը 2:55-ի սահմաններում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորում է ստացել 20-ամյա զինծառայող Նվեր Ավետիսյանը:
Երեկ էլ հերթական ողբերգական դեպքն է գրանցվել. ՊԲ զորամասերից մեկում ժամկետային զինծառայողը, ըստ նախնական վարկածի, ինքնասպան է եղել: Այսինքն՝ մեկ շաբաթվա մեջ արդեն 3 դեպք՝ երկուսը ծանր վիրավոր են, մեկը՝ մահացավ: Ո՞վ պետք է պատասխան տա այս իրավիճակի համար: Ըստ ամենայնի, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն անտեսում է ՀՀ վարչապետի խոսքը, եւ զինված ուժերում իրավիճակը ինքնահոսի է:
ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փետրվարի 5-ին խորհրդարանում նախատեսված է Ամուլսարի շահագործման տարածքում առկա պատմամշակութային հուշարձանների պահպանության թեմայով քննարկում: Այն կազմակերպել է Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը: Մեր տեղեկություններով՝ հանդիպմանը ներկա են լինելու Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնից Հակոբ Սիմոնյանը եւ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը: Հնէաբանները ուսումնասիրել են Ամուլսարի հանքի տարածքը եւ այնտեղ հայտնաբերել պատմամշակութային նշանակություն ունեցող շինություններ, եւ հենց այդ նիստում նրանք մանրամասներ կներկայացնեն իրավիճակից եւ կապացուցեն, որ անհնար է Ամուլսարի հանքը շահագործել: Հանձնաժողովի անդամները թեժ եւ բացահայտումներով լի նիստ են խոստանում:
ՄԱՔՍԱՅԻՆ ԿՑՈՐԴ
ՀՀ կառավարության նիստում որոշվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից Հայաստանի մաքսային կցորդ նշանակել Արամ Թանանյանին: Հարցը ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: «Նա երկար տարիներ աշխատել է պետական կառավարման համակարգում՝ զբաղեցնելով ղեկավար պաշտոններ՝ Անվտանգության խորհրդի աշխատակազմում, ԱԻՆ վարչությունում, Փրկարար ծառայությունում»,-ասել է նա:
ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ
Ադրբեջանի եւ Ֆրանսիայի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ պետությունների ղեկավարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տիրող իրավիճակը: Ադրբեջանի նախագահը մեկ անգամ եւս ֆրանսիացի պաշտոնակցին հայտնել է հակամարտության վերաբերյալ Բաքվի դիրքորոշումը: Բացի այդ, կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության, տնտեսական կապերի ընդլայնման հարցեր: Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ:
15 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Կենտրոնական բանկը այսօր արտարժույթի շուկայից իրականացրել է 15 միլիոն դոլարի գնում. այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այսպիսով այս տարվա ընթացքում շուկայից գնված դոլարի ծավալը հասավ 20 միլիոնի: «Սա վկայում է, որ դեպի Հայաստան արտարժույթի մեծ ներհոսքը շարունակվում է: Սա նշանակում է, որ լավ տնտեսական տարի ենք սկսել»,- ասել է վարչապետը:
14%-ՈՎ ՔԻՉ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) անցած տարի ընդդեմ Հայաստանի 41 դիմումների վերաբերյալ վճիռներ է կայացրել: Այս մասին ասվում է ՄԻԵԴ-ի հրապարակած տարեկան զեկույցում: Հայաստանում գրանցվել է 1631 գործ, ինչը 14%-ով քիչ է՝ համեմատած 2018-ի հետ: Ընդհանուր առմամբ Հայաստանին վերաբերող 372 դիմում անընդունելի է ճանաչվել: Անցած տարի ՄԻԵԴ-ը 63 բողոք է փոխանցել ՀՀ կառավարությանը: Մեկ տարվա ընթացքում կայացվել է 20 որոշում, որոնցում նշվել է մարդու իրավունքների առնվազն մեկ խախտում:
ԵՐԿՐԱՇԱՐԺ
Երեկ Սպիտակ քաղաքից 10 կմ հարավ-արեւելք գրանցվել է 2.2 մագնիտուդով երկրաշարժ՝ օջախի 10 կմ խորությամբ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
ԿՄԵԿՆԻ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան: Նա Ալմաթիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Նախատեսվում են երկկողմ հանդիպումներ:
ԿԲԱՐՁՐԱՆԱ
Այսօր Հայաստանի հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում են տեղումներ: Առանձին շրջաններում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Տեղ-տեղ սպասվում է քամու ուժգնացում: Օդի ջերմաստիճանը կբարձրանա: Երեւանում երեկոյան սպասվում է անձրեւ: