«Քաղաքացու որոշում» կուսակցությունը դիմել է ՔՊ վարչությանը. ինչ հարցեր է ուղղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը նամակով դիմել և հարցեր է ուղղել ՔՊ վարչությանը։ Նամակի տեքստը ամբողջությամբ հետևյալն է․

«Հարգելի՛ գործընկերներ,

Վերահաստատում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ Սահմանադրական դատարանը ներկայիս կազմով չի կարող սահմանադրական արդարադատություն իրականացնել։ Կրկին արձանագրում ենք, որ հանրաքվեն ժողովրդի իշխանության իրացման համար կարևոր և անհրաժեշտ միջոց է, դրա կիրառման փաստը ողջունելի է։ Հանրաքվեն նաև լավ հնարավորություն է երկրի ապագայի վերաբերյալ գաղափարների, պատկերացումների շուրջ բովանդակային քննարկումներ ծավալելու համար։

Այդպիսի քննարկումներն են քաղաքացուն հնարավորություն տալիս գիտակցված և տեղեկացված մասնակցել որոշումների կայացման գործընթացին, կայացնել որոշումներ՝ հիմքում ունենալով քննարկվող հարցի վերաբերյալ փաստարկները, գնահատել ռիսկերն ու իր պատասխանատվությունը իր իսկ որոշման հետևանքների համար։

Սահմանադրական դատարանի ճգնաժամը հանրաքվեով լուծելու նախաձեռնության վերաբերյալ հնչել են մի շարք հարցեր, որոնց պատասխանները մեզ բավարարել են։ Այնուամենայնիվ, հանրային քննարկումներից դուրս են մնացել մի շարք էական հարցեր։

Հանրության տարբեր շերտեր այս գործընթացն ընկալում են տարբեր կերպ․ որոշները սա ընկալում են որպես իշխանությունը ժողովրդին վերադարձնելու հերթական հանգրվան, որոշները՝ որպես անիմաստ գործընթաց, որոշները՝ անձնական վրեժխնդրություն, մի այլ հատված էլ՝ պետական համակարգի ամբողջական յուրացում։ Քանի որ որևէ տեղ անցյալի իրավա-քաղաքական գնահատականն արձանագրված չէ, չեն նախանշվել այն սկզբունքները, ճանապարհային քարտեզը և ժամկետները, թե անցյալից ապագա այդ հեղափոխական-անցումային շրջանը ինչպես և երբ է ավարտվելու՝ անհրաժեշտություն է առաջանում պարզաբանել մի շարք հարցեր։

Մասնավորապես․

• Ի վերջո, գործող սահմանադրությունը լեգիտի՞մ է, թե՞ լեգիտիմ չէ։
• Եթե, այնուամենայնիվ, այն կեղծված լինելու բերումով լեգիտիմ չէ՝ ինչո՞վ պետք է առաջնորդվեն հանրությունը, դուք և ապագա Սահմանադրական դատարանը։
• Ի՞նչ սկզբունքներ և չափորոշիչներ է կիրառվելու նոր դատավորների նկատմամբ։ Մասնավորապես․ կարո՞ղ են նրանց թվում լինել ձեր քաղաքական թիմի անդամներից։
• Հնարավո՞ր է, որ այս փոփոխությամբ հեռացվող ներկայիս ՍԴ անդամներից որևէ մեկը ընտրվի նոր ՍԴ դատավոր։
• Բացի իրավական ակտերում այժմ ամրագրված երաշխիքներից դատարանի անկախության ի՞նչ լրացուցիչ երաշխիքներ կարող եք ներկայացնել։ Հանրային այն մտահոգությունները փարատելու համար, թե ապագա դատարանը ևս կարող է կախյալ լինել, մեծ քայլ կլինի, եթե հրապարակեք այն անձանց անունները կամ շրջանակը, որոնց կառավարությունը առաջադրելու է ՍԴ դատավորի թեկնածու։
• Ո՞րն է Ձեր դիրքորոշումը և առաջարկը․ սահմանադրական փոփոխությունների հաջորդ նախագծով ՍԴ-ն, որպես առանձին ինստիտուտ, պահպանվելու է՞, թե՞ ոչ։
• Ցանկացած ընտրության կամ հանրաքվեի արդյունքներ բողոքարկելի են։ Այս հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում բողոքարկվելու դեպքում կարող է առաջանալ իրավական-քաղաքական ճգնաժամ, քանի որ հարցը պետք է քննարկվի անձնապես շահագրգիռ դատավորների կողմից։ Ինչպե՞ս եք պատկերացնում այդ խնդրի հաղթահարումը։

Այս հարցերի պատասխանները էական են թե՛ մեր դիրքորոշման համար, թե՛ այն համատեքստում, որ քաղաքացին մտնելով քվեախցիկ՝ հստակ պատկերացնի, թե իրեն ի՞նչ է սպասում այս գործընթացի արդյունքում, և ինչի՞ն նա պետք է պատրաստ լինի»։




Լրահոս