ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՁԱԽՈՂՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 3-ին եվրոպական Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն Հայաստանի սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես էր եկել հայտարարությամբ՝ կոչ անելով կողմերին զսպվածություն ցուցաբերել եւ թուլացնել լարվածությունը՝ հանուն Սահմանադրության բնականոն աշխատանքի: Դրանից առաջ էլ ԵԽԽՎ-ն էր խրատական հայտարարություն տարածել:
ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը երեկ պոռոտախոսում էր, թե իշխանությունների դեմ ոչինչ չի խոսվել, պետք չէ ուռճացնել: Ընդդիմադիրներ Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը ճիշտ հակառակ դիրքորոշումը հայտնեցին՝ հայտարարելով՝ Եվրոպան նախազգուշացնում է իշխանությանը:


«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բուքիքոյի հայտարարությունից առաջ Վենետիկի հանձնաժողովի նիստ է եղել, ու Հայաստանը այդ հանձնաժողովում ունի ներկայացուցիչներ՝ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը՝ որպես հիմնական անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, ով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մտերիմ ընկերն է, փոխարինող, ի.գ.թ. Արա Խզմալյանը, որին գործող իշխանությունն է «գործուղել» եւ ԵԽԽՎ-ից էլ ԱԺ պետաիրավականի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Եթե Գ. Հարությունյանի եւ Վ. Պողոսյանի դեպքում իրավիճակը պարզ է, ապա անհասկանալի է, թե Արա Խզմալյանն ու Վլադիմիր Վարդանյանը ինչով են զբաղված Վենետիկի մասնագիտական հանձնաժողովում: Նրանք պարտավոր են ՀՀ լեգիտիմ իշխանության տեսակետը, քայլերի տրամաբանությունը ընկալելի եւ ընդունելի դարձնել միջազգային գործընկերների մոտ: Բայց, կարծես թե, նրանց չի հաջողվել կարծիք փոխել:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել` ինչու: Վարդանյանը մեր հեռախոսազանգերին կտրականապես չպատասխանեց, իսկ Արա Խզմալյանն էլ հրաժարվեց մեկնաբանել: Ըստ ամենայնի, մենք կրկին գործ ունենք մի իրավիճակի հետ, որ ՀՀ-ում մարդիկ առյուծ են կտրում, իսկ «դրսում» չեն կարողանում Հայաստանի շահը սպասարկել: Արդյունքում Եվրոպայից անընդհատ «հարձակումներ» ենք ունենում, եւ կրկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ստիպված լինում խառնվել գործին. նախօրեին նա հեռախոսազրույց ունեցավ ԵԽԽՎ նախագահի հետ:

 

 

 

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է օրենսդրական մեծ փաթեթ, որով նախատեսվում է ներդնել դատավորների բարեվարքության գնահատման կառուցակարգ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս նախագիծը նախատեսվում է փետրվարի 7-ին քննարկել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Սա, ըստ էության, իշխանությունների հերթական քայլն է, իրենց խոսքով ասած, Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամի կամ դատական համակարգում առկա խնդիրների լուծմանն ընդառաջ: Եվ ուսումնասիրելով նախագծի փաթեթը՝ պարզ է դառնում, որ դատավորներին ստուգելու գործընթացը սկսելու են գույքային դրությունից: Եվ եթե ընդհանուր առմամբ դատավորների բարեվարքությունն իրականացնելու է Բարձրագույն դատական խորհուրդը, ապա կոնկրետ հայտարարագրերի հետ կապված հարցերը կարգավորելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Մասնավորապես, հանձնաժողովը հնարավորություն կունենա հայտարարագրման ենթակա անձանցից բացի պահանջել այլ մարդկանց ունեցվածքի մասին տեղեկություններ եւս: Եվ ավելին, հանձնաժողովին վերապահելու են նաեւ բանկային, առեւտրային, ապահովագրական գաղտնիքի վերաբերյալ տեղեկատվություն պահանջելու եւ ստանալու հնարավորություն: Բացի այդ, առաջարկվում է «Հանրային ծառայության մասին» օրենքի համապատասխան հոդվածների վերնագրերից հանել պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված բառերը, այսինքն՝ նախատեսել նվերների ավելի մեծ շրջանակի ընդունման արգելք:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մինչեւ հունվարի 30-ը` Վահրամ Ավագյանի մահվան օրը, 2019 թվականի հոկտեմբեր ամսին ՀՀ պաշտպանության նախարարության թեժ գիծ ահազանգ է եղել մի քաղաքացու կողմից, ինչը ՊՆ-ում ընդունել են որպես հաղորդում հանցագործության մասին: Քաղաքացին հայտնել է, որ ՊԲ զորամասերից մեկում, որտեղ ծառայում են պաշտոնյաների տղաներ, եւ այդ տղաների մեջ է նաեւ Առաքել Մովսիսյանի որդին՝ Դավիթ Մովսիսյանը, զինվորներին նեղացնում են: Երբ ինֆորմացիան զեկուցվել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, նա, մեր տեղեկություններով, հրահանգել է արձանագրություն կազմել, եւ բողոքը անմիջապես ներկայացվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Եվ դատելով իրավիճակից՝ պետ Արտակ Դավթյանը կա՛մ անպտուղ քայլեր է արել, նրան լսող չի եղել, կա՛մ էլ մատը մատին չի տվել, ինչի հետեւանքով էլ ամիսներ անց տեղի ունեցավ Վահրամ Ավագյանի ողբերգական դեպքը: «Ժողովուրդ» օրաթերթը թեժ գծից ստացված ինֆորմացիան եւ դրա հետեւանքով իրականացված քայլերի մասին տեղեկությունը փորձեց պարզել Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանից, սակայն նա ողջ օրը խոստացավ պատասխան տալ, իսկ երեկոյան խնդրեց հարցը գրավոր ուղարկել գրավոր պատասխան տալու համար: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ մի քանի նիստեր են գումարվել ՊՆ-ում ստեղծված իրավիճակը քննարկելու եւ ելքեր գտնելու համար, ու ի թիվս այդ հարցերի՝ քննարկվել է նաեւ մեր փոխանցած ինֆորմացիան, որի համար ողջ օրը ՊՆ-ում պատասխան չկարողացան գտնել:

 

 

 

Արդեն մեկ տարի է, ինչ ձգվում է աղի վաճառքով զբաղվող «Սոլտեքս» եւ ««Ավանի աղի կոմբինատ» ընկերությունների միջեւ պայքարը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Սոլտեքս» ընկերությունը իր կասկածներն է ներկայացրել Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին այն մասին, որ «Ավանի աղի կոմբինատ» ընկերությունը ոչ հավաստի տեղեկություն է ներկայացնում իր արդյունահանման ծավալների վերաբերյալ: Իսկ, ահա, «Ավանի աղի կոմբինատ» ընկերությունը հակառակն է պնդում՝ հայտնելով, որ իր կողմից արտադրված ինչպես կերակրի, այնպես էլ արդյունաբերական եւ տեխնիկական աղի բացթողնումը կատարվում է բացառապես փաստաթղթերով, երբեւէ չեն թաքցվում իրական ծավալները, եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ են ներկայացնել ցանկացած տեղեկություն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Սոլտեքս» ընկերության կողմից ներմուծված կերակրի աղում անցած տարվա ապրիլի 25-ից մինչեւ նոյեմբերի 1-ը սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված լաբորատոր փորձարկումների արդյունքում «կալիումի ֆեռոցիանիդ (E536)» ցուցանիշով անհամապատասխանություն չի արձանագրվել: Բայց պարզվում է՝ անհամապատասխանություն արձանագրվել է անցած տարվա սեպտեմբերի 23-ին նմուշառված կերակրի աղում յոդի պարունակության ցուցանիշով: Այդ խմբաքանակը սեպտեմբերի 26-ին հետ է վերադարձվել արտահանող երկիր: Արդյունքում ՏՄՊՊՀ-ն որոշել է պատասխանատվություն կիրառել տեղական արտադրողի նկատմամբ եւ նախազգուշացում տալ: Նշենք, որ «Սոլտեքս»-ը ստեղծվել է 2017 թվականին, հիմնադիրն է Խաչատուր Կատոլիկյանը:




Լրահոս