Թեեւ Կորոնավիրուսը, ըստ պաշտոնական տեղեկությունների, Հայաստան չի ներթափանցել, արդեն հասցրել է անհանգստացնել ՀՀ քաղաքացիներին: Այս օրերին մեր հայրենակիցները սկսել են զգուշանալ չինական ծագում ունեցող ամեն ինչից, անգամ չինական ռեստորաններ չեն գնում:
Հիշեցնենք, որ Չինաստանում արդեն իսկ 5997 մարդ է վարակվել Կորոնավիրուսով, գրանցվել է մահվան 132 դեպք (այս թվային տվյալները պարբերաբար փոխվում են): Նշվում է, որ վարակի տարածման աղբյուր կարող է լինել ծովամթերքը: Հիվանդության հիմնական ախտանիշներն են ջերմությունը, հոգնածությունը, խորխով հազը: Հիվանդությունը սկսվում է որպես սովորական շնչառական վարակ, որն ուղեկցվում է տենդով, հազով ու թոքաբորբով, բայց շատ արագ ծանր ընթացք է ստանում՝ խոցելով թոքերը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման նպատակով երեկ ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով, որը ղեկավարելու է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Խնդիրն այն է, որ այս օրերին ՀՀ քաղաքացիները խիստ անհանգստացած են Կորոնավիրուսի արագ տարածումից: «Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիները մտահոգված են՝ արդյոք հնարավոր է այդ վիրուսը Չինաստանից Հայաստան ներթափանցի ներկրվող տեխնիկայի միջոցով: Պարզվում է՝ չինական արտադրության տեխնիկան մեր հայրենակիցների միակ մտահոգությունը չէ: «Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիների մեծ մասն այս օրերին սկսել է չինական ռեստորաններից քիչ օգտվել:
Քաղաքացիների դժգոհությունների հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը շրջեց Երեւանում գործող մի քանի չինական ռեստորաններում՝ պարզելու՝ տեղին է արդյոք քաղաքացիների անհանգստությունը, թե ոչ: Թեեւ չինական ռեստորանների աշխատակիցները մեզ հետ զրույցում պնդեցին, որ որեւէ խնդիր չկա, բայց, այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ հիմնականում ռեստորանները դատարկ էին, գրեթե հաճախորդ չկար:
Օրինակ՝ «Սուշի-Կուշի»-ից մեզ փոխանցեցին, որ իրենց մոտ հիմնականում ճապոնական ուտեստներն են, եւ չինական ծագման որեւէ մթերք չունեն. «Խոզի, հավի եւ հորթի միսը տեղական է: Բայց ունենք մշտական հաճախորդներ, որոնք զանգահարել են, հետաքրքրվել, փորձել են պաշտպանվել, բայց ասել ենք, որ որեւէ վտանգ չկա»:
Մյուս՝ «Նյու Տաո» չինական եւ ճապոնական ռեստորանի տնօրեն Վիգեն Աբգարյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասաց. «Մենք էլ ենք շատ մտահոգված: Ձեզ վստահեցնում եմ, որ ծովամթերքը տարբեր երկրներից է Հայաստան գալիս, այդ նույն ծովամթերքը Հայաստան գալիս է Լեհաստանից, Հնդկաստանից, Նորվեգիայից, Չիլիից: Իսկ հայտնի «Նորին» ծովամթերքը մենք ստանում ենք Հարավային Կորեայից: Մենք չենք կարող ներկրել Չինաստանից, որովհետեւ այնտեղ բոլոր բեռանափոխադրող կազմակերպությունները փակ են, չեն աշխատում: Բացառվում է, որ Հայաստան գա, անգամ Ռուսաստան չի գնում»:
Իսկ, ահա, «Հին Պեկին» ռեստորանից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ Չինաստանից Հայաստան ներկրել են մինչեւ Կորոնավիրուսի ի հայտ գալը: Ապա վստահեցրեցին, որ անհանգստանալու խնդիր չկա. «Մենք հաճախորդների խնդիր չունենք. ոնց եկել են, շարունակում են գալ: Չինական ծագման մթերք ունենք, շուտ ենք բերել, հիմա ներմուծում չունենք: Անցած տարվա օգոստոս-սեպտեմբերին ենք ստացել, իրենցից չոր ապրանքն ենք ստանում, եւ դա կբավարարի մեզ դեռ երկար ժամանակ: Ես համոզված եմ, որ մինչեւ մեր հաջորդ պատվերը մեզ կբավարարի, իսկ ծովամթերքը ստանում ենք Եվրոպայից: Դրա համար մենք հանգիստ աշխատում ենք, անգամ դիմակներ չենք կրում: Իսկ զբոսաշրջիկներն էլ օդանավակայանում ստուգվում են, նոր են մուտք գործում Երեւան»:
Ինչպես նշեցինք, ՀՀ քաղաքացիների մյուս անհանգստությունը կապված է չինական տեխնիկայի հետ: Ինչպես հայտնի է, Հայաստանում կենցաղային տեխնիկայի խանութները ապրանք ներկրում են հիմնականում Չինաստանից: Արդյոք վարակը տեխնիկայի միջոցով Հայաստան չի՞ ներթափանցում:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող «Վի Էլ Վի» խանութ, որի մարկետինգային բաժնի աշխատակից Մայիս Համբարձումյանը տեղեկացրեց. «Ընդհանրապես, վիրուսը, հնարավոր է, փոխանցվի միայն մթերքի միջոցով, իսկ մենք մթերք չենք ներկրում: Մթերքի վրա մնում է 24 ժամ, այսինքն՝ եթե 24 ժամ անձը, կոպիտ ասած, չի վերցնում վիրուսը իր վրա, այն ոչնչանում է: Տեխնիկայի եւ այլ իրերի միջոցով անհնար է՝ փոխանցվի: Ինչպե՞ս կարող է այդ վիրուսը, օրինակ, սառնարանի միջոցով ներթափանցել Հայաստան: Չէ՞ որ դա օդակաթիլային ճանապարհով է տարածվում»:
Բացի այս, նկատենք, որ այսօր հայաստանցիների գերակշիռ մասը ծանրոցներ ստանում է նաեւ Չինաստանից «Գլոբբինգ» փոխադրող ընկերության միջոցով: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթին «Գլոբբինգ»-ից փոխանցեցին, որ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ մի շարք համաշխարհային առաջատար լրատվականների՝ Կորոնավիրուսը կարող է տարածվել միայն կրողի միջոցով. «Այս պահին ուսումնասիրվում են դեպքեր, երբ վիրուսը նկատվել է ծովամթերքում, իսկ ցանկացած տեսակի մթերքի ներկրումը «Գլոբբինգի» միջոցով հիմա, ինչպես եւ միշտ, եղել է արգելված: Այնուամենայնիվ, նույնիսկ այդ դեպքում վիրուսը խիստ անկայուն է եւ առանց կրողի կարող է դիմակայել մինչեւ 24 ժամ»:
Թեեւ չինական տեխնիկա եւ չինական սնունդ վաճառողները վստահեցնում են, որ որեւէ վտանգ չկա, բայց, այնուամենայնիվ, անհանգստանալու խնդիր կա, քանի որ պարզվում է, որ Հայաստանում նոր Կորոնավիրուսի լաբորատոր թեստեր չկան: Այս մասին, ի դեպ, հայտարարել է «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի» վարակիչ հիվանդությունների եւ համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
Ըստ մասնագետի՝ մի շարք երկրների համար դեռեւս դրանք հասանելի չեն. «Մինչեւ 10 օրվա ընթացքում ԱՀԿ-ի հետ սերտ համագործակցության արդյունքում հնարավորության իսկ առաջին դեպքում Հայաստանը կլինի առաջին երկրներից մեկ, որը կապահովի լաբորատոր հետազոտություն: Մեր տածաշրջանում այս պահի դրությամբ դեռեւս չկան լաբորատոր թեստեր: Կարճ ժամանակահատվածում Հայաստանը կապահովվի նոր Կորոնավիրուսի լաբորատոր թեստերով»: Այսինքն՝ եթե անձը բարձր ջերմությամբ մոտենա հիվանդանոց, ապա բուժհաստատությունում չեն կարող աշխտորոշել՝ նա Կորոնավիրուսով վարակված է, թե ոչ, մինչդեռ այդ թեստերով հնարավոր կլինի «իրական ժամանակում ապահովել հետազոտություն, այսինքն հասկանալ՝ սա Կորոնավիրուս է, թե ոչ»: Բայց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի կարծիքով՝ այս պահին Հայաստանում դեռեւս թեստերի անհրաժեշտություն չի եղել, ու, ըստ էության, պարզ էլ չէ՝ երբ հնարավոր կլինի ունենալ այդ թեստերը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԿՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԻ ՕՆԼԱՅՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ
Հայաստանում օնլայն գնումներից օգտվող քաղաքացիները հայտնվել են անելանելի դրության մեջ: Պարզվում է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում մտադիր են նվազեցնել երրորդ երկրներից ապրանքների անմաքսատուրք ներմուծման շեմը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս հարցն այսօր քննարկվելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, որին մասնակցելու են ԵԱՏՄ երկրների վարչապետները:
Նշենք, որ Ռուսաստանն առաջարկում է աստիճանաբար նվազեցնել շեմը՝ 2022 թվականին դարձնելով 20 եվրո: Ըստ այդմ՝ ինտերնետային խանութներից անմաքս առեւտրի շեմը 2020 թ. հուլիսի 1-ից պետք է կազմի 100 եվրո, 2021 թ. հունվարի 1-ից՝ 50 եվրո, 2022 թ. հունվարի 1-ից՝ 20 եվրո:
«Գլոբբինգ» եւ «Օնեքս» ընկերությունները, որոնք փոխադրումներ են իրականացնում ինտերնետ առեւտուր իրականացնողների համար, արդեն հասցրել են իրենց բողոքի ձայնը բարձրացնել՝ հաճախորդներին տեղեկացնելով, որ այս որոշման արդյունքում 3 անգամ կթանկանան ապրանքները, տեղական շուկայում գնաճ կարձանագրվի, տեսականին կսահմանափակվի: Նշված երկու ընկերություններն էլ պահանջում են գործադիրից մերժել այս առաջարկը, հակառակ դեպքում մեր հայրենակիցները ստիպված են լինելու օնլայն առեւտուր անել միայն Ռուսաստանից:
Իհարկե, դժգոհությունն արդարացված է, բայց, մյուս կողմից, անդառնալի, քանի որ ԵԱՏՄ անդամ դառնալու օրերից արդեն հասկանալի էր, որ մեր տնտեսական հարաբերությունները հարթ են լինելու միայն ԵԱՏՄ անդամ երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի հետ: Մնացած երկրների հետ հարաբերվելը պետք է լինի տնտեսապես ոչ ձեռնտու:
Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԿՈՆՖԼԻԿՏԱՅԻՆ
Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորականի միջնակարգ դպրոցում շարունակում է լարված վիճակը. մանկավարժները սերունդ կրթելու փոխարեն միմյանց հետ են կռվում: Ամեն ինչ սկսվել է այն բանից, որ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Արեւիկ Բաղիրյանը մասնակցել է դպրոցների տնօրենների թափուր տեղերի համար մրցույթներին մասնակցելու իրավունք տվող հավաստագիր ստանալու համար դասընթացին եւ քննություններին, ստացել հավաստագիր: 40 տարվա մանկավարժ, Զորականի դպրոցի 22 տարվա տնօրեն Սիլվա Խոջայանն այդ լուրն ուրախությամբ չի ընդունել:
Նշենք, որ Խոջայանը 62 տարեկան է, վերջինիս խոսքերով՝ իր հավաստագրի ժամկետը լրանալուն դեռ երկու տարի կա: Տնօրենի նախընտրած թեկնածուն՝ Զորականի դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Ռուզաննա Ազարյանը, հավաստագիր ստանալու համար քննությունից կտրվել է, փետրվարի 20-ին նորից է քննություն հանձնելու:
13 տարվա ուսուցիչ Ա. Բաղիրյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ Զորականի դպրոցում իր աշխատանքի համար անտանելի իրավիճակ են ստեղծել: Նրա խոսքերով՝ հունվարի 29-ին 12-րդ դասարանում հայ գրականության դասաժամ ուներ, սակայն ժամը 9:30-ի սահմաններում դասարանի դուռը դեռ փակ էր: Արեւիկը հայտնեց, որ Ս. Խոջայանն իրեն ասում է, որ ինքը չի կազմակերպում Բաղիրյանի դեմ աշակերտների բողոքի գործողությունները, սակայն գործատուն պարտավոր է ապահովել աշխատանքային նորմալ պայմաններ: Ա. Բաղիրյանը 9-րդ դասարանի դասղեկն էր: Տնօրեն Խոջայանը Արեւիկից վերցրել է այդ դասարանի դասղեկությունը, եւ հունվարի 8-ից ինքն է 9-րդ դասարանի դասղեկը: Հունվարի 20-ին տնօրենը Ա. Բաղիրյանին ծանուցում է հանձնել, ուր նշված է. «Հարգելի՛ Արեւիկ Բաղիրյան, 2019-2020 ուսումնական տարվա սկզբից ժամանակ առ ժամանակ ես՝ Սիլվա Խոջայանս, ուսուցիչներից, ծնողներից, աշակերտներից ստանում եմ դիմում-բողոքներ, որոնցում նշվում է, որ դասարանում աշակերտների հետ չեք կարողանում ստեղծել ուսուցիչ-աշակերտ բավարար հարաբերություններ, որի արդյունքում երեխաներին վիրավորում եք, դասը թողնում եւ հեռանում: Բազմիցս ուսմասվարը՝ Սուսան Սարգսյանը, դիմել է Ձեզ, որ տաք գրավոր բացատրություն այդ ամենի շուրջ, սակայն Դուք անպատվել եք նրան եւ մերժել: Այս ամենի հիմքով ուսումասվարը ներկայացրել է զեկուցում՝
1. աշակետների հետ լարված իրավիճակ ստեղծելու,
2. դասերը թողնելու եւ հեռանալու,
3. ուսուցիչների հետ կոնֆլիկտ ստեղծելու,
4. ուսմասվարին բացատրություն չտալու մասին»:
Այդ ծանուցագրում տնօրենը հայտնել է նաեւ, որ խնդիրը շարունակվում է, Ա. Բաղիրյանը 2 գրավոր նկատողություն ունի, եւ վերջինիս առաջարկել է 3-օրյա ժամկետում բացատրություն տալ, թե ինչն է պատճառը, որն է նպատակը, եւ նա ինչ առաջարկություններ ունի խնդրի շուրջ: Արեւիկ Բաղիրյանը կարծում է, որ իր դեմ արշավը կազմակերպված բնույթ է կրում, եւ բացատրություններ չի տվել տնօրենին:
Հունվարի 18-ին խնդրին ծանոթանալու համար Զորականի դպրոց է այցելել Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը: Արեւիկ Բաղիրյանը դպրոցում առկա կոնֆլիկտային իրավիճակի վերաբերյալ գրավոր դիմել է Տավուշի մարզպետարան:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ