ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՎԱՌ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 2-ին հայ հանրությունը բավականին տխուր տեսարանի ականատես եղավ.  կիրակի օրը Արմավիրի մարզի Հայթաղ համայնքից մարդիկ վերցրել էին բանակում մահացած զինվոր Վահրամ Ավագյանի դին եւ բերում էին Երեւան: Բարեբախտաբար, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հաջողվեց համոզել հարազատներին հետ տանել դին, հուղարկավորությունը պատշաճ կազմակերպել: Տեղի ունեցածը, սակայն, բազում հարցեր է առաջացնում:

Նախ՝ ինչո՞ւ էր հարազատների ցասումը հանդարտեցնելու գնացել Դավիթ Տոնոյանը, որը Զինված ուժերի, կանոնադրական հարաբերությունների ու, ընդհանրապես, զորքի հետ որեւէ առնչություն չունի: Դրա պատասխանատուն բացառապես Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն է: Բացի այդ, շաբաթ օրը տեղի ունեցավ 2 անցանկալի իրադարձություն եւս. Տոնոյանը ստիպված եղավ հասարակության դժգոհությունը մեղմելու համար կարծիք հայտնել, թե տեղի ունեցածն ինքնասպանություն չէ: Զինվորի հարազատները պնդում էին՝ հանեն պիտակը, տան անունները, թե ով է սպանել իրենց զավակին: ՀՀ ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ հավելեց, որ շուտով հայտարարություն կլինի, կտան անուններ: Այս հայտարարությունից կարճ ժամանակ անց ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես ծանուցեց՝ Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Ավագյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը: Նրանք ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում:

Սա նշանակում է, որ մեր երկրում տեղի է ունենում փողոցային արդարադատություն. հավաքված մարդիկ են որոշում՝ ում ինչ հոդվածով պատժեն: Իսկ ամենաուշագրավն այն է, որ եթե ինքնասպանություն չի եղել, ինչպես հայտարարվել էր հենց դեպքի օրը (հետո փոխվեց հոդվածը), ապա ո՞վ է մարդասպանը: Նկատենք, որ անգամ այն հոդվածը, որով ձերբակալել են երիտասարդներին, չի տալիս հիմնական հարցի պատասխանը՝ ով է կրակել զինվորին եւ ինչ դրդապատճառով:

 

 

 

 

 

Ինչպես հայտնի է, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը երեք օրով մեկնել էր Դիլիջան, որպեսզի, իրենց իսկ խոսքով ասած, մշակեին 2020 թվականի ռազմավարությունը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շաբաթ օրը՝ փետրվարի 1-ին, իմքայլականներին է միացել նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Հիմնական քննարկումները ծավալվել են հենց այդ օրը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ քննարկվող թեմաները եղել են օրենքի մի քանի նախագծեր, որոնք պետք է առաջիկայում խորհրդարանականները ներկայացնեն քննարկման: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախ եւ առաջ քննարկվել են փետրվարի 6-ին կայանալիք արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված «ԱԺ կանոնակարգ» օրենքում կատարվող փոփոխությունները, որը, կարելի է ասել, անգամ իմքայլականների մոտ է խառնաշփոթ առաջացրել, քանի որ սահմանադրական փոփոխությունների գործընթացից դուրս է թողնում ՀՀ եւ ՍԴ նախագահներին: Այնուհետեւ օրակարգում են եղել Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխությունները. իշխանությունները նպատակ ունեն «չեզոքացնել» ռեյտինգային ընտրակարգը: Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հետ, որը եւս ակտիվ մասնակցել է քննարկումներին: «Ես կարծում եմ, որ մենք՝ որպես իշխող քաղաքական ուժ, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ապահովենք Հայաստանի տնտեսական զարգացումը, քաղաքական ստաբիլությունը, բարձր տրամադրությունը եւ այն ամբիցիոզ ծրագրերը, որ կան մեր առջեւ», – նշեց նա:

 

 

 

 

 

Վերջին շաբաթներին Արցախում, մասնավորապես՝ Քարվաճառի շրջանում, սկսվել է գործող եւ նոր կառուցվելիք ՀԷԿ-երի դեմ պայքար: Եւ պարզվում է՝ այն խորը քաղաքական կամ նախընտրական քարոզչական նպատակներ ունի:  Խոսքը քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի մասին է, որն այս տարվա հունվարի 20-ից հացադուլի մեջ է: Բավական է հայացք գցել Քանանյանի անցյալին, նրա ունեցած կապերին, եւ ամեն ինչ պարզ է դառնում: Մասնավորապես, հացադուլով պայքար սկսած Ալեքսանդր Քանանյանը Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի անմիջական շրջապատից է, ով նաեւ 2007 թվականին եղել է նախագահի թեկնածու Մայիլյանի շտաբի անդամ: Ու երբ Արցախի նախագահ Բակո Սահակյանը փորձել է հանդիպել նրան, լսել դժգոհությունը, հրաժարվել է: Ասել է թե՝ Արցախի ԱԳ նախարարը սրում է գնացող նախագահ Սահակյանի հետ հարաբերությունները: Հիշեցնենք, որ Բակո Սահակյանն իր թիմակիցների հետ վերջին հանդիպման ժամանակ հայտարարել է, թե իրենք ոչ ոքի չեն սատարելու, սակայն ով էլ հաղթի, պետք է շնորհավորեն ու կանգնեն կողքին: Ինչպես հայտնի է, Մայիլյանը մտադիր է առաջադրել իր թեկնածությունը նաեւ այս տարվա մարտի 30-ին կայանալիք Արցախի նախագահի ընտրություններում եւ «հացադուլային շարժումներով» փորձում է Սահակյանին իր կողմը ներգրավել: Մայիլյանն իր հիմնական մրցակիցն է համարում «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին, որն այդ ընտրություններում անվիճելի ֆավորիտն է:

 

 

 

 

Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության հետեւանքով արդեն մեկ ամիս է, ինչ բարձրացել են մոտ 900 անուն ապրանքների մաքսատուրքերը: Այսինքն՝ 900 անուն ապրանք, որոնք չեն ներկրվում ԵԱՏՄ անդամ երկրներից՝ Ղազախստանից, Ղրղզստանից, Բելառուսից, Ռուսաստանից, առաջիկայում կթանկանան 0.5 տոկոսով:  «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնվել է 900 անուն ապրանքների ցանկը, որոնց մաքսային դրույքաչափերը բարձրացել են եւ դեռ բարձրանալու են: Այսպես, ներկայացնենք սպառողական զամբյուղի կարեւոր ապրանքները, որոնց համար այս տարվա հունվարի 1-ից գործում է մաքսատուրքերի նոր դրույքաչափ: Ընտանի թռչնի մսի մաքսային դրույքաչափը այս տարվա հունվարի 1-ից արդեն բարձրացել է 25 տոկոսով, 2021 թվականին կբարձրանա 50 տոկոսով, իսկ, ահա, 2022-ին այն կբարձրանա 1 կիլոգրամի համար 0.7 եվրոյով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, օրինակ, խոշոր եղջերավոր անասունի սառեցրած մսի մաքսային դրույքաչափը այս տարվա հունվարի 1-ից 15 տոկոսով է բարձրացել: Ի դեպ, այն 2021 թվականին 25 տոկոսով կբարձրանա, 2022 թվականին՝ 50 տոկոսով, բայց ոչ պակաս, քան 1 եվրո՝ 1 կիլոգրամի համար, այսինքն՝ ավելի քան 520 դրամով: Ձեթի մաքսային դրույքաչափն այս տարվա հունվարի 1-ից բարձրացել է 15 տոկոսով: Հեղուկ գազի մաքսային դրույքաչափը 2020, 2021 եւ 2022 թվականների համար կբարձրանա 5 տոկոսով: Հիշեցնենք, որ այս  տարվա հունվարի 1-ից ավտոմեքենաների մաքսային դրույքաչափը բարձրացել է 10 տոկոսով, նույնքան կբարձրանա նաեւ 2021 եւ 2022 թվականներին:

 




Լրահոս