ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հաշմանդամություն ստանալու կարգը կփոփոխվի. նոր որոշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում 1 տարի ժամկետով, անձի դիմումի հիման վրա, կրկնակի անգամ բժշկասոցիալական փորձաքննություններ կիրականացվեն հատուկ ընթացակարգով՝ պարզեցված եղանակով՝ առանց անձի զննության: Ըստ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ Հայաստանի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովներում կոռուպցիոն դրսեւորումները դեռ շարունակվում են: Դրա մասին են վկայում վերջին ամսներին Ազգային անվտանգության ծառայության բացահայտումները:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փորձաքննությունները կիրականացվեն նոր սկզբունքով՝ պատահական ընտրությամբ ձեւավորված հանձնաժողովների միջոցով: Մեզ հայտնի դարձավ, որ ներկայումս Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն աշխատանքներ է տանում՝ գնահատող մասնագետների ռեեստրի ձեւավորման ուղղությամբ: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մասնագետները հույս ունեն, որ պարբերաբար եւ հաշմանդամության գնահատման գործընթացից 2-3 օր առաջ ձեւավորվող հանձնաժողովների գործունեության պարագայում կնվազեն կոռուպցիոն ռիսկերը: Բացի այս, փոփոխության թիրախը կլինի նաեւ այն, որ հաշմանդամության գնահատման գործընթացում շեշտը կդրվի ոչ թե հաշմանդամության կարգավիճակ սահմանելու, այլ անհրաժեշտ ծառայությունների փաթեթը որոշելու վրա:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բժշկասոցիալական փորձաքննական (ԲՍՓ) հանձնաժողովներն աշխատում են գերծանրաբեռնված գրաֆիկով, քանի որ մի շարք հանձնաժողովների կազմերը համալրված չեն: Կրկնակի փորձաքննությունները պարզեցված կարգով իրականացնելու պարագայում, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հրամանով, կձեւավորվի 9-10 ԲՍՓ հանձնաժողով, որոնք կիրականացնեն առաջին անգամ բժշկասոցիալական փորձաքննության համար դիմած անձանց փորձաքննությունը: Այս նպատակով փորձաքննությունների թիվը 1 օրվա կտրվածքով մեծ չէ՝ ընդամենը 4-5 անձ:

Ըստ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ կրկնակի փորձաքննության արդյունքում տարեկան փորձաքննվածների 2.6 տոկոսը (624 անձ) հաշմանդամություն ունեցող անձ չի ճանաչվում: Հաշվի առնելով ընթացիկ տարվա համար կանխատեսվող կենսաթոշակի միջին ամսական չափի աճը՝ հաշմանդամության միջին կենսաթոշակի չափը կկազմի 44 000 դրամ, 624 անձի հաշմանդամության կենսաթոշակը տարեկան կկազմի 329 մլն 472 հազար դրամ:

Ի դեպ, բժշկասոցիալական փորձաքննության բաժինները աշխատելու են կրճատված կազմով՝ 24-ի փոխարեն 9-10-ը բաժին, ինչը ենթադրում է շուրջ 140 մլն դրամի խնայողություն:

Սյունէ Համբարձումյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս