ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր «100 փաստ՝ Հայաստանի մասին» ձեռնարկում առանձնացրել էր հանրապետությունում զուգարանների թեման: «Հանրապետությունում առկա շուրջ 350 ԱԳԼՃԿ-ում իրականացվում են զուգարանների վերանորոգման աշխատանքներ, որոնց մի մասում աշխատանքներն ավարտված են։ Այս փաստը ես շատ կարեւոր եմ համարում զբոսաշրջության զարգացման տեսակետից, որովհետեւ 15 տարի է՝ մեր երկրում քննարկվում է, որ այս զուգարանների պրոբլեմը չի լուծվում», – նշել էր նա:
Այսինքն՝ տուրիզմի զարգացման գլխավոր պայմաններից մեկը՝ զուգարանների առկայությունը, ՀՀ կառավարությունը ապահովեց ընդամենը կազմակերպչական աշխատանքով: Անգամ վերջերս Փաշինյանը շքեղ ռեստորանների տերերին հորդորեց ռեստորանների անմխիթար վիճակում գտնվող զուգարանները կարգի բերել: «Երբ որ տեսնում ես, որ ինչ-որ տեղ բացված է հինգհարկանի ռեստորան, որտեղ աթոռները ոսկեջրած են, բայց երբ զուգարանի դուռը բացում, ներս ես մտնում, թվում է, թե ինչ-որ աղետյալ շրջանում ես գտնվում», -հավելեց նա:
Բայց պարզվում է՝ ՀՀ ՊԵԿ-ի համար այդ հորդորները ոչինչ են: Թեեւ այդ կառույցում չեն զլացել 2019թ. ընթացքում պարգեւատրել աշխատակիցներին 5,6 միլիարդ դրամով, բայց տարրական աշխատանքային պարտականությունները կատարելու, կազմակերպչական հարցերում թերանում են:
«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը արձանագրել է, որ Հայաստանի հյուսիսային մուտք հանդիսացող Բագրատաշենի մաքսակետում գտնվող հանրային զուգարանները չեն գործում: Այդ զուգարաններում ո՛չ ջուր կա, ո՛չ թուղթ այն դեպքում, երբ ավտոբուսներով սահման հատողները ստիպված են ժամերով սպասել մաքսակետում եւ, բնականաբար, հնարավոր է՝ նաեւ զուգարանի կարիք ունենան: Բացի այդ, Հայաստանի հետ առաջին կոնտակտը հենց մաքսատունն է. ի՞նչ կարծիք պետք է կազմեն մեր երկրի մասին մարդիկ՝ տեսնելով այս տեսարանը: Հավելենք, որ չգործող զուգարանները նաեւ ինֆեկցիոն հիվանդությունների, տարբեր վարակների պատճառ կարող են դառնալ:
Հայաստանի հյուսիսային դարպաս հանդիսացող Բագրատաշենի մաքսակետի զուգարանները «խայտառակում են ռեսպուբլիկան»:
Հունվարի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր. «Մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին»: Եւ հենց ՀՀ վարչապետի հայտարարությունից հետո դեպքերը մեկը մյուսին հաջորդում են: Ըստ ամենայնի, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն անտեսում է ՀՀ վարչապետի խոսքը: Հունվարի 23-ին ՊԲ զորամասերից մեկում Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը կրակել էր զորքի վրա. ունեցանք 2 վիրավոր: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դեպքից առաջ Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը տարօրինակ վարք է դրսեւորել, որը նկատել է զորամասի ղեկավարությունը եւ ուղարկել մասնագետների մոտ՝ ստուգման: Բժշկական հանձնաժողովը եզրակացություն է տվել, որ զինվորը պիտանի է ծառայության, բայց նա կրակեց զորքի վրա: Դրանից հետո՝ Բանակի օրը, Նվեր Ավետիսյանը վիրավորվեց դարձյալ զորամասում եւ մութ հանգամանքներում: Նախօրեին էլ ՊԲ զորամասերից մեկում ժամկետային զինծառայողը՝ Վ. Ավագյանը, ըստ նախնական վարկածի, ինքնասպան եղավ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջինս, հայհոյանքներ տալով, զինվորներից մեկին է փնտրել, որից հետո զինակիցների առաջ կանգնելով՝ իրեն սրտից կրակել է: Նա ապրում էր Էջմիածին քաղաքում: Նրա հետ զորամասի մի խումբ տղաներ էջմիածնի մասին «տղայական» խոսակցություններ են ունեցել: Դրան մասնակից է եղել նաեւ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի` Շմայսի որդին: Առաքել Մովսիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իր որդին 6 ամսվա օրինակելի զինծառայող է. «Ամբողջ դիվիզիոնին տարել են հարցաքննության, ես սպասում եմ՝ զանգեն: Եթե փաստաբանի կարիք լինի, վերցնեմ, գնամ Ղարաբաղ»:
ԵԱՏՄ նիստին ՀՀ կառավարությունը բարձրաձայնել է Հայաստանից դեպի Ղազախստանի Հանրապետության տարածք տրանսպորտային միջոցների տեղափոխման հետ կապված հարցերը: Ինչպես հայտնի է, ավելի քան երկու շաբաթ է, ինչ ավտոմեքենաների հնարավոր գնորդները՝ ղազախները, ավտոշուկա ոտք չեն դրել: Ղազախական կողմը լուրջ խնդիրներ է ստեղծել ավտոմեքենաներ վաճառող հայաստանցիների համար: Պարզվում է, որ հայերն իրավունք չունեին Ղազախստանին մեքենաներ վաճառելու ԵՏՄ մուտք գործելուց հետո՝ անցումային ժամանակահատվածում, դրանք պետք է օգտագործվեին միայն Հայաստանում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս խնդրով զբաղվում է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նշենք, որ նա այս օրերին աշխատանքային այցով Ղազախստանում է եւ մասնակցում է ԵԱՏՄ նիստին: Փոխվարչապետը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ բարձրաձայնելու է այս խնդիրը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հեռախոսազրույց ունեցավ եւ հետաքրքրվեց՝ ՀՀ կառավարությունը ՀՀ քաղաքացիների իրավունքները պաշտապանելու համար ԵԱՏՄ նիստին բարձրացրել է արդյոք այս հարցը: Մեր հարցին ի պատասխան՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ կայացել է երկկողմանի խորհրդատվություն՝ Հայաստանից դեպի Ղազախստանի Հանրապետության տարածք տրանսպորտային միջոցների տեղափոխման հարցի կարգավորման ուղղությամբ: Դատելով իրավիճակից՝ կարելի է ենթադրել, որ ղազախական կողմը բավականին մարտական է այս հարցում տրամադրված: Հուսանք՝ հայկական կողմին կհաջողվի փոքր-ինչ մեղմել ղազախական կողմի կոշտ դիրքորոշումը:
Երեկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստիպված եղավ արդեն երկրորդ անգամ չեղարկել իր իսկ կողմից կայացված որոշումներից մեկը: Բանն այն է, որ հունվարի 30-ին խորհրդարանի պաշտոնական կայքում տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ նախագահ Արարատ Միրզոյանը որոշում է ընդունել՝ փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու մասին: Օրակարգում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի օրենսդրական նախաձեռնությունն է, որով փորձ է արվում Սահմանադրական դատարանին չեզոքացնել սահմանադրական փոփոխություններին մասնակցություն ունենալուց: ԱԺ նախագահը որոշում է ընդունել արտահերթ քննարկման դրված նախագիծը քննարկել միաժամանակ առաջին եւ երկրորդ ընթերցումներով, մինչդեռ այդպիսի իրավունք չունի: «ԱԺ կանոնակարգ-օրենքը» սահմանում է, որ նախագիծը միաժամանակ առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար անհրաժեշտ է պատգամավորների կամ խմբակցության հիմնավորված միջնորդությունը, որը պետք է հաստատվի ԱԺ խորհրդի նիստում, սակայն ԱԺ խորհուրդը նախօրեին նիստ չէր գումարել, ինչի պատճառով որոշման հրապարակումից ժամեր անց այն ջնջվեց ԱԺ կայքից: Եվ, ահա, երեկ ԱԺ նախագահը նոր որոշում է ընդունել եւ դրանով անվավեր ճանաչել նախորդ որոշումը: Հետաքրքիրն այն է, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Ազգային ժողովի նախագահը չեղարկում է իր նախորդ որոշումը իր չիմացության պատճառով: Նախորդ անգամ խոսքը վերաբերում էր Ազգային ժողովի աշխատակազմի կրճատմանը, եւ այդ անգամ եւս նոր հաստիքացուցակը չէր հաստատվել ԱԺ խորհրդի կողմից: Արդեն երկրորդ անգամ սայթաքումը վկայում է, որ ԱԺ նախագահը դեռեւս ամբողջովին չի յուրացրել «ԱԺ կանոնակարգ-օրենք»-ի դրույթները կամ էլ չունի համապատասխան խորհրդատուներ, որոնք կարող են այսպիսի իրավիճակներում ճիշտ ելքեր ցույց տալ: