«Այս հարցում հակառակ պնդում լինել չի կարող». Անի Սամսոնյանը պարզաբանումներ է ստացել ծննդատների փակման վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ պարզաբանումներ է ստացել ծննդատների փակման վերաբերյալ։

«Հարգելի գործընկերներ,

դիմել էի Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ծննդատների փակման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար։

Նախարարի կողմից բազմիցս նշված պատճառների մասին ներկայացվել է նաև ինձ ուղղված գրավոր պատասխանում, որոնք ձեզ արդեն հայտնի են։

Համառոտ ներկայացնեմ միայն հետևալը․

• Կոտայքի մարզի Նաիրի բժշկական կենտրոն ՓԲԸ-ի տնօրինությանն առաջարկվել է ծննդատների գործարկման մասով ներկայացնել պետական պատվերի տեղադրման նոր հայտ, որը կքննարկվի։
• Տավուշի մարզի Աչաջուր առողջության կենտրոն ՊՈԱԿ-ի մասով ներկայացվել են միայն փակման հիմքերը և ապագայում հարցը նորից քննարկելու կամ փակման որոշումը վերանայելու որևէ հիշատակում չկա։
• Շիրակի մարզի Մարալիկ առողջության կենտրոն ՓԲԸ-ի մասով ներկայացվել են միայն փակման հիմքերը և ապագայում հարցը նորից քննարկելու կամ փակման որոշումը վերանայելու որևէ հիշատակում չկա։
• Նույնն է նաև Արտենի ԱԿ, Ծաղկահովիտի ԲԿ, Արծվաբերդի ԱԿ, Քաջարանի ԲԿ, Գառնիի ԲԿ մասով։

Ստացվում է, որ այս պահին որոշակի է Կոտայքի մարզի Նաիրի բժշկական կենտրոնի վերանայման հարցը։

Ակնհայտ է, որ մոր և մանկան առողջության պաշտպանության տեսանկյունից ծննդատները և բժշկական սպասարկումը պետք է անպայման համապատասխանեն ընդունված չափանիշներին։ Այս հարցում հակառակ պնդում լինել չի կարող։

Սակայն բնակչության թվաքանակի աճի տեսլականի և զարգացման ռազմավարության տեսանկյունից տրամաբանությունը հուշում է, որ ծննդատների հարցը պետք է լուծվեր ոչ թե փակման, այլ վերազինման ճանապարհով։ Այստեղ կարևոր գործոն է նաև բժշկական կենտրոնների, մարզպետարանների և Առողջապահության նախարարության համատեղ ջանքերը և համագործակցությունը, ինչը գործընթացում իմ գնահատմամբ բացակայել է»,- գրել է նա:




Լրահոս