«Ոչ»-ի ճակատը ջախջախիչ պարտություն է կրելու. Տիգրան Ուլիխանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 17-ից մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը: «Այո»-ի կողմ հանդիսացող «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, իրականացնելու է 44 պատգամավոր:

ArmLur.am-ը զրուցել՝  ԱԺ«Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի հետ, որը 44 պատգամավորներից մեկն է:

-Պարո՛ն Ուլիխանյան, ինչպե՞ս և որտեղի՞ց եք սկսելու քարոզարշավը:

-Դեռևս դրա վերաբերյալ որոշում չկա, ամեն դեպքում շուտով սկսելու ենք շտաբների կազմակերպումը: Սովորական, այնպես ինչպես միշտ է եղել: Անկեղծ ասած, եթե տեղի հետ կապված որևէ որոշում կա, ես տեղյակ չեմ այս պահին:

-Ի՞նչ կարգախոսով եք ներկայանալու:

-Անկեղծ ասած դեռ չգիտեմ, դրանով մեր մարկետինգային ժողովուրդն է զբաղվում: Ես այդպիսի գեղարվեսատական բաներից լավ չեմ հասկանում:

-Երեկվա փակ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ հրահանգներ է տվել:

-Ամեն ինչի մասին խոսել ենք, ես մի փոքր բառամթերքը կփոխեի, քանի որ այնտեղ հավաքված է եղել խմբակցությունը և վարչապետը, այնտեղ հրահանգելու խնդիր չկա: Որոշել ենք մեր հետագա անելիքները, նաև վարչապետը ներկայացրել է իր արտասահմանյան պաշտոնական այցերի ընթացքում տեղի ունեցած հանդիպումներից մանրամասներ, որոնք մեզ պատգամավորներիս հետաքրքրում էին:

-Ինչո՞ւ «Իմ քայլ»-ի 88 պատգամավորներից քարոզարշավին մասնակցելու է միայն 44-ը: Չէիք վստահո՞ւմ մնացած 44 պատգամավորներին:

-Դա որևէ կերպ չի բացառում մյուսների մասնակցությունը, վերջ ի վերջո մենք ենք «Այո»-ի նախաձեռնողը:

-Ի՞նչ սկզբունքով եք ընտրել քարոզիչներին:

-Դա սահմանափակող ցուցակ չէ, դա չի նշանակում, որ մյուսները չեն մասնակցելու:

Փաստորեն ո՛չ դաշնակից ունեք դաշտում, ո՛չ հակառակորդ: Մի երկու փոքր ոչ ազդեցիկ կուսակցություններ են միացել, իսկ «ոչ»-ի կողմն էլ իրավաբաններ ու իրավապաշտպաններ են:

-Ես պատասխանատվություն եմ կրում իմ քաղաքական թիմի համար, մենք գնում ենք «Այո»-ի քարոզարշավի, վստահություն ունենք, որ շռնդալից հաղթելու ենք և «Ոչ»-ի ճակատը ջախջախիչ պարտություն է կրելու:

 Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս