Ինձ համար ամենալավ գրողը մորեղբայրս է՝ Վանո Սիրադեղյանը.Գաբի Գալոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Նպատակը վերջիններիս բոլորովին նոր դիտանկյունից բացահայտելն է, անկեղծ խոստովանություններ «կորզելն» ու նրանց կյանքից քչերին հայտնի դրվագներին ծանոթացնելը: Այս անգամ մեր զրուցակիցը երգչուհի Գաբի Գալոյանն է:

-Գաբի՛, ի՞նչը կարող է կտրուկ կերպով բարձրացնել Ձեր տրամադրությունը:

-Ցանկացած լուսավոր, դրական մարդու հետ հանդիպումը: Լավ, բարի մարդու էներգիան միանգամից փոխանցվում է ինձ, ինչն էլ անդրադառնում է տրամադրությանս վրա:

-Հավաքածուներ ունե՞ք:

-Այո, ունեմ մոմերի, տարբեր երկրներից բերված հուշանվերների հավաքածուներ:

-Ձեր մասին լսած ամենազվարճալի ասեկոսեն:

-Վերջինն անձնականիս էր վերաբերում.ասում էին, թե, իբր, ամուսնացել եմ, այդ պատճառով էլ խզել եմ ընկերություններից մեկի հետ պայմանագիրս, այնինչ դրա պատճառն այն էր, որ լրացել էր պայմանագրի ժամկետը:

-Շարժվում եք հոսանքի ուղղությա՞մբ, թե՞ դրան հակառակ:

-Կցանկանայի շարժվել հոսանքի ուղղությամբ, բայց միշտ հակառակ ճանապարհն եմ բռնում: Դա, իհարկե, դժվար է, բայց այդ ճանապարհին ավելի քիչ ես մրցակիցների հանդիպում:

-Գրող, որի ազդեցությունը Ձեր կյանքում մեծ է եղել:

-Անկեղծ եմ ասում՝ մորեղբորս՝ Վանո Սիրադեղյանի: Ես չեմ գովաբանում նրան, պարզապես նա արծարծում է խորը հոգեբանական թեմաներ, եւ ինձ վրա ամենաշատը ինքն է ազդել: Սա օբյեկտիվորեն եմ ասում:

-Եթե որեւէ մեկին պարգեւատրելու հնարավորություն ունենայիք, ո՞վ կլիներ նա:

-Կպարգեւատրեի բոլոր այն չգնահատված հայ արտիստներին, որոնք մեծ ավանդ են ունեցել արվեստի զարգացման հարցում, սակայն ինչ-ինչ պատճառներով նեղացած հեռացել են Հայաստանից: Կցանկանայի, որ այդ պարգեւատրումն արտահայտվեր ոչ միայն մրցանակի, այլեւ վերաբերմունքի տեսքով:

-Հաջողության հասնելու Ձեր գրավականը:

-Նպատակասլացությունը: Եթե ես բռնեմ որեւէ ճանապարհ, ոչ ոք չի կարող ինձ խանգարել անցնել այն: Եթե նույնիսկ հարվածում են, ընկնում եմ, բայց շուտ ոտքի եմ կանգնում եւ շարունակում եմ ճանապարհս:

-Համա՞ռ, իրատե՞ս, թե՞ հաշվենկատ. այս երեք հատկանիշներից ո՞րն է Ձեր էությանը ավելի մոտ:

-Իրատես եմ: Նաեւ համառ եմ, իսկ հաշվենկատությունը շատ հեռու է ինձնից: Հաշվարկներով չեմ ապրում:

-Մի բան, որ սերը չի հանդուրժում:

-Դավաճանություն:

-Անգամ ամենածանր պահերին հիշում եք, որ…

-Աշխարհում ավելի շատ լավ մարդիկ կան, քան վատ:

-Շնորհք, որն ունեք, բայց քչերը գիտեն այդ մասին:

-Համեղ ուտելիքներ եմ պատրաստում: Սիրում եմ ե՛ւ համեղ ուտել, ե՛ւ համեղ պատրաստել: Մեծ բավականություն եմ ստանում, երբ իմ պատրաստածը հյուրասիրում եմ ընկերներիս:

-Կնոջ ամենամեծ թուլությունը:

-Սիրո բացակայությունը նրա կյանքում:

-Ձեր արտաքինի ամենատպավորիչ մասը:

-Ինքս ինձ որակումներ չեմ տա, կփոխանցեմ այն, ինչ սովորաբար ասում են կողքիններս՝ աչքերս:

-Տղամարդը ուժեղ է, երբ…

-Կողքին ունի խելացի կին եւ մայր:

-Ձեզ կոտրելու փորձեր եղե՞լ են:

-Իհարկե, բայց նման փորձեր անողները գիտեն, որ դա չի ստացվել: Պատանի հասակում ավելի խոցելի էի, եւ ոմանց հաջողվում էր նեգատիվ խոսքերով ու արարքներով կոտրել ինձ, բայց հետո ինչ-որ էներգիայի շնորհիվ առաջ էի մղվում: Իրականում ինձ հեշտ չէ կոտրելը:

-Կարող եք ժամերով սպասել…

-Ընկերներիս գալուստին: Երբ գիտեմ, որ նրանք պետք է գան մեր տուն, բայց ուշանում են, հաճույքով պատրաստություն եմ տեսնում եւ համբերատար սպասում:

-Ամենաշատը Ձեզ նեղացնում են մարդիկ, որոնք…

-Շատ հարազատ են ինձ:

-Ինչպե՞ս եք արդարանում այն մարդկանց առաջ, որոնք դժգոհում են, որ իրենց ուշ-ուշ եք հիշում:

-Շատ պարզ ձեւով՝ասում եմ, որ իմ վերաբերմունքը անձնավորված չէ եւ պայմանավորված է գերհոգնածությամբ, որն առաջ է եկել տարիների ընթացքում: Երբեմն, օրինակ, շրջագայություններից այնքան հոգնած եմ վերադառնում տուն, որ մայրիկս կարող է կողքիս նստել ու խոսել, իսկ ես չլսեմ նրան:

-Աշխարհը հազար անգամ ավելի լավը կլիներ, եթե…

-Մարդիկ անընդհատ զբաղվեին ինքնազարգացմամբ, սիրեին, խնամեին իրենք իրենց, բացասական էներգիայից զերծ մնային եւ ագրեսիվ չլինեին: Եթե խաղաղ, կայացած ու ինքնաբավ մարդիկ մեր կողքին շատ լինեն, աշխարհն է՛լ ավելի լավը կդառնա:

-Պետք է ապրել թեկուզ հանուն…

-Լավ երգեր լսելու, համեղ ուտելիքներ փորձելու, երեխա ունենալու բերկրանքը զգալու, ծնողների, ընկերների ներկայությունը վայելելու համար: Ապրեցնող բաներ շատ կան, պարզապես պետք է դրանք նկատել:

Աննա Բաբաջանյան




Լրահոս