Ի՞ՆՉ Է ԱՍԵԼ ԲԱՆՏԱՊԵՏԸ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 25-ին Կապանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀՔԾ է հրավիրվել հարցաքննության եւ մեկ քրեական գործով ճանաչվել է որպես տուժող:

«2010թ.-ին «Կոշ» ՔԿՀ-ում դիմակավորված անձինք ինձ վրա հարձակում էին գործել: Ճիշտն ասած, երբ ես դարձա վարչապետ, հիշեցի այդ գործի մասին: Մտածում էի` ես հիմա այս գործով պետք է հետաքրքրվեմ, թե չհետաքրքրվեմ: Հետո մտածեցի, որ ամոթ է, հիմա էլ պիտի ասեն` սկսել է իր անձնական գործերով զբաղվել»,- պատմել էր ՀՀ վարչապետ Փաշինյանը:
Ըստ վարչապետի` վերջերս, մի քաղաքացի հայտնել է, որ տեղյակ է` ով է այդ հարձակումը կազմակերպել, դիմում է գրել ու գնացել է այդ հարցով ցուցմունք տալու, տվել է կոնկրետ մարդկանց անուններ:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահներին դիմում գրած անձը հայտնել է «Կոշ» ՔԿՀ-ում այն ժամանակ պատիժ կրող անձանց անուններ, որոնց հրահանգով էլ տեղի է ունեցել հարձակումը: Սակայն դատելով իրավիճակից՝ դատապարտյալներին կոնկրետ անձինք են պատվերը տվել, որն էլ պետք է բացահայտի Հատուկ քննչական ծառայությունը:
Իսկ ինչպե՞ս էր տեղի ունեցել 2010 թվականին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա հարձակումը:
Մասնավորապես, 2010 թվականի նոյեմբերի 11-ի գիշերը «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հարձակվել էին «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի վրա:
Հրապարակվել էր, որ ժամը 3:00-ի սահմաններում դիմակավորված երկու անձ քրեակատարողական հիմնարկի խցում հարձակվել են քնած վիճակում գտնվող Նիկոլ Փաշինյանի վրա եւ ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել, իսկ երբ աղմուկ է բարձրացել, փախել են:
Հարձակումը եղել է մի փոքր խցում, որտեղ Նիկոլ Փաշինյանի հետ միասին եւս 18 դատապարտյալներ են պահվել, իսկ անվտանգության աշխատակիցների քանակը չափազանց քիչ է եղել դատապարտյալների անվտագությունն ապահովելու համար: Հարձակման մասին ահազանգել են Նիկոլ Փաշինյանի հարազատները:
Կատարվածի մասին 2010 թվականին նաեւ հայտարարություն էր տարածել քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունը՝ հերքելով, որ Նիկոլ Փաշինյանի վրա ընդհանրապես հարձակում է եղել:
«Գիշերվա ժամը 2:50-ին դատապարտյալը սկսում է աղմկել եւ հայտարարել, որ «սպեցնազ»-ի երկու դիմակավորված աշխատակիցներ հարձակվել են իր վրա: Անմիջապես միացվում է կացարանի լուսավորությունը, եւ նույն կացարանում գտնվող թվով 18 դատապարտյալները բացատրում են վերջինիս, որ խցում որեւէ դիմակավորված աշխատակից չկա: Աղմուկի վրա արդեն 2 րոպե անց խուց են մտնում ՔԿՀ-ի աշխատակիցները եւ հիմք ընդունելով դատապարտյալի հայտարարությունը՝ վերջինիս հրավիրում են հերթապահ մաս` հանգամանքները պարզելու, այդ թվում` բուժզննության համար: Քննության արդյունքներով որեւէ մարմնական վնասվածք չի հայտնաբերվում, իսկ խցում գտնվող դատապարտյալները բացատրություն են տալիս այն մասին, որ որեւէ բռնության փորձ չի եղել, իսկ ոմանք կարծիք են հայտնում, որ հավանաբար դա Նիկոլ Փաշինյանի գիշերային երազների շարքից է»:
Ու մինչ նախկինները կատարվածը որակել են Նիկոլ Փաշինյանի երազների շարքից, այսօր պարզվում է, որ կատարվածը ոչ միայն իրականություն է եղել, այլեւ հիմա հայտնվել են մարդիկ, որոնք 10 տարի անց գործով կոնկրետ անձանց մասին նորություններ են հայտնել իրավապահներին՝ անուններ տալով:
Իսկ ովքե՞ր են եղել 2010 թվականի քրեկատարողական ծառայության պաշտոնատար անձինք, հետեւաբար նաեւ վերը նշված դեպքի պատասխանատուները: ՀՀ արդարադատության նախարարը այդ ժամանակ եղել է Հրայր Թովմասյանը: Քրեակատարողական վարչության պետ է եղել Հայկ Հարությունյանը, որը 2019 թվականին ինքնասպան եղավ իր բնակարանում:
2008 թվականից մինչեւ 2011 թվականը «Կոշ» ՔԿՀ պետ է եղել Լյովա Բաղդասարյանը, որը 2019 թվականին կաշառքի գործով ԱԱԾ-ի կողմից կալանավորվեց եւ օրերս 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պատասխանատուների հետ կապվել՝ հասկանալու համար, թե ինչու են դիմակավորված անձինք կալանավայրում քնած Նիկոլ Փաշինյանին ծեծի ենթարկել, եւ ում հրամանն է, ի վերջո, դա եղել:
Դե Հայկ Հարությունյանն այլեւս չկա: Հրայր Թովմասյանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Լյովա Բաղդասարյանի հետ: Նա ասաց, որ այդ թեմայի շուրջ զրուցել է իր փաստաբանի հետ եւ որեւէ բան չի կարող ասել. «Ես այդ մասին խոսել եմ փաստաբանիս հետ, խոսե՛ք իր հետ»: Բնականաբար, զրուցեցինք նաեւ Լյովա Բաղդասարյանի պաշտպան Հրայր Անանյանի հետ, որն ասաց.«Այդ կազմակերպված հարձակման մասին պարոն Բաղդասարյանը ասել է, որ որեւէ կապ չունի եւ չի կարող ունենալ. այլ բան չեմ կարող մեկնաբանել, քանի որ իրեն այդ մասով որեւէ մեղադրանք չկա առաջադրված»:
Այսպիսով, թեեւ քննություն է ընթանում ՀՔԾ-ում, սակայն մինչ օրս չի պարզվել՝ ով, ինչու, ում հրամանով է կազմակերպել նախկին քաղբանտարկյալ, այսօր արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա հարձակումը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԳՈՆՍԱԼԵՍԸ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՉԻ ՏԱԼԻՍ
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունը բավականին ակտիվ կերպով սկսել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի, նույն իր՝ Ֆրանկլին Գոնսալեսի մասով քննչական գործողությունները: Մեր տեղեկություններով՝ ԱԱԾ-ում տեղի է ունեցել Նարեկ Սարգսյանի եւ մեկ այլ թիկնապահի՝ Արտեմ Պետրոսյանի հարցաքննությունը եւ առերեսումը: Նշենք, որ Արտեմ Պետրոսյանը Նարեկ Սարգսյանի հետ 2018 թվականի հունիսի 22-ին մեկնել էր Մոսկվա այնտեղից որեւէ եվրոպական երկիր մեկնելու նպատակով, սակայն ավելի ուշ զղջաց, վերադարձավ Հայաստան եւ ինքնակամ ներկայացավ իրավապահներին: Եվ, ահա, երեկ նրան էլ կանչել են ԱԱԾ՝ առերես հարցաքննության:
Արտեմ Պետրոսյանի եւ Նարեկ Սարգսյանի առերեսումից մեզ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, Արտեմ Պետրոսյանը իրավապահներին հայտնել է, որ ինքը եղել է Նարեկ Սարգսյանի թիկնապահը եւ ամեն օր՝ ժամը 14:00-ին կամ 15:00-ի սահմաններում, գնացել է նրա տան բակ եւ սպասել, թե Նարեկ Սարգսյանը երբ կարթնանա, ուր կգնա, որ ապահովի նրա անվտանգությունը: Իրավապահները նրանից հետաքրքրվել են, թե ում հետ է հանդիպել Նարեկ Սարգսյանը, ինչ է խոսել: Արտեմ Պետրոսյանը հայտնել է, որ ի զորու չէր տեղեկանալ, թե ում հետ է նա հանդիպում եւ, առհասարակ, ինչ է խոսում, քանի որ Նարեկ Սարգսյանը ում հետ էլ որ հանդիպել է, նա ընդամենը կանգնել է դրսում, ապահովել նրա անվտանգությունը եւ այլ բանից տեղյակ չէ:
Թիկնապահ Արտեմը քննիչներին պատմել է ստացած հանձնարարականներից մեկի մասին. Նարեկ Սարգսյանը հանձնարարել է, որ իր համար վարձով բնակարան գտնի, որպեսզի գնա, մնա այդ բնակարանում, բոլորի աչքից հեռու լինի: Վարձով բնակարանը գտել է, որի համար վճարել է 300 հազար դրամ: Երբ եկել է ճամպրուկները տեղափոխելու պահը, այդ ժամանակ Արտեմ Պետրոսյանի մեջ կասկածներ են առաջացել, եւ նա Նարեկին հարցրել է՝ ճամպրուկներում «զիբիլ-միբիլ» չկա՝ թերեւս նկատի ունենալով թմրամիջոցներ: Նարեկ Սարգսյանն էլ վստահեցրել է, որ ոչ, անգամ երդվել երեխայի արեւով: Այս ամենից հետո Արտեմ Պետրոսյանը կատարել է Նարեկ Սարգսյանի հանձնարարականը:
Արտեմ Պետրոսյանը պատմել է, որ հունիսի 2-ին Նարեկ Սարգսյանն ասել է, թե պետք է գնա Մոսկվա, եւ հորդորել դա անել միասին: Գնացել են Մոսկվա, եւ մի քանի օր անց Արտեմը հեռուստատեսությամբ լսել է, թե ինչ է կատարվում, եւ հենց իր մասին ինչ են հայտնում իրավապահները: Դրանից հետո վիճել է Նարեկ Սարգսյանի հետ` ասելով, թե այս ինչ պատմության մեջ է իրեն գցել, ապա հեռացել է Նարեկ Սարգսյանից, վերադարձել Հայաստան ու ներկայացել իրավապահներին: Երբ Արտեմ Պետրոսյանը պատմել, ավարտել է, նախաքննական մարմնի ներկայացուցիչը հետաքրքրվել է ճամպրուկների մասով՝ Նարեկ Սարգսյանից ճշտելով՝ ինչ կարող է ասել, ճշմարիտ է, թե ոչ: Ի պատասխան՝ Նարեկ Սարգսյանն ասել է, թե հիվանդ է եւ ցուցմունք չի կարող տալ:
Այսպիսով, առերես հարցաքննության այս փուլն ավարտվել է:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

696.000 ԵՎՐՈՅԻ ԽԱԽՏՈՒՄ
«Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա նախապատրաստվել են նյութեր ընկերության նախկին տնօրենի ապօրինությունների մասին: Ըստ նախնական տեղեկությունների՝ նախկին տնօրենը 2017թ. կնքել է 696.000 եվրո արժեքով «Մետրոպոլիտենի վագոնների հիմնանորոգման եւ արդիականացման աշխատանքների կապալի» պայմանագիր՝ մի շարք խախտումներով, վատնման եղանակով հափշտակել 624.000 եվրո: Չարաշահելով պաշտոնեական լիազորությունները՝ 2017-2019թթ. խախտումներով իր մերձավորների անվամբ ՀՀ-ում, ինչպես եւ արտերկրում գործող մի շարք տնտեսվարողներից իրականացրել է ընդհանուր 734.741.890 դրամի միանձնյա գնում, ինչի հետեւանքով ընկերության օրինական շահերին պատճառվել է էական վնաս: Հարուցվել է քրեական գործ:

 

 

ԿԲԱՐՁՐԱՆԱ 30 ՏՈԿՈՍՈՎ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվել է Քրեակատարողական ծառայության աշխատողների աշխատավարձը բարձրացնել 30 տոկոսով: Ըստ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ այս պահի դրությամբ Քրեակատարողական ծառայությունում առկա է 170 թափուր հաստիք, հիմնականում կրտսեր խմբի աշխատողների մասին է խոսքը, որն ամենառիսկային աշխատանքն է եւ խոցելի կոռուպցիոն առումով: Ն. Փաշինյանը կարեւոր է համարել այս որոշումը հատկապես քրեական ենթամշակույթի դեմ պայքարի առումով: «Սա այդ մարդկանց ընտանիքների համար սոցիալական բեռի էական թեթեւացում է: Այսօր մենք ունենք բազմաթիվ թափուր աշխատատեղեր, եւ պատճառն էլ այն է, որ աշխատավարձերը ցածր են, ռիսկը՝ բարձր, եւ այս որոշումը նշանակում է, որ դե ֆակտո մենք նոր աշխատատեղեր ենք ստեղծում»,- նշել է Ն. Փաշինյանը:

 

 

ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ ՄԵՐԺԵԼ Է
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի առանձնատան խուզարկության դատարանի որոշման բողոքարկումը Վերաքննիչ դատարանը մերժել է: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ոստիկանության հատուկ ջոկատայինները խուզարկություններ էին իրականացրել Հայրապետյանի տանը: Նշենք, որ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան հետ կապված յուրացման դեպքով ՀՀ ոստիկանության 6-րդ վարչությունում քրգործ է հարուցվել, որը ՀՀ քննչական կոմիտեն ստացել է ու վարույթ ընդունել:




Լրահոս