«ՊՐԱՎԱԼ» ՏՎԵՑԻՆ, ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՄՆԱՑ ՄԵՆԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 3-ին եվրոպական Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն Հայաստանի սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես էր եկել հայտարարությամբ՝ կոչ անելով բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել եւ թուլացնել լարվածությունը՝ հանուն Սահմանադրության բնականոն աշխատանքի:

Հունվարի 31-ին գրեթե նմանատիպ բովանդակությամբ հայտարարություն էր արել նաեւ ԵԽԽՎ-ն՝ հայրենի իշխանություններին կոչ անելով ՍԴ-ի շուրջ ստեղծված լարվածությունը թուլացնել: Այդ երկու հայտարարությունները ցայտնոտ են առաջացրել իշխանությունների ներսում, վերջիններս ամեն գնով փորձում են մեկնաբանել, թե միջազգային հանրությունը իրենց «լավ» խոսք է ասել, ուղղակի ընդդիմությունն է սխալ հասկացել:
«Ի հաջորդիվ 2019թ. հոկտեմբերի 29-ի հայտարարության՝ ես մտահոգված եմ մնում Հայաստանի սահմանադրական դատարանի մասնակցությամբ ակնհայտ վեճի կապակցությամբ: Ես կիսում եմ ԵԽԽՎ համազեկուցողների մտահոգություններն այս կապակցությամբ: Ցանկանում եմ հիշեցնել 2019թ. հոկտեմբերին Վենետիկի հանձնաժողովի կողմից արված առաջարկներն առ այն, որ Սահմանադրական դատարանում վաղ թոշակի անցնելու ցանկացած սխեմա պետք է մնա իսկապես կամավոր, բացառի ցանկացած անհարկի քաղաքական կամ անձնական ճնշում ներգրավված դատավորների վրա եւ պետք է այնպես կառուցվի, որպեսզի ազդեցություն չունենա ընթացիկ գործերի ելքի վրա: Վերջին հանրային հայտարարություններն ու գործողությունները չեն համապատասխանում այս չափանիշներին եւ նպաստավոր չեն լինի իրավիճակի թուլացման համար»,- հայտարարել է Բուքիքիոն:
Երեկ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը խորհրդարանում մամուլի ասուլիս էր հրավիրել, որտեղ ավելի ակնհայտ դարձավ իշխանությունների ցայտնոտային վիճակը, երբ ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցության պատգամավորներ՝ «Լուսավոր Հայաստանից» Էդմոն Մարուքյանն ու ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը, հայտարարեցին, որ իսկապես միջազգային հանրությունը զգուշացնում է իշխանություններին, որ իրենք արդեն «իրենց չափերն անցել են» ՍԴ-ի հարցում: «Ես՝ որպես քաղաքական մարդ, ընկալում եմ հետեւյալ կերպ, որ իշխանությանն ասում են՝ այն գործողությունները, որոնք դուք կիրառում եք, իսկ դա փունջ է գործողությունների, աուրա է, դեպքերի եւ գործողությունների շարան է, այդ շարանն, ասում են, մի՛ արեք, դրանով լարվածություն եք ստեղծում 2 իշխանության թեւերի միջեւ, եւ ավելին՝ դա հակասում է մեր նախկինում ընտրված ռեկոմենդացիաներին՝ կամավոր վաղաժամ կենսաթոշակի անցնելու համակարգի հետ կապված: Բայց իրենք կոչը հետեւյալ ձեւով են մեկնաբանել, որ կոչն ուղղված է Հրայրին, որ Հրայրին են իրենք կոչն արել, որ խելոք մնա. դու համը հանում ես արդեն, դու ոնց որ շատ ես այդտեղ բզբզում»,- հայտարարեց Մարուքյանը: Իսկ Զոհրաբյանն էլ ասաց, թե կիսում է Մարուքյանի դիրքորոշումը՝ հավելելով, որ դրանք աշխատանքային փաստաթղթեր են, եւ պետք է շարունակել աշխատել՝ ականջալուր լինելով միջազգային հարթակներում արված հայտարարություններին:
Իսկ իրականում ի՞նչ է տեղի ունենում. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը, հատկապես՝ իրավական գծով խորհրդատուները, տեսնելով Փաշինյանի քաղաքական ծրագրերը, իրեն վստահեցրել են, որ Սահմանադրական դատարանի հարցը լուծելը շատ հեշտ է, ու իրենք դա կկարգավորեն. խոստացել են ու չեն կարողանում իրենց ասածի տակից դուրս գալ: Փաստորեն, այդ ամենի պատճառով միջազգային հանրությունը դուրս է եկել մեր երկրի դեմ: Իսկ ի՞նչ պետք է անեին հայրենի իշխանության ներկայացուցիչները, որ այդպես էլ չեն արել:
Պարզվում է՝ Բուքիքոյի հայտարարությունից առաջ Վենետիկի հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել: Ի դեպ, Հայաստանը Վենետիկի հանձնաժողովում ունի ներկայացուցիչներ: Վենետիկի հանձնաժողովում ՀՀ ներկայացուցիչներն են ՍԴ նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը՝ որպես հիմնական անդամ, Վարդան Պողոսյանը (Հայաստանում GIZ (Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության) ներկայացուցիչ)՝ որպես փոխարինող եւ միջազգային իրավունքի մասնագետ, ով նաեւ Հրայր Թովմասյանի մտերիմ ընկերն է, ի.գ.թ. Արա Խզմալյանը, որին ներկայիս իշխանություններն են «գործուղել» հանձնաժողով, եւ ԵԽԽՎ-ից էլ Վենետիկի հանձնաժողովում ՀՀ ներկայացուցիչ է իմքայլական պատգամավոր, Պետաիրավականի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Հասկանալի է, որ Գագիկ Հարությունյանն ու Վարդան Պողոսյանը շահագրգռված չեն ՀՀ իշխանությունների տեսակետը բացատրելու եվրոպական կողմին:
Գագիկ Հարությունյանն այն անձնավորությունն է, որը վիրավորված է ներկայիս իշխանություններից իրեն պաշտոնաթող անելու եւ պրոֆեսիոնալիզմը չգնահատելու համար: Վարդան Պողոսյանն էլ, ինչպես նշեցինք, Հրայր Թովմասյանի անդավաճան ընկերն է, ու կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով շփման մեջ է նրա հետ: Նրանք մինչեւ հիմա իրար հետ կրուասան են ուտում:
Իսկ, ահա, Արա Խզմալյանն ու Վլադիմիր Վարդանյանը պարտավոր են իրենց մշտական աշխատանքով դիրքորոշում ներկայացնել Վենետիկի մասնագիտական հանձնաժողովին, ՀՀ իշխանության տեսակետը, քայլերի ու ցանկությունների տրամաբանությունը հասու, ընկալելի եւ ընդունելի դարձնել միջազգային գործընկերների մոտ:
Բայց, կարծես թե, այս երկու պաշտոնյաներին էլ չի հաջողվել կարծիք փոխել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս հարցերի շուրջ զրուցել Արա Խզմալյանի եւ Վլադիմիր Վարդանյանի հետ: Վերջինս մեր հեռախոսազանգերին կտրականապես չէր պատասխանում, իսկ Արա Խզմալյանն էլ հայտարարեց, թե ինքը տեղյակ է Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունից, բայց որեւէ բան չի ցանկանում մեկնաբանել՝ էթիկայի կանոններից ելնելով:
Ըստ ամենայնի, մենք կրկին Հայաստանում գործ ունենք մի իրավիճակի հետ, որ այստեղ մարդիկ առյուծ են կտրում, իսկ «դրսում» չեն կարողանում Հայաստանի լեգիտիմ իշխանության պահանջները, ցանկությունները եւ արժեքները համահունչ ներկայացնել: Դրա հետեւանքով մենք եվրոպայից անընդհատ «հարձակումներ» ենք ունենում: Ու, կարծես թե, հարցն այնքան է խորացել, որ կրկին գործին խառնվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հեռախոսազրույց ունենալով ԵԽԽՎ նախագահի հետ:
Նկատենք, որ դրսի բացասական արձագանքները տեղ գտան նաեւ հայրենի ներքաղաքական դաշտում, եւ անգամ քաղաքական հայտարարությունների ընդգծված զսպվածությամբ աչքի ընկնող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը արձագանքեց ՍԴ-ի դեմ ոտնձգությունների թեմային: «Ցանկացած գործընթաց պետք է տեղի ունենա բացառապես իրավական հարթության մեջ, բոլոր իրավական սկզբունքների եւ նորմերի պահպանմամբ՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: Որեւէ գործընթաց չպետք է վտանգի երկրի կայունությունն ու միջազգային հեղինակությունը, չպետք է լինի անձնավորված, պետք է հիմնվի հասարակական համերաշխության եւ հանդուրժողականության վրա»,- հայտարարել է ՀՀ նախագահը:
Եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ հանդիպել նաեւ ՀՀ նախագահի հետ՝ քննարկելու այս կարեւորագույն հարցը:
Այսինքն՝ այն մարդիկ, որոնք որ պատասխանատու են իրավական գործընթացները հարթ առաջ տանելու հարցում, «պրավալ են տվել» ու իրավական, քաղաքական ողջ գործընթացը կրկին թողել են վարչապետի ուսերին:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ԵՆ ՊԱՀԱՆՋԵԼ
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն արդեն մեկ անգամ գրավոր պատասխանել է Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովին: Ինչպես հայտնի է, «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման հիման վրա՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2019 թվականի դեկտեմբերին վարույթ էր հարուցել քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից՝ անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման հատկանիշներով: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանից փորձեց պարզել՝ ինչ ընթացքի մեջ է վարույթը, եւ երբ որոշում կկայացվի: «Ընթացքի մեջ է ուսումնասիրությունը: Իրենից բացատրություն ենք ուզել, առաջին անգամ գրավոր ներկայացրել է», – նշեց Հարությունյանը: Նա նաեւ հավելեց, որ կրկին են հարցերով դիմել քաղաքապետին եւ սպասում են նրա պատասխանին, որպեսզի ուսումնասիրությունն ամբողջական լինի: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ մինչեւ այս ամսվա վերջ որոշումը հայտնի կլինի:
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել: Մասնավորապես, ԶԼՄ-ն ձեռք էր բերել փաստաթուղթ՝ ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի կայքից ներբեռնված, որից պարզ է դառնում, որ Հայկ Մարությանը իր պաշտոնավարմանը զուգահեռ նաեւ «Երկուս ու կես» ՍՊԸ-ի տնօրենն է, ինչը հակասում է ՏԻՄ օրենքին:

 

 

 

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՉԿԱ
«Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Պողոսյանը 2019 թվականի դրամական միջոցների եւ ունեցվածքի վերաբերյալ հայտարարագիրը չի ներկայացրել: Բայց ըստ նրա 2018 թվականի պաշտոնական հայտարարագրի՝ երբ զբաղեցրել է ՔԿՀ պետի տեղակալի պաշտոնը, ունեցել է մեկ բնակարան: Նրա դրամական միջոցները 2018 թվականի վերջին կազմել են 8 մլն 300 հազար դրամ, 18 հազար դոլար, 2000 եվրո: Տեղակալի պաշտոնում նրա ամսական աշխատավարձը կազմել է 100 հազար դրամ: Բնականաբար, պետի ամսական աշխատավարձը 450 հազար դրամը գերազանցում է:
Նրա տիկնոջ՝ Լիլիթ Ավետիսյանի դրամական միջոցները 2018 թվականին կազմել են 10 մլն դրամ, 15 հազար դոլար, այն դեպքում, երբ եկամուտը կազմել է ամսական 31 հազար դրամ՝ մեկ վայրից ստացած: Նշենք, որ դեռեւս 2015 թվականին, երբ Մանուկ Պողոսյանը «Վարդաշեն» ՔԿՀ պետն էր, մամուլում ուշագրավ հրապարակում եղավ, որ նա նույն կալանավայրում պատիժը կրող Արթուր Քանանյանից սպորտային համազգեստ էր ուզել, ինչը պարզվել էր դատապարտյալի ու նրա եղբոր հեռախոսային զրույցի վերծանումից:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ կաշառք ստանալու հատկանիշներով: Պողոսյանի լիազորությունները, նախաքննական մարմնի միջնորդությամբ, ժամանակավորապես դադարեցվել էին:

 

 

 

ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ
Հարկայինի աշխատողները մուտք ունեն «Հարկատու 3» ծրագիր, հետեւաբար բավականին մեծ թվով մարդկանց հասանելի են հարկային գաղտնիք պարունակող տվյալները. այս մասին ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը: Նրա կարծիքով՝ երաշխավորելը, որ այդ մարդկանցից որոշները ինֆորմացիա չեն տրամադրի բիզնեսին, թյուր կլինի. «Նախկին աշխատանքային փորձից գիտեմ, որ խոշոր բիզնես ունեցողներին հասանելի են տվյալներ, թե ով ինչ ներմուծեց եւ ինչ գնով, իսկ փոքրներն ու միջինները, չունենալով այդ տեղեկությունը, կամաց-կամաց շուկայից դուրս են գալիս»: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝ այդ ծրագրի մասով ֆիլտրներ կան՝ մուտք գործելու կասկածելի քանակների վերաբերյալ: Պատգամավորի կարծիքով՝ լավ կլինի, եթե խորհրդարանը նույնպես հասանելիություն ունենա այս ծրագրին: «Եթե դուք կարծում եք, որ ԱԺ պատգամավորի վրա եւս պետք է տարածվի «Հարկային ծառայության մասին» օրենքը, կներեք, բայց մենք նույն ձեւով պետք է վերահսկենք նաեւ ձեր մուտք գործելը «Հարկատու 3»: Պետական գաղտնիքն ու հարկային գաղտնիքը տարբեր բաներ են. հարկային գաղտնիքի տրամադրման մասով պետք է հանրության հետ քննարկում ունենալ»,- եզրափակել է ՊԵԿ նախագահը:




Լրահոս