ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԵՂՄԻ՞ ՂԱԶԱԽԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿՈՇՏ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ավտոմեքենաների ամենամեծ շուկայում, ինչպես ասում են, առեւտուրը կանգնած է: Պատճառն այն է, որ ավելի քան երկու շաբաթ է, ինչ ավտոմեքենաների հնարավոր գնորդները՝ ղազախները, ավտոշուկա ոտք չեն դրել:

Ղազախական կողմը լուրջ խնդիրներ է ստեղծել ավտոմեքենաներ վաճառող հայաստանցիների համար: Պարզվում է, որ հայերն իրավունք չունեին Ղազախստանին մեքենաներ վաճառել ԵՏՄ մուտք գործելուց հետո՝ անցումային ժամանակահատվածում, հայերը դրանք պետք է օգտագործեին միայն Հայաստանում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից: Ըստ երեւույթին, շատ ղազախներ սա պարզապես չեն իմացել մեքենան գնելիս: Ինչպես հայտնի է, Ղազախստանի ոստիկանության վարչական եւ միգրացիոն հանձնաժողովի աշխատակիցները Հայաստանում ստուգումներ են անցկացնում՝ պարզելու, թե ինչպես են ղազախները մեքենա գնել հայերից: Բացի այդ, պարզվում է՝ այսօր Ղազախստանում հայկական եւ ղրղզական համարանիշներ ունեցող մեքենաներով կատարվում են գողություններ, խախտումներ, իսկ այդ ակտերի հասցեատերերը ՀՀ ռեզիդենտներ են: Ղազախների ներկրած ավտոմեքենաները պետք է հաշվառման կանգնեն եւ վճարեն բարձր տուրքեր, բայց Ղազախստանի իշխանությունները մտադիր չեն կրճատել տուրքերի չափը, իսկ նրանց, ովքեր չեն ցանկանում վճարել, առաջարկվում է արտասահմանյան մեքենաները քանդել ու առանձին մասերը վաճառել կամ դատի տալ նախորդ սեփականատերերին, որոնց մեծ մասը հայեր են:
Եւ, վերջապես, Ղազախստանի իշխանությունները հորդորում են հայերից եւ ղրղզներից ավտոմեքենա գնած ղազախներին հետ վերադարձնել գնած մեքենաները, հակառակ դեպքում դատի կտան հայերին եւ ղրղզներին:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նրանցից մեկն ասաց, որ անորոշություն է, բոլորն էլ սպասողական վիճակում են: «Ավտոմեքենաների վաճառքի ծավալները զգալի պակասել են: Արդեն երկու շաբաթից ավելի է, ինչ ղազախները ավտոշուկա չեն մտնում: Չկան, չեն գալիս, մեր պոտենցիալ գնորդները չեն գալիս: Մեր ավտոմեքենաների 60-70 տոկոսը իրենք էին գնում: Խառնաշփոթ է: Չգիտենք, սպասում ենք»,- «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց ավտոմեքենա ներկրող Զորիկ Իգիթյանը: Ըստ ավտոմեքենայի վաճառքով զբաղվող անձանց՝ մինչ այս արգելքը ղազախները Հայաստանից օրական դուրս են հանել 800 ավտոմեքենա:
Պարզվում է, որ պաշտոնապես Հայաստանում անցած տարվա 11 ամիսների ընթացքում ավտոմեքենաների առեւտրի ծավալներն են զգալի նվազել՝ 10.1 տոկոսով: Նշենք, որ ավտոմեքենաների առեւտրի մեջ մտնում է ինչպես մասնագիտացված խանութների միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի եւ պարագաների վաճառքը, այնպես էլ տեխնիկական սպասարկումը եւ նորոգումը, որն էլ, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, ընդհանուր կազմել է 105 մլրդ 909 մլն դրամ:
Նշենք, որ, բացի ազգությամբ ղազախներից, ավտոշուկայից մեքենաներ գնել են նաեւ ռուսները, սակայն ղազախական կողմի բարձրացրած աղմուկը ստիպել է ռուսներին եւս զգուշանալ: «Ռուսներն էլ են զգուշանում մեզանից մեքենա գնել: Գնորդ չունենք, հիմա ինչ գին էլ առաջարկեն, կծախենք: Ապրանքիցդ հարցնող չկա, ո՞ւմ գին ասես: Մերոնք էլ առանձնապես ոգեւորված չեն մեքենա գնելու հարցում»,- ափսոսանքով նկատեց մեքենայի մեկ այլ վաճառող:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցած տարվա ընթացքում մեծ քանակությամբ մեքենա ներկրած մեր հայրենակիցները ստեղծված անելանելի վիճակից դուրս գալու համար մտադիր են դրանք իրացնել Վրաստանում: Բայց պարզվում է՝ նրանց մեծ մասը, որ աջ ղեկով մեքենա են ներկրել ու ղեկը տեղափոխել, չի կարող վրացական շուկայում դրանք վաճառել, քանի որ վրացական ավտոշուկայի հնարավոր գնորդները հիմնականում ուկրաինացիներն են, որոնք հրաժարվում են ղեկը փոխած մեքենա գնել:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս խնդրով զբաղվում է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նշենք, որ նա այս օրերին աշխատանքային այցով Ղազախստանում է եւ մասնակցում է ԵԱՏՄ նիստին: Փոխվարչապետը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ բարձրացնելու է այս խնդիրը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հեռախոսազրույց ունեցավ եւ տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունը ՀՀ քաղաքացիների իրավունքները պաշտապանելու համար ԵԱՏՄ նիստին բարձրացրել է այս հարցը:
Մեր հարցին ի պատասխան՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ կայացել է երկկողմանի խորհրդատվություն՝ Հայաստանից դեպի Ղազախստանի Հանրապետության տարածք տրանսպորտային միջոցների տեղափոխման հարցի կարգավորման ուղղությամբ: Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ երկու կողմերը քննարկել են հետագա երկկողմանի գործողությունների տարբերակները այս հարցի լուծման համար: Նուր-Սուլթանն ու Երեւանը պայմանավորվածություն են ձեռք բերել մշտական ռեժիմով շարունակելու բանակցությունները:
Դատելով իրավիճակից՝ կարելի է ենթադրել, որ ղազախական կողմը բավականին մարտական է այս հարցում տրամադրված: Հուսանք՝ հայկական կողմին կհաջողվի փոքր-ինչ մեղմել ղազախական կողմի կոշտ դիրքորոշումը:
Ի դեպ, հանրային խորհրդի անդամ, գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին, ասաց. «Ղազախստանի կառավարությունը կարող է արգելել… Ղազախստանում կա մեքենաների հավաքման արտադրություն, ինչպես եւ Ռուսաստանում, այնտեղ մեքենաների եվրոպական ֆիրմաների ներկայացուցչություններ ունեն: Եւ ղազախները մեր հայրենակիցներից էժան գներով գնում են ու տանում են այնտեղ, բնականաբար պետությունը կարող է ներքին կարգով խանգարել, որպեսզի իր գործարարները լավ աշխատեն: Բացի այս, Ղազախստանի կառավարությունը մինչեւ հիմա ներքին կարգով արգելում է իր ներդրումները դրսում, առավել եւս՝ Հայաստանում: Լսած կլինե՞ք, որ ղազախները ներդրում կատարեն Հայաստանում: Ոչ. ներքին կարգով կարող են խոչընդոտներ ստեղծել: Ղազախստանն ունի ավտոմոբիլային արտադրություն, եւ երբ այստեղից մեծ քանակությամբ ավտոմեքենաներ են տանում, ապա իրենց արտադրանքի պահանջարկը ընկնում է, չեն գնի, դրա համար էլ դիմադրում է: Չնայած օրինական չէ, բայց բնական եմ համարում»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՍՏԻՊՎԱԾ ԶԵՂՉՈՒՄ ԵՆ, ՈՐ ՎԱՃԱՌԵՆ
Երեկ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ փետրվարի 1-ից մինչեւ մարտի 31-ը Չինաստանի քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի ազատ ռեժիմը ժամանակավորապես կասեցվում է։ Նա նաեւ նշեց, որ կառավարության որոշումը պայմանավորված է Չինաստանում Կորոնավիրուսի համաճարակային իրավիճակի հետ։
Բայց Ավինյանի այս հայտարարությունից ժամեր առաջ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ Չինաստանից Հայաստան մարդկանց մուտքի սահմանափակման տարբերակը ՀՀ կառավարությունը չի քննարկում՝ վստահեցնելով, որ հավանականությունը, որ Հայաստանում Կորոնավիրուս չկա, 99.9 տոկոս է՝ չնայած այն բանին, որ Հայաստանը դեռեւս չունի նոր Կորոնավիրուսի լաբորատոր թեստերը: Ավելին, պարզվում է՝ Հայաստանում առաջնորդվում են հիվանդների մոտ կլինիկական ախտանշանները ստուգելով, ասել է թե՝ հիվանդին ջերմաչափելով: Բայց, մյուս կողմից, նկատենք, որ Ռուսաստանում երեկ բացահայտվել է Կորոնավիրուսի 2019-nCoV տեսակով վարակվելու երկու դեպք: Երկու վարակվածներն էլ Չինաստանի քաղաքացիներ են։
Իհարկե, առողջապահության նախարարը հայտարարեց, որ ախտորոշիչ թեստերի հետ խնդիր ունենք, քանի որ հիվանդությունը նոր է. «Ախտորոշիչ թեստերը նոր են մշակվում, սակայն այսօր (երեկ-Ս.Հ.) առավոտյան մենք արդեն պայմանավորվածություն ենք ձեռք բերել մի չինական ընկերության հետ, եւ մի քանի ժամվա ընթացքում թեստերը կլինեն Չինաստանում Հայաստանի դեսպանատանը»։ Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր Կորոնավիրուսի համաճարակը հռչակել է համաշխարհային առողջապահական արտակարգ իրավիճակ: Չնայած սրան՝ առողջապահության նախարարը երեկ հայտարարեց, որ կարանտինային ռեժիմ հայտարարելու անհրաժեշտություն չկա Հայաստանում:
Իսկ մինչ այդ տեղեկացնենք, որ Հայաստանում ծովամթերք վաճառող խանութները սկսել են զեղչային ակցիաներ իրականացնել: Նշենք, որ Չինաստանից Հայաստան է ներկրվել 1000 կգ ծովամթերք: Օրինակ «Ice Fish» ընկերությունը արդեն մի քանի օր է՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցով գովազդում է էժանացած ծովամթերքի մասին: Օրինակ՝ ապխտած պալտուսի 1 կիլոգրամը 11 հազար 500 դրամից էժանացել է՝ դառնալով 6900 դրամ: Վոմեր տեսակի ապխտած ձկան մեկ կիլոգրամը 4100 դրամ է, իսկ սաղմոնը՝ 9900 դրամ: «Ժողովուրդ» օրաթերթին նշված խանութից փոխանցեցին, որ իրենց ծովամթերքը Չինաստանից չի ներկրված: Բայց, չնայած սրան, ընկերության վաճառքի ծավալները, կարծես թե, նվազում են, եւ դա կանխելու համար սկսել են իրենց ապրանքատեսակները զեղչել:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎԵՑ
«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում է ուղարկել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին՝ հետաքրքրվելով՝ ինչ դիրքորոշում ունի նա Իջեւանի քաղաքային պատկերասրահի շենքում «մեկ պատուհանի» սկզբունքով գործող Ինտեգրված սոցիալական ծառայությունների կենտրոն գործարկելու վերաբերյալ: Մարզպետի պատասխանում նշված է. «Իջեւանի պատկերասրահից Ինտեգրված սոցիալական ծառայության համար տարածք տրամադրելու հարցը դեռեւս քննարկման փուլում է»:
«Ժողովուրդ» օրաթերթը, հունվարի 30-ին լինելով պատկերասրահի շենքում, արձանագրեց, որ այնտեղ շինանյութեր են կուտակված, շինարարական ակտիվ աշխատանքներ են կատարվում: Բանվորները եւ աշխղեկն ասացին, որ աշխատանքները կատարվում են թիվ 1 շինվարչության կողմից, վերանորոգումն արվում է պատկերասրահի շենքի առաջին եւ երրորդ հարկերում: Հավանաբար, այդ հարկերում է գործելու Ինտեգրված սոցիալական ծառայությունների կենտրոնը, իսկ երկրորդ հարկը ծառայելու է որպես պատկերասրահ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս