«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը՝ ԲՀԿ-ն եւս որոշեց մաս չկազմել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի: Նման որոշում կուսակցությունը կայացրել է երեկ քաղխորհրդի նիստում: «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել ԲՀԿ քաղխորհրդի դռնփակ նիստից: Մեր տեղեկություններով՝ նիստի սկզբում Գագիկ Ծառուկյանը խոսք է ուղղել ներկաներին՝ ասելով, թե արդեն պարզ է՝ ինչի համար են հավաքվել, ինչ են քննարկելու, եւ առաջարկել է ներկայացնել իրենց տեսակետները։ Գագիկ Ծառուկյանն իր խոսքում ասել է, թե հակված էր «Այո»-ի կողմնակից լինել, եթե իշխանություններն ընդունած լինեին ԲՀԿ-ի առաջարկները:
Բանն այն է, որ ԲՀԿ-ն առաջարկել էր գոնե մեկ շաբաթով հետաձգել քննարկումները ու բերել նոր նախագիծ՝ իրավական առումով ավելի ամուր, սակայն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու իմքայլականներն ասել են, թե իրենք մեկ շաբաթ չեն կարող սպասել. ժամանակ չունեն։ Եվ հենց այս հանգամանքն էլ դուր չի եկել Ծառուկյանին: Բացի այդ, տեսակետներ են հնչել, թե «Այո»-ին մասնակցելը կարող էր դիտվել թուլության կամ վախի նշան՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի «սպառնալից» ելույթները, իսկ «Ոչ»-ից լինելով էլ՝ ծառայություն կմատուցեին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին՝ վերջինիս արածներն իրենց վրա վերցնելով: Արդյունքում ԲՀԿ-ն որոշել է չեզոք մնալ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։