Դեպքից երեք ժամ առաջ խոսել է իր մայրիկի հետ. նոր մանրամասներ ողբերգական դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը:

ArmLur.am-ի հետ զրույցում զինվորի բարեկամներից Ռոբերտ Հակոբյանը պատմեց, որ տղան շատ խելոք ընտանիքից էր. մասնագիտությամբ ծրագրավորող էր, սովորել էր ԵՊՀ-ում, հետո սովորել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, երեք տարով պայմանագիր էր կնքել: Ոչ ոք չի հավատում, որ Հայկի պես խելոք տղան ինքնասպան կլիներ: Եթե երիտասարդ տղան գնում սովորում է այդքան, ինչու պետք է նման բան աներ: Ի վերջո, նա կնքել էր պայմանագիր, որ աշխատելու է ՊԲ-ում: Դեպքից երեք ժամ առաջ խոսել է իր մայրիկի հետ, ասել է, որ ամեն ինչ իր հետ լավ է, մի քիչ զբաղված է, գնում են դիքեր, որից հետո էլ հայտնում են այդ ցավալի լուրը: Մեկ դպրոցական եղբայր ունի, մեկ քույր: Հրազենային վիրավորումը ստացել է ճակատից: Ցավալի է այն, ինչ կատարվեց: Ոչ մեկը, ամբողջ Գորիսը, հարազատները չեն հավատում այն վարկածին, որ նա կարող էր ինքնասպան լինել»:

Ավելի վաղ ArmLur.am-ին Հայկ Ասրյանի մտերիմներից հայտնել էին, որ զինվորի հայրը տղայի դին Արցախից բերել է Գորիս քաղաք, որպեսզի տղայի դին փորձաքննության ենթարկեն՝ հասկանալու, թե ինչ է իրականում կատարվել: Դատելով իրավիճակից՝ սպայի հարազատները կասկածներ ունեն տղայի մահվան հանգամանքի հետ կապված. միգուցե այնտեղ ինչ-ինչ հանգամանքներ թաքցնեն, ուստի դին Արցախից տեղափոխել են տվել Գորիս քաղաք: Ըստ նախնական վարկածի՝ իբր սպան ինքնասպան է եղել:

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու համար:




Լրահոս