ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դիմում գրե՛ք, ազատվե՛ք». ինչ հանձնարարականներ է տվել գլխավոր դատախազը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 11-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդակցություն էր անցկացրել ՀՀ զինվորական դատախազությունում, որին ներկա էր եղել նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Ամփոփվել է 2019թ. ընթացքում ՀՀ զինվորական դատախազության գործունեությունը: Խորհրդակցությանը մասնակցել են նաեւ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության եւ կայազորների դատախազները, ինչպես նաեւ ներկայացուցիչներ՝ ՀՀ ՊՆ-ից, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից:

ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը ներկայացրել է 2019թ. Զինված ուժերում հանցավորության դեմ պայքարի հիմնական ցուցանիշները: Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում Զինված ուժերում արձանագրվել է 929 հանցագործության դեպք, որոնցից 556-ը կամ 59,8%-ը` զինվորական, 373-ը կամ 40,1%-ն` այլ ընդհանուր բնույթի։ 2018թ. համեմատությամբ՝ արձանագրվել է հանցագործությունների՝ 18.5%-ով նվազում: Ավելին, գլխավոր դատախազը մի շարք հանձնարարականներ էր տվել դատախազներին:

Սակայն նկատենք, որ այս հանդիպումից հետո ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Զինդատախազությունում սկսել է փոփոխությունների շարք: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ Լոռու մարզի զինդատախազին եւ Արմավիրի մարզի դատախազներին ասել է՝ դիմում գրե՛ք, ազատվե՛ք: Ավելին՝ դատախազությունում տարածված լուրերի համաձայն՝ դատախազը վերոնշյալ պաշտոնյաներին այլ վարչություն է տեղափոխել։ Ի դեպ, սա միակ տեղափոխությունը չէ, որ ՀՀ գլխավոր դատախազը իրականացնում է Զինվորական դատախազությունում:

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն՝ հասկանալու համար, թե ինչ նպատակ է հետապնդում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Զինդատախազությունում՝ սկսելով փոփոխությունների շարքը: Ի պատասխան՝ հայտնեցին. «Ձեր տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում:

Նախ՝ ՀՀ զինվորական դատախազությունում կադրային ընդգրկուն փոփոխությունների խնդիր դրված չէ, եւ չկա նման նախաձեռնություն: Ընդամենը ՀՀ գլխավոր դատախազի 13.02.2020թ. հրամանով՝Լոռու կայազորի զինվորական դատախազ Կարեն Հարությունյանը փոխադրվել եւ նշանակվել է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի պաշտոնում: Եվ դա ՀՀ զինվորական դատախազության 2019թ. գործունեությանը նվիրված խորհրդակցության արդյունքներով բացարձակապես պայմանավորված չէ:

Բացի այդ, ՀՀ զինվորական դատախազությունը Արմավիրում ստորաբաժանում չունի: ՀՀ գլխավոր դատախազի այլ՝ 11.02.2020թ հրամանով՝ ՀՀ Արմավիրի մարզի դատախազ Վահե Հովհաննիսյանը փոխադրվել եւ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ: Այս փոխադրումները բխում են դատախազության մարդկային ու մասնագիտական ռեսուրսներն առավել նպատակային օգտագործելու անհրաժեշտությունից, ինչը պարբերաբար իրականացվում է դատախազական համակարգում:

Քնար Մանուկյան




Լրահոս