Սարատակ գյուղում բոլորը միաբերան ասում են, որ կողմ են սահմանադրական փոփոխություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Շիրակի մարզի Սարատակ գյուղի բնակիչները մեծ ոգեւորվածությամբ սպասում են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին. այդպես նկարագրեց Սարատակի գյուղապետը: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ Շիրակի մարզի Սարատակ համայնքի ղեկավար Միշա Ղրզոյանի հետ:

-Պարո՛ն Ղրզոյան, սարատակցիները ի՞նչ կարծիք ունեն սահմանադրական փոփոխությունների մասին:

-Բոլորն էլ կողմ են, համենայնդեպս, մեծամասնությունը կողմ է սահմանադրական փոփոխություններին: Բնական է՝ գյուղում երկու դաշնակ կլինի, որ դեմ կարտահայտվի (ծիծաղում է-Ս.Հ.):

-Մարդիկ ի՞նչ են խոսում՝ մեզ պետք չէ Սահմանադրական դատարանը ներկա կազմո՞վ, թե՞ ոչ:

-Հոգուդ մեռնեմ, հաշվի առնելով մեր իրավիճակը՝ որ Սահմանադրական դատարանի գործունեությունը, որ ձախողում է իշխանությանը, բնականաբար, ժողովուրդը երկու տարի է՝ տեսնում է, թե ինչ է լինում: Մենք գյուղում կուլտուրայի տուն ունինք, ժողովուրդն այնտեղ հավաքվում, քննարկում է այդ թեման… Ամեն տնից որ մի հոգի լինի, կլինի ամբողջ գյուղը: Բոլորը միաբերան ասում են, որ կողմ են:

-Այսինքն՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն եթե տեղի ունենա, կմասնակցե՞ն:

-Իհարկե:

-Իսկ Դուք, պարո՛ն Ղրզոյան, մասնակցելո՞ւ եք հանրաքվեին, «Այո՞» եք ասելու:

-Ես, բնականաբար, մասնակցելու եմ ու «այո» եմ ասելու: Մենք բավականին լուրջ զարգացած, նաեւ մեր առօրյայով եւ ներկայով ապրող մարդիկ ենք: Մեզ համար օրենքի գերակայությունը պարտադիր է:

Զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս