«Ժողովուրդ» օրաթերթն այսօր մանրամասներ էր ներկայացրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա փակ հանդիպումից: Գրել էինք նաեւ, որ բոլոր վարչական շրջանների ղեկավարները զբաղվելու են քարոզարշավով, բացի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանից. նրան թույլ չեն տվել:
Այս կապակցությամբ ArmLur.am-ը զրուցեց Դավիթ Կարապետյանի հետ՝ պարզելու համար, թե ինչով է պայմանավորված նման որոշումը:
«Ես ավելի մեծ պատասխանատվությամբ եմ ներգրավված լինելու քարոզարշավին, մասնավորապես Կենտրոնական գրասենյակում, մյուս մարզերում, վարչականներում, այսինքն՝ ողջ հանրապետության մասշտաբով ներգրավված եմ լինելու կազմակերպչական աշխատանքների մեջ»,- ասաց նա:
Հարցին՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանով ո՞վ է զբաղվելու, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մալաթիայով զբաղվելու է իմ քայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, ով՝ որպես պատգամավոր, խնդրեց, և ես չմերժեցի: Ես ավելի մեծ մաշստաբի ներգարվվածություն եմ ունենալու կենտրոնական գրասենյակում»:
Սակայն ուշագրավ է, որ ArmLur.am-ի հետ զրույցում «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հերքեց Դավիթ Կարապետյանին՝ նշելով. «Դա իմ ցանկությամբ չի եղել, այլ ընդհանուր որոշում է եղել, բոլորով քննարկել ենք, որ ես պետք է այնտեղ լինեմ և աշխատեմ: Դա որոշել են համակարգողները»:
Հարցին՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն իրեն չի վստահել Կենտրոնական գրասենյակի աշխատանքները, այլ վստահել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին, Հ. Հակոբյանն արձագանքեց.
«Նախ Նիկոլ Փաշինյանը չի որոշել: Ինձ ինչ-որ վստահել են, դա նորմալ աշխատանք է, կարող են ավելին վստահել: «Այո»-ի շտաբը ունի համակարգողներ՝ Սուրեն Պապիկյանը և Սիփան Փաշինյանը, և որոշումը կայացրել են նրանք՝ միգուցե համաձայնեցնելով Նիկոլ Փաշինյանի հետ: Եվ հավելեմ, որ ես Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պատգամավոր եմ, և այնտեղից հավաքել եմ լուրջ քանակությամբ ձայներ»,- ընդգծեց Հրաչյա Հակոբյանը:
Հավելենք, որ Դավիթ Կարապետյանը Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնը լքած Հայկ Սարգսյանի մորաքրոջ թոռն է եւ վերջինիս «հոպար» է ասում:
Լիդա Եղիազարյան