Ժողովուրդե օրաթերթի հարցերին պատասխանել է երգիչ Գոռ Սուջյանը: Նա խոսել է իր նախասիրությունների, սովորությունների, բնավորության գծերի մասին: Երգիչը նշել է, թե ինչպիսին է իրեն պատկերացնում 20 տարի անց, ինչն է իրեն ոգեշնչում եւ ինչի է պատրաստ հանուն սիրո:
-Գոռ, կա՞ մի վայր, ուր գոնե ամիսը մեկ անգամ այցելում եք:
-Ակումբներ՝ համերգից համերգ:
-Նախընտրում եք, որ Ձեր տուն գան անակնկալ կերպո՞վ, թե՞ զգուշացնելուց հետո:
-Հիմնականում նախընտրում եմ, որ գան զգուշացնելուց հետո: Սիրում եմ պատրաստված լինել:
-Ի՞նչը կարող է ոգեշնչել Ձեզ:
-Ամեն բարի բան: Չնայած՝ վատ բաներն էլ են ոգեշնչում, բայց ցանկալի է, որ լավը ոգեշնչի:
-Հայտնի արտիստներից որի՞ կենսագրությունն է Ձեզ խորապես տպավորել:
-Էլվիս Փրեսլիի: Վերջերս եմ տպավորվել նրանով:
-Կենցաղում ինչպիսի՞ն եք:
-Ինքս ինձ դժվարությամբ եմ նկարագրում, նախընտրում եմ, որ իմ մասին կողքից կարծիք հայտնեն: Երեւի թե կենցաղում ծանր չեմ, հումոր եմ սիրում, ամեն չնչին բանի հետեւից չեմ ընկնում:
-Ինչպիսի՞ն եք պատկերացնում Ձեզ 20 տարի անց:
-Դժվար է ասել, բայց ուզում եմ մեծ ընտանիք ունենալ, շատ երեխաներ, թոռներ, սեփական մեծ տուն:
-Երկիր, որ միշտ գրավել է Ձեզ:
-Թերեւս ինձ համար նախընտրելի երաժշտությամբ պայմանավորված՝ ինձ գրավել են Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան:
-Ստեղծագործող մարդուն առաջինը հարկավոր է…
-Միշտ ունենալ ոգեշնչման աղբյուր: Ստեղծագորելը հոգեւոր պրոցես է, համենայն դեպս, իմ սուբյեկտիվ կարծիքով: Գուցե մարդիկ կան, որոնք հաշվարկներով են ստեղծագորխում, բայց ինձ համար դա էմոցիոնալ գործընթաց է: Իմ դեպքում ոգեշնչման աղբյուրն աստված է, որից ես սնվում եմ:
-Ինչպե՞ս եք պատկերացնում աշխարհի վերջը:
-Ինչպես գրված է Աստվածաշնչում: Աշխարհի վերջը մարդիկ հիմնականում պատկերացնում են մեծ աղետների տեսքով, բայց ամենամեծ աղետը մարդկային արժեքների ոչնչացումն է: Մարդիկ դարձել են վիրտուալ, ռոբոտները դարձել են իրական…
Ժամանակին մութ ու ցուրտ տարիներ էին, Հայաստանում հացի խնդիր կար, բայց մարդիկ համախմբված էին: Հիմա հացի խնդիրը քիչ թե շատ լուծվել է, բայց կորցրել ենք արժեքներ:Թեպետ աշխարհում իրավիճակն այդ առումով շատ ավելի վատ է:
-Հանուն սիրո ինչի՞ եք պատրաստ:
-Սերը, իհարկե, հնարավոր չէ ձեւակերպել: Բոլորը փորձում են բացատրել՝ ինչ է սերը, այդպես էլ չի ստացվում: Ինձ թվում է՝ սիրել նշանակում է զոհաբերել ինքդ քեզ:
-Ինչպե՞ս կբնութագրեք հայաստանյան ներկայիս քաղաքական կյանքը:
-Քաղաքականությունից չեմ սիրում խոսել, դա այն ասպարեզն է, որից ես գլուխ չեմ հանում: Կան քաղաքական գործիչներ, որոնք վերլուծում են քաղաքական դաշտը, ոմանք՝ լավ, ոմանք՝ վատ…
-Այս երեքից ո՞րը Դուք չունեք՝ համբերությո՞ւն, համարձակությո՞ւն, թե՞ ինքնավստահություն:
-Ամեն հատկությունից էլ քիչ-քիչ ունեմ: Չեմ կարող ասել, որ լիարժեք ինքնավստահ եմ, ոչ էլ՝ լիարժեք համարձակ…
-Կնոջ ամենագրավիչ հատկանիշը ո՞րն է:
-Կանացիությունը: Կնոջ մեծագույն կոչումներից մեկը մայր դառնալն է, որը եւս առանձնակի կանացիություն է պարգեւում նրան:
-Կնոջն իսկապես այդքան դժվա՞ր է հասկանալ, որքան ներկայացվում է:
-Նայած՝ կնոջ. դա շատ սուբյեկտիվ հարց է, ամեն բան տվյալ անձից է կախված, եւ այդ թեզը չի կարելի տարածել իգական սեռի բոլոր ներկայացուցիչների վրա:
-Ինքներդ Ձեզ ոչ ստանդարտ մարդ համարո՞ւմ եք:
-Ինձ համար մարդու ստանդարտները պետք է համապատասխանեն աստվածաշնչյան պատվիրաններին: Ես փորձում եմ մաքսիմալ համապատասխանել այդ ստանդարտներին:
-Ինչի՞ համար եք զղջում:
-Ոչ մի բանի:
-Ինչի՞ց եք վախենում:
-Կորուստներ ունենալուց:
-Ումի՞ց կարելի է անվերջ սովորել:
-Քրիստոսից:
-Ե՞րբ կարելի է համարել, որ կյանքը ստացվել է, մարդը հաջողել է:
-Ես ամեն օր բարձրացնում եմ իմ նշաձողը, վերջնական հաջողություն գոյություն չունի:
Աննա Բաբաջանյան