Կան թաքնված պատճառներ. Արցախի ՄԻՊ-ը՝ զինվորների մահվան դեպքերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը  Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ զրուցել է բանակում 2020 թվականի ընթացքում արձանագրված աղմկահարույց դեպքերի մասին: Եվ ահա երեկ կրկին հերթական ողբերգական դեպքն է արձանագրվել. ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը:

-Պարո՛ն Բեգլարյան, Ձեր կարծիքով  բանակում 2020 թվականի ընթացքում արձանագրված աղմկահարույց դեպքերը ինչի՞ հետևանք են, դեռևս այսքան մահացության դեպքեր բանակում չեն գրանցվել:

-Ինչպես բոլորը, ես նույնպես մեծ ցավ եմ ապրում ցանկացած զոհի համար, ու այս պարագայում, էական չէ , թե զոհը ինչից է եղել, բայց կանխարգելման տեսանկյունից  էական է, կառավարման խնդիրներով է պայմանավորված կամ ներքին  հոգեբանական վիճակով, ապա պետությունը պարտականություն ունի առավելագույնն անելու, որպեսզի բացառի նման դեպքերը:  Այս կարճ ժամանակաշրջանում խիտ դեպքեր են տեղի ունենում, և դա ցուցիչ է, որ առկա են լրացուցիչ խնդիրներ, որոնք ժամանակին չեն եղել կամ այսկերպ սուր արտահայտված չեն եղել:

-Ի՞նչ խնդիրների մասին խոսքը:

-Ես դեռևս գնահատական չեմ կարող տալ, քանի որ պրոֆեսիոնալ հետազոտություններ չկան: Կարծում եմ, որ այդ փուլում պետությունը շատ արագ, ես էլ իմ մասով հնարավոր ամեն ինչ անելու եմ, որպեսզի կատարվեն մասնագիտական հետազոտություններ, համապարփակ և բազմակողմանի, դա կարող է լինել և՛ կառավարման, և՛ հոգեբանական, և՛ սոցիոլոգիական, և՛ մի շարք այլ հետազոտություններ, որոնց հիման վրա կհասկանանք խնդիրները, և  այս խնդրին լուծում պետք է Զինված ուժերի ղեկավարությունը տա:

-Իսկ ինչո՞ւ մինչև հիմա այդ մասնագիտական հետազոտությունները չեն արվել, ինչո՞ւ կանխարգելիչ միջոցառումներ չեն ձեռնարկվել այսչափ մահացության դեպքերը կանխելու համար:

-Ես որքան տեղյակ եմ,  տարբեր ժամանակաշրջանում եղել են հետազոտություններ ու դրանց հիման վրա բարեփոխումներ են տեղի ունեցել կառավարման համակարգում, բայց տեղյակ չեմ, թե ինքնասպանությունների հետ կապված հետազոտություն արվել է, թե ոչ: Այս դեպքերի սրությունն ու այսքան խտությունը ցույց են տալիս, որ կոնկրետ գործոններ ավելացել:

-Ի՞նչ գործոնների մասին է խոսքը:

-Ամենաշատը բարձրաձայնում են քրեական ենթամշակույթը, բայց դա նոր չէ, և պետք է հասկանանք, թե ինչ նոր միտում կա այդ մշակույթում: Կան թաքնված պատճառներ, որը վերաբերվում են կառավարման համակարգին, մասնավորապես դիրքապահների զինծառայության կազմակերպման մասով:

-Այդ դեպքում ինչո՞ւ Արցախի ղեկավարությունը համապատասխան միջոցներ չի ձեռնարկում, Ձեր նշած համակարգային խնդիրները լուծելու համար, չէ՞ որ գործ ունեն զինվորի կյանքի հետ:

-Իմ լիազորությունները և իմ ունեցած գործիքակազմը խիստ սահմանափակ են, բայց ես առաջնահերթություն եմ համարում, գոնե շրջայցեր ունենալ զորամասերում, տեղում տարբեր զրույցներով հասկանալ խնդիրը: Ես կարծում եմ, որ այս քրեական գործերի շրջանակում էլ բավականին շատ պատճառներ, խնդիրներ կարող են վերհանվել, որոնց հիման վրա հետևություններ և նոր փոփոխություններ պետք է կատարվեն կառավարման համակարգում:

Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս