Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն այսօր ընդունել է 2020 թվականի փետրվարի 12-ին մահացած ժամկետային զինծառայող Տիգրան Մանվելյանի հարազատներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Տ.Մանվելյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրականացվող քննչական և դատավարական գործողությունները:
Ս.Մանվելյանի հարազատները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու նկատառումները դեպքի առթիվ:
Ա.Կրկյաշարյանը վերջիններիս վստահեցրել է, որ նախաքննական մարմնի կողմից մանրամասն քննության առարկա են դարձվելու քրեական գործով էական նշանակություն ունեցող և տուժողի իրավահաջորդներին մտահոգության տեղիք տված բոլոր հանգամանքները։
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը:
N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Մանվելի Մանվելյանի գլխի շրջանում հրազենային վնասվածք ստանալու և զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: