Սիրահարների տոնին՝ Սուրբ Վալենտինի օրը, դերասանուհի Ռոզի Ավետիսովան հրապարակել էր մի տղայի հետ չափազանց սիրառատ լուսանկար, որը իրարանցում էր առաջացրել համացանցում: Շատերը նույնիսկ շնորհավորում էին զույգին եւ նշում, որ Ռոզին եւ ընտրյալը բավականին ներդաշնակ են իրար: «Ժողովուրդ» օրաթերթը դերասանուհուց պարզեց՝ արդյոք նրա սիրտն արդեն զբաղված է. մենք հարցրինք՝ Ռոզին ընտրյալ ունի, թե ոչ:
«Ոչ, այդ լուսանկարը գովազդային բնույթ էր կրում, դա ընդամենը «iqos»-ի գովազդն էր, լուսանկարն էլ բեմադրված էր»,-պարզաբանեց Ռոզին:
Պատահական չէ, որ նա լուսանկարը մակագրել էր այսպես. «Համբույր՝ առանց ծխի, մի ուրիշ սեր: Սիրե՛ք ու եղե՛ք սիրված: Շնորհավո՛ր սիրո տոնը»: Հարցին, թե իրականում իր սիրտը զբաղված է, թե ոչ, Ռոզին խուսափեց պատասխանել՝ պատճառաբանելով, որ չի ցանկանում անձնականի մասին որեւէ բան խոսել: Նա տեղեկացրեց միայն, որ սիրահարների տոնը նշել է ընկերական ջերմ միջավայրում:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ չեղյալ էր համարվել Ռոզի Ավետիսովայի նշանադրությունը: Դրանից հետո Ռոզին նոր ընտրյալ ուներ, սակայն պարզ չէ, թե ինչ ընթացք ստացան նրանց հարաբերությունները: Համենայնդեպս, մեկ տարի առաջ Ռոզին հենց մեզ հետ զրույցում նշել էր, որ իր սիրտն ազատ է:
Մենք մի փոքր էլ զրուցեցինք գործնականի մասին: Դերասանուհին ասաց, որ իր մոտ ստեղծագործական դադարի շրջան է. «Հիմա ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ չեմ ստանում: Թատրոնում, անտերպրիզային ներկայացումներում եւս զբաղվածություն չունեմ, բայց տարին դեռ առջեւում է. կարծում եմ՝ հետաքրքիր առաջարկներ կլինեն, եւ այս դադարը երկար չի տեւի»:
Հավելենք, որ Ռոզին նկարահանվել է «Փեսացուն կրկեսից», «Սկոչ եւ վիսկի», «Սահմանին», «Վերջին աղոթք» ֆիլմերում, «Հրեշտակների դպրոց», «Տիգրանի մոլորակը», «Ամնեզիա» հեռուստասերիալներում:
Աննա Բաբաջանյան