Արցախի պաշտպանության բանակում և Հայաստանի պաշտպանության նախարարությունում վերջին օրերին տեղի ունեցող դեպքերի շուրջ տարատեսակ խոսակցություններ են շրջանառվում:
Ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչև փետրվարի 17-ը Զինված ուժերում գրանցվեցին 13 (ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, սպաներ) մահվան դեպքեր: Պաշտոնապես հաղորդվել է, որ նրանցից 4-ը դժբախտ պատահարի հետևանքով են, 4-ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով (հիվանդություն, անձնական խնդիրներ), մնացած 5 դեպքերի առթիվ հարուցված են քրեական գործեր, հանգամանքները պարզվում են:
Եվ ահա, երեկ բանակում տիրող իրավիճակի մասով մեկը մյուսի հետեւից հաջորդեցին ղեկավար մարմինների խորհրդակցություններն ու քննարկումները: ArmLur.am-ը տեղեկացրել է, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը գործուղումից վերադառնալուց հետո շտապել է կառավարություն` ՀՀ վարչապետի հետ հանդիպման: Բանն այն է, որ բանակում արձանագրված դեպքերի մասով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրմոտ էր կանչել անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին, Զինված ուժերի եւ իրավապահ մարմինների բարձրաստիճան այլ ներկայացուցիչների:
ArmLur.am-ին Արցախի և Հայաստանի պաշտպանական գերատեսչություններում տիրող մթնոլորտից և շրջանառվող լուրերից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել է, որ ՀՀ զինված ուժերում պաշտոնյաների ազատման շարք է լինելու:
Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ այսօր կարձակվի ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանի ազատման դիմումը:
Ըստ նույն լուրերի՝ այսօր սպասվում են նաև Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանի և ՀՀ ԶՈւ աշխատակազմի գծով աշխատանքների վարչության պետ Ալիկ Ալեքսանյանի ազատումները:
Ի պատասխան ArmLur.am-ի հարցի՝ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը նշեց. «Ես նման տեղեկություններ չունեմ»: