ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ՊԱՏՈՒՀԱՆՆ ԱՐԴԵՆ ՓԱԿ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաշխարհային ֆուտբոլի թոփ 5 առաջնություններն արդեն տեղափոխվել են մրցաշրջանի երկրորդ հատված: Այսօր փետրվարի 1-ն է, ինչը նշանակում է, որ ժամեր առաջ արդեն փակվել է տրանսֆերային պատուհանը: Համաշխարհային ֆուտբոլի գիգանտները արդեն կատարել են մի շարք տրանսֆերներ:

Սկսենք անգլիական «Մանչեստեր Յունայթեդից», որը տրանսֆերային պատուհանի բացվելու օրվանից ցանկանում էր իր կազմում տեսնել Լիսաբոնի «Սպորտինգի» պորտուգալացի երիտասարդ կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեսին: Մանկունյանցիները այս տարի սպասվածից շատ ավելի վատ են հանդես գալիս, եւ այդ ամենը կապված է նաեւ կադրային լուրջ խնդիրների հետ: Թիմի առաջատաներ Մարկուս Ռեշֆորդն ու Պոլ Պոգբան արդեն երկար ժամանակ է, ինչ չեն խաղում, իսկ մյուս ֆուտբոլիստներն էլ չեն կարողանում թիմի համար արդյունք ապահովել: Եվ, ահա, այստեղ փայլատակեց «Յունայթեդի» բոսսը՝ Ուլե Գուննար Սուլշերը, ով Բրունո Ֆերնանդեսին իր թիմի կազմում տեսնելը դարձրել էր մոլուցքի նման մի բան: Այս տրանսֆերն այնքան էր քննարկվել, որ արդեն տարատեսակ մեմերի թեմա էր դարձել: Ի վերջո, գործարքը կայացավ: Լիսաբոնի «Սպորտինգը» արդյունքում ստացավ 46 մլն եվրո եւ իր աստղին բաց թողեց «Կարմիր սատանաների» ճամբար: Ըստ շատ տեղեկությունների՝ այս տրանսֆերը իրականացնելու գաղափարը Սուլշերի «ուղեղը մտցրել է» «սատանաների» նախկին լեգենդար մարզիչը՝ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը: Եթե դա այդպես է, ապա Բրունո Ֆերնանդեշը ընտրյալ է, որովհետեւ Պրեմիեր լիգան 13 անգամ հաղթած մարզիչը ֆուտբոլիստների ընտրության հարցում գրեթե չի սխալվում: Մանչեստերի կարմիր հատվածը ներկայացնող թիմը հիմա ծանր վիճակում է գտնվում, եւ Բրունոն համարվում է նրանց վերջին հույսը՝ Աքիլլեսը, ով կարող է միայնակ հաղթել Տրոյայի պատերազմում: Չշտապենք հեռանալ Մանչեստերից. «կարմիրների» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան պետք է տեղափոխվեր Մադրիդի «Ռեալ», համենայնդեպս այդպես էր ցանկանում մադրիդցիների ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը: Երկարատեւ բանակցություններից հետո Գլեյզերների ընտանիքը Էդ Վուդվորդի թեթեւ ձեռքով «շարքից հանեց» այդ տրանսֆերը եւ այնքան զզվեցրեց Զիդանին, որ վերջինս սկսեց փնտրել ուրիշին եւ այդ ճանապարհին բացահայտեց ուրուգվայցի երիտասարդ կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի տաղանդը: Պոգբան չտեղափոխվեց այլ ակումբ, սակայն դա չի նշանակում, որ այս տրանսֆերային սագան մոտեցել է ավարտին:
Հաջորդ տրանսֆերը, որին պետք է անդրադառնանք կրկին, առնչվում է Անգլիային, այս անգամ մայրաքաղաքին՝ Լոնդոնին: Լոնդոնյան «Տոտենհեմի» առաջատարներից մեկը՝ Քրիստիան Էրիկսենը, այդպես էլ չհարմարվեց պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի աշխատելաոճին եւ չցանկանալով դառնալ «Մեծն առանձնահատուկի»՝ կախարդական փայտիկով կարիերաները կործանած ֆուտբոլիստներից մեկը՝ հավաքեց ճամպրուկները ու ուղեւորվեց Միլան՝ «Ինտեր»:
Քանի դեռ Իտալիայում ենք, խոսենք նաեւ մեր ազգային հավաքականի ավագի՝ Հենրիխ Մխիթարյանի «Ռոմայի» մասին: Վերջիններիս վարած տրանսֆերային քաղաքականությունն ավելի քան զարմանալի էր: Նրանց նշանակալի ձեռքբերումներից մեկը եղավ կատալոնական «Բարսելոնայի» երիտասարդ ֆուտբոլիստ Կարլես Պերեսի տրանսֆերը: Այս տրանսֆերային պատուհանի ընթացքում «Գայլերի» ճամբարը լքեց թիմի ավագը՝ Ալեսսանդրո Ֆլորենսին: Ֆուտբոլիստը կարիերան կշարունակի իսպանական «Վալենսիայում»:
«Յուվենտուս»-ի գերմանացի կիսապաշտպան Էմրե Ջանը, խռովելով թիմի մարզիչ Մաուրիսիո Սարիից, որոշեց տեղափոխվել «Բորուսիա Դորտմունդ» դեռեւս վարձակալական հիմունքներով:
Անդրադառնանք «մեղուների» ֆանտաստիկ տրանսֆերին. Էրլինգ Հոլանդ՝ 19-ամյա նորվեգացի ֆուտբոլիստ, ով գերմանական ակումբի կազմում հասցրել է անցկացնել ընդամենը 58 րոպե, բայց խփել է 5 գոլ: Սա Բունդեսլիգայի պատմության ռեկորդն է:
Իտալական «ՄԻլանի» աստղային հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկը կարիերան կշարունակի Բեռլինի «Հերտայում»: Նման ֆուտբոլիստի համար գերմանական միջին ուժի ակումբ տեղափոխվելը կարելի է հետքայլ համարել: Այստեղ հետաքրքիրն այն է, որ Պյոնտեկը «Հերտա» է տեղափոխվել ոչ թե վարձակալական հիմունքներով, այլ ուղիղ տրանսֆերով: Մայրաքաղաքայինների վրա լեհ հարձակվողը արժեցել է 27 մլն եվրո:
Այժմ անդրադառնանք ձմեռային տրանսֆերային պատուհանի ամենազավեշտալի տրանսֆերին, որը այդպես էլ չկայացավ. այն փոփոխեց «Բարսելոնայի» տեխնիկական տնօրեն Էրիկ Աբիդալը, ում տարատեսակ մտքերի պատճառով առանց չափազանցնելու «օդում կախված մնաց» չինական «Բեյցզին Գուանի» կոնգոլեզցի հարձակվող Սեդրիկ Բակամբուն:
Ֆուտբոլիստը արդեն Իսպանիա մեկնելիս է եղել, երբ «Բարսելոնան» մտափոխվել է ու հրաժարվել տրանսֆերից:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս