ՍՏԵՆՏԱՎՈՐԵԼ ԵՆ ԱՐԹՈՒՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՍԻՐՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Անուղղելիները» սերիալից հետո դերասան Արթուր Հակոբյանին էկրաններին չենք տեսել: Նա «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ տեւական ժամանակ է՝ պարապուրդի է մատնվել: Դերասանը նաեւ տեղեկացրեց, որ վերջերս առողջական խնդիրներ ուներ, սրտի ստենտավորում է արել: Հիմա Արթուր Հակոբյանի ինքնազգացողությունը լավ է, նա հարմար առաջարկների դեպքում կրկին պատրաստ է վերադառնալու աշխատանքային բուռն կյանքին:

-Պարո՛ն Հակոբյան, առաջիկայում Ձեզ էկրաններին էլի կտեսնե՞նք, հարմար առաջարկներ ունե՞ք:
-Դեռ չկան այդպիսիք: Ի դեպ, դեկտեմբերին արդեն երրորդ անգամ սիրտս ստենտավորել են, որոշ ժամանակ ինձ հանգիստ էի պահում, հանգստանում էի: Բայց հիմա արդեն, եթե հրավերներ ստանամ, անպայման կընդունեմ: Աստված ինձ օժտել է շնորհքով, ես էլ պետք է կիրառեմ այն: Փառք աստծո, հիմա առողջական խնդիրներ չունեմ, ամեն բան լավ է:
-Մտավախություն ունե՞ք, որ սերնդափոխության հետեւանքով կարող եք ինչ-որ առումով ստվերում մնալ, հետ մղվել:
-Բացարձակ չունեմ նման մտավախություն: Սերնդափոխություն միշտ է եղել` բոլոր ժամանակներում: Հիմա եթե ինձ էլի առաջարկներ անեն, շատ լավ է, չանեն՝ առանձնապես ողբերգություն չէ ինձ համար:
-Այսօր ինչպիսի՞ դերասաններին է առաջնություն, հնարավորություն տրվում: Ձեզ պես փորձառու դերասանները երբեմն դուրս են մղվում ասպարեզից, ինչու՞:
-Դուք էլ գիտեք՝ այսօր ովքեր են հայտնվում էկրաններին: Ոչ պրոֆեսիոնալ մարդիկ հայտնվում են եթերում, եւ այդ առումով շատ մեծ վտանգ կա, բայց ես չեմ կարող իրավիճակ փոխել, ուստի չեմ էլ ուզում այդ մասին խոսել: Միեւնույնն է, այդ մարդիկ անաստված ձեւով խցկվելու են նախագծեր, հայտնվելու են էկրաններին: Շատ շնորհալի մարդիկ դուրս են մնում ասպարեզից: Ինքս երբեք ոչ ոքի ոչինչ չեմ խնդրել, չեմ ասել՝ ինձ նկարեք այսինչ նախագծում: Ես այդ մարդը չեմ, բնույթով ըմբոստ եմ: Բայց իմ՝ էկրաններին չլինելուց տուժում եմ ոչ միայն ես, այլեւ իմ հանդիսատեսը: Չէ՞ որ ամեն դերասան ունի իր լսարանը:
-Գիտենք, որ Ձեր մասնակցությամբ սերիալները չեք էլ դիտում, ինչու՞: Մի՞թե հարյուրավոր սերիաներից ոչ մեկը չեք դիտել:
-Այո, «Վերվարածների» 700 սերիայից 15-ն եմ դիտել, իսկ «Անուղղելիները» առհասարակ չեմ դիտել:
-Ինչու՞, ինքնաքննադա՞տ եք, գուցե ցավագի՞ն եք վերաբերվում Ձեր սխալներին:
-Շատ ինքնաքննադատ եմ: Հազարից մեկ եմ հավանում իմ արածը: Որ ի՞նչ ինքս ինձ նայեմ… Ավելի լավ է՝ դրա փոխարեն խորհրդային ֆիլմեր, ֆուտբոլ դիտեմ: Ես «հին» մարդ եմ, 58 տարեկան եմ արդեն…
-Պարզապես դժվար է այդ մտքի հետ հաշտվել… Հեռուստադիտողի ընկալումներում Դուք շատ ավելի երիտասարդ եք, գուցե գաղտնիքը կենսուրախությա՞ն մեջ է…
-(Ծիծաղում է):
-Իսկ թատերական նախագծերում ինչու՞ ընդգրկված չեք, առաջարկներ չե՞ք ստանում, թե՞ ինքներդ չեք ցանկանում բեմ բարձրանալ:
-Թատրոններից ես ինքս ինձ վաղուց եմ հանել:
-Ինչու՞:
-Չեմ ուզում պատասխանել այդ հարցին:
-Գուցե որովհետեւ այնտեղ Ձեզ համար դժվա՞ր է մուտք գործել:
-Երբ ես թատրոնում իմ տեղն ունեի, շատ քչերը տեղ ունեին թատրոնում:
-Այդ դեպքում ի՞նչն է խնդիրը:
-Չեմ ուզում աշխատել այնտեղ…
-Ամբիցիանե՞րն են խնդիրը:
-Երկար պատմություն է…
-Ձեզ Գյումրու թատրոնից երբեւէ հրավերներ արե՞լ են:
-Այո, մեկ անգամ հանդես եմ եկել այնտեղի թատրոնում՝ որպես հրավիրյալ դերասան: Դա Նիկոլայ Ծատուրյանի բեմադրությունն էր: Երկու-երեք տարի խաղացինք այդ ներկայացումը:
-Ֆինանսական առումով դժվար չէ՞ պարապուրդի մատնվելը:
-Շատ դժվար է: Ես կողմնակի աշխատանք չունեմ, բայց ունեմ հրաշալի երեխաներ, որոնք թիկունքիս կանգնած են լեռան պես:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Ո՞ՒՐ Է ԿՈՐԵԼ ԵՐԳՉՈՒՀԻ ԼՈՒՍԻՆ

Տեւական ժամանակ է՝ երգչուհի Լուսին (Լուսինե Աղաբեկյան) էկրաններին չի երեւում, նոր տեսահոլովակով ու երգերով չի ներկայանում: Որդու՝ Նոյի ծնունդից հետո նա պասիվացրեց գործունեությունը, եւ մինչեւ հիմա երկրպագուները սպասում են երգչուհու վերադարձին:

Լուսիի ամուսին, ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ Լուսին շուտով կվերադառնա շոու-բիզնես. «Մեր որդու ծնունդից հետո նա զբաղվում էր երեխայի խնամքով, բայց շուտով Լուսին երկրպագուներին անակնկալներ կմատուցի: Նա առաջիկայում պատրաստվում է թողարկել իր՝ թվով երկրորդ ալբոմը, որտեղ ներառված կլինեն նոր, թարմ երգեր: Հինգ ամսից ավել է՝ ալբոմի վրա ենք աշխատում: Բավական ծավալուն գործ ենք անում, այնպես որ, Լուսին չի կորել»:
Նշենք, որ երգչուհու եւ ռեժիսորի որդին լույս աշխարհ է եկել 2018-ի սեպտեմբերին: Արամայիսը տեղեկացրեց, որ գարնանը Լուսին հանդես կգա նաեւ նոր տեսահոլովակներով: Ի դեպ, երգչուհին բազմիցս առաջարկներ է ստացել արտասահմանցի շատ կոմպոզիտորներից: «Շատ ազգերի կոմպոզիտորներ ցանկանում էին երգ գրել Լուսիի համար «Եվրատեսիլ»-ին մասնակցելու նպատակով: Բայց այս տարի արդեն մրցույթի նախընտրական փուլին մասնակցելու համար հայտեր չեն ընդունվում. ժամկետը լրացել է: Բացի այդ, «Եվրատեսիլ»-ին մասնակցելու ցանկությունը Լուսիի մոտ շատ մեծ չէր. գուցե հաջորդ տարիներին նա մասնակցի միջազգային մրցույթին»,-մեկնաբանեց Արամայիսը՝ հավելելով, որ արտասահմանցի կոմպոզիտորները առաջարկում են իրենց երգերը կատարել նաեւ «Եվրատեսիլ»-ից դուրս որպես առանձին «սինգլ»:
Հիշեցնենք, որ Լուսին 2007-ին մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայսուպերսթար» նախագծի երկրորդ եթերաշրջանին եւ ճանաչվել է հաղթող: Նույն թվականին Ուկրաինայում «Ծովի երգ» միջազգային մրցույթում գրավել է երկրորդ տեղը: Նա մասնակցել է Մոլդովայում կայացած «Ոսկե ձայն» միջազգային մրցույթին եւ զբաղեցրել առաջին տեղը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՆՈՐ ԹԻՄԱԿԻՑ ՈՒՆԻ
Իսպանական «էլչեի» ֆուտբոլիստ Գոնսալո Վիլյարը կարիերան կշարունակի իտալական «Ռոմայում»: Իտալական թիմի ղեկավարությունը իսպանացիներին տրանսֆերի համար վճարել է 4մլն եվրո, սակայն այդ գումարը կարող է աճել 1 մլն եվրոյով, եթե ֆուտբոլիստը հաջողություններ գրանցի «Գայլերի» կազմում: 21-ամյա ֆուտբոլիստը արդեն հասցրել է կիսվել իր տպավորություններով. «Ես տեղափոխվել եմ մեծագույն ակումբ եւ անչափ երջանիկ եմ: Սա ինձ համար նոր, կարեւոր մարտահրավեր է: Մեծ անհամբերությամբ եմ սպասում իմ նորամուտին եւ ցանկանում են «Ռոմային» տալ այն ամենը, ինչին ընդունակ եմ»,-ասել է երիտասարդ ֆուտբոլիստը:

 

 

 

ՊԱՏՄԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇ
Կայացել է Անգլիայի պրեմիեր լիգայի 18-րդ տուրից հետաձգված «Վեսթ Հեմ»- «Լիվերպուլ» հանդիպումը: Խաղն ավարտվել է հյուրերի 2:0 հաշվով հաղթանակով: Մերսիսայդցիները կարողացել են հաղթանակի հասնել Մոհամեդ Սալահի եւ Ալեքս Օքսլեյդ Չեմբելենիգոլերի շնորհիվ: Այս հաղթանակը պատմական է դարձել Յուրգեն Կլոպի թիմի համար: «Կարմիրները» իրենց պատմության մեջ առաջին անգամ կարողացել են մեկ մրցաշրջանի ընթացքում Պրեմիեր լիգայի շրջանակներում հաղթել առաջնությունում խաղացող բոլոր ակումբներին: «Լիվերպուլը» այժմ վաստակել է 70 միավոր եւ գլխավորում է Անգլիայի պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող «Մանչեստեր Սիթին» իր ակտիվում ունի 51 միավոր եւ մերսիսայդցիներից հետ է մնում 19 միավորով: «Լիվերպուլը» ներքին առաջնությունում այս տարի կորցրել է ընդամենը 2 միավոր: Կլոպի տղաները 1:1 հաշվով էին ավարտել «Օլդ Տրաֆորդում» կայացած խաղը «Մանչեստեր Յունայթեդի» դեմ:

 

 

 

ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԳՐԿԵԼ ԵՎ ՀԱՄԲՈՒՐԵԼ
Լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի կինը՝ Վանեսա Բրայանտը, իր պաշտոնական էջում գրառում է կատարել՝ ամուսնու եւ դստեր ողբերգական մահվան վերաբերյալ. «Շնորհակալ եմ այն միլիոնավոր մարդկանց, որոնք մեզ աջակցեցին այս սարսափելի պահերին: Բառեր չեմ կարող գտնել այս պահը նկարագրելու համար, ինձ միայն օգնում է այն փաստը, որ Կոբին ու Ջիանան գիտեին` որքան սիրված են: Այս պահին կուզեի միայն գրկել ու համբուրել նրանց: Նրանք չափազանց շուտ լքեցին մեզ»,- գրել է Վանեսա Բրայանտը:
Հիշեցնենք, որ Կոբի Բրայանտի ուղղաթիռի կործանումից զոհվել էին բոլոր 9 ուղեւորները:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս