«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Շաբաթ օրը Գերմանիայի Մյունխեն քաղաքում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ բանակցությունները շարունակում են լայն քննարկման թեմա մնալ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: ՀՀ վարչապետը քննադատվում է թույլ փաստարկներով խոսելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին ներկայացուցիչ, նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ` հետաքրքրվելով՝ որպես Արցախյան հիմնահարցի իրավական հատվածից ամենատեղեկացված մարդկանցից մեկը՝ ի՞նչ փաստարկներ պետք է ներկայացվեին մյունխենյան քննարկման ժամանակ, որ չարվեցին:
«Կոռեկտ չեմ համարում հրապարակային խոսել հայկական կողմի բացթողումների մասին:- ասաց Կոստանյանը` շարունակելով,- Ինչ վերաբերում է փաստարկներին, որոնք անպայման պետք է ապագայում ներկայացնել Ադրբեջանին, բազմազան են: Օրինակ` բառացիորեն վերջերս՝ հունվարի 30-ին, Եվրոպական դատարանը հրապարակեց Ադրբեջանի դեմ իր վճիռը՝ Մանվել Սարիբեկյանի վերբերյալ: Այս գործով, որպես պետության ներկայացուցիչ, ես ներկայացրել եմ Հայաստանը որպես երրորդ կողմ: Դատարանը այս գործով հստակ արձանագրեց, որ մեր հայ տղան Ադրբեջանում խոշտանգվել, սպանվել է, եւ դրա համար պատասխանատու է Ադրբեջանի իշխանությունը: Սա Մարդու իրավունքների միջազգային դատարանի կողմից հաստատված մի զորեղ փաստարկ է, որը պետք է որպես ապտակ օգտագործել բոլոր այն դեպքերում, երբ Ադրբեջանի որեւէ պաշտոնյա, ներառյալ նախագահը, իրեն թույլ կտա ասել, թե Ադրբեջանում հայերը կարող են հանգիստ եւ ապահով ապրել, ինչպես մնացած բոլոր ազգային փոքրամասնությունները»:
Ըստ Գեւորգ Կոստանյանի՝ կան բազմաթիվ այլ փաստեր՝ հաստատված միջազգային տարբեր կառույցների կողմից, որոնք վերաբերում են Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի, Մարաղայի եւ այլ հանցագործություններին, որոնք բազմիցս մեր կողմից ներկայացվել են իրավական գործընթացներում եւ պետք է օգտագործվեն նաեւ քաղաքական համատեքստում:
Հավելենք, որ առաջիկայում նաեւ լինելու է Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի մասով ՄԻԵԴ դատավճիռը, որի ներկայացուցիչը եւս եղել է Գեւորգ Կոստանյանը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։