ՊՆ ԹԵԺ ԳԻԾ ԱՀԱԶԱՆԳԵԼ ԵՆ ԱՄԻՍՆԵՐ ԱՌԱՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 30-ին ՊԲ զորամասերից մեկում ժամկետային զինծառայողը՝ Վահրամ Ավագյանը, ըստ նախնական վարկածի, զորքի առջեւ կրակել էր կրծքավանդակին եւ մահացել էր: Զինվորի մահվան գործով ձերբակալվել են 3 ժամկետային զինծառայողներ, որոնց մեջ է ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին` Դավիթ Մովսիսյանը:

Զինվորի մահվանից հետո մամուլում հրապարակվեց, թե ՊԲ վերոնշյալ զորամասում հայտնի պաշտոնյաների որդիներն են ծառայում, ինչպես նաեւ աղմկալի մանրամասներ՝ «էլիտար» զորամասի ու այնտեղ տիրող բարքերի մասին: Իհարկե, Արցախի ՊԲ-ն հերքել էր ինֆորմացիան, սակայն նկատենք, որ մամուլի հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունում սկսել են ուսումնասիրվել: Մինչ այդ ՀՀ պաշտպանության նախարարությունում են կրքերը թեժանում:
Այսպիսով, դեռեւս 2019 թվականի սեպտեմբերին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հեղափոխությունից հետո ՊՆ-ում Դավիթ Տոնոյանը սկսել է մեծ բարեփոխումների շարք. նա, 1994 թվականից լինելով Պաշտպանության նախարարության աշխատակից, շատ լավ տիրապետում է, թե նախարարության ներսում ինչ է կատարվում, եւ հեղափոխությունից հետո ձեռնամուխ է եղել այդ երեւույթներն արմատախիլ անելու գործընթացին: Սակայն նրա այդ քայլերը ՊՆ հնաբնակ պաշտոնյաներին այդքան էլ դուր չեն գալիս: Ասել է թե՝ Դավիթ Տոնոյանը հանդիպում է դիմադրության: Նախարարությունում տարածված խոսակցությունների համաձայն` ՊՆ գեներալները, հնաբնակ պաշտոնյաները նախարար Տոնոյանին ամեն առիթով հիշեցնում են, որ իրենց հետ կռվի չի մասնակցել, իրենց թիմից չի եղել եւ չգիտի` կռիվն ինչ է, այդ պայմաններում ինչպե՞ս է ընդհանրապես որոշումներ կայացնում կամ նեղացնում գեներալիտետին:
Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՊԲ զորամասերում զինվորների հետ տեղի ունեցած դեպքերի մասով Պն-ում ներքին խոսակցություն է եղել, թե ինչու նախարար Դավիթ Տոնոյանը չի զսպում բանակում տիրող անհավասարությունը, ինչու պետք է պաշտոնյաների որդիները արտոնյալ պայմաններում ծառայեն: Ի պատասխան՝ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներից շատերը նշել են, որ Դավիթ Տոնոյանը գեներալիտետի բեսպրեդելի դեմ ուժեղ պայքար է տանում դեռ վաղուց, պարզապես դիմադրությունը այնքան մեծ է, որ նրա քայլերը տեսանելի չեն: Ասել է թե՝ նախարարը պատերազմ է հայտարարել հին բարքերով ապրող ու գործող գեներալիտետի դեմ, ու թե ինչով կավարտվի դա, ցույց կտա ժամանակը:
Իսկ հիմա` ավելի առարկայական: «Ժողովուրդ» օրաթերթին հասած հավաստի տեղեկությունների համաձայն` մինչ Վահրամ Ավագյանի մահվան դեպքը` 2019 թվականի հոկտեմբեր ամսին, ՀՀ պաշտպանության նախարարության թեժ գիծ ահազանգ է եղել մի քաղաքացու կողմից, ինչը ՊՆ-ում ընդունել են որպես հաղորդում հանցագործության մասին: Քաղաքացին հայտնել է, որ ՊԲ զորամասերից մեկում, որտեղ ծառայում են պաշտոնյաների տղաներ, եւ այդ տղաների մեջ է նաեւ Առաքել Մովսիսյանի որդին՝ Դավիթ Մովսիսյանը, զինվորներին նեղացնում են: Քաղաքացին ՀՀ ՊՆ ղեկավարությունից խնդրել է իրավիճակին լուծում տալ: Ու երբ ինֆորմացիան զեկուցվել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, նա հրահանգել է արձանագրություն կազմել եւ թեժ գիծ ահազանգած քաղաքացու բողոքը անմիջապես ներկայացրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին:
Դատելով իրավիճակից՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը կա՛մ անպտուղ քայլեր է արել, նրան լսող չի եղել, կա՛մ էլ մատը մատին չի տվել, ինչի հետեւանքով էլ ամիսներ անց տեղի ունեցավ Վահրամ Ավագյանի ողբերգական դեպքը: Ըստ էության, քաղաքացիները ահազանգել են իրավիճակի մասին, տեղյակ են պահել ԶՈՒ ղեկավար կազմին, սակայն դժբախտ դեպքը չի կանխվել, որի միակ պատասխանատուն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն է: Ու Վահրամ Ավագյանի մահը հենց Արտակ Դավթյանի խղճին է, ով ժամանակին չի կարողացել կամ չի կանխարգելել արտոնյալ զինվորների գործողությունները, ինչը ունեցավ ճակատագրական ավարտ:
«Ժողովուրդ» օրաթերթը թեժ գծից ստացված ինֆորմացիան եւ դրա հետեւանքով իրականացված քայլերի մասին տեղեկությունը փորձեց պարզել Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանից, սակայն նա ողջ օրը խոստացավ պատասխան տալ, իսկ երեկոյան խնդրեց հարցը գրավոր ուղարկել գրավոր պատասխան տալու համար:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ մի քանի նիստեր են գումարվել ՊՆ-ում ստեղծված իրավիճակը քննարկելու եւ ելքեր գտնելու համար, ու ի թիվս այդ հարցերի՝ քննարկվել է նաեւ մեր փոխանցած ինֆորմացիան, որի համար ողջ օրը ՊՆ-ում պատասխան չկարողացան գտնել:
Մենք հետամուտ կլինենք այս խնդրի վերջնական բացահայտմանը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՆԱԽԱՐԱՐԻՆ ՇՐՋԱՆՑՈՒՄ ԵՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի կալանքը երկու ամսով երկարաձգվեց: Ազգային անվտանգության ծառայությունը մերժել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի պաշտպանի միջնորդությունը՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ԱԱԾ հրավիրելու եւ հարցաքննելու վերաբերյալ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց նրա պաշտպան Լեւոն Սահակյանը: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի ձեռք բերած նախնական տվյալների համաձայն՝ նախարարի տեղակալը նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի եւ մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն է ցուցաբերել մի տնտեսվարողի, որը Հայաստանում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահն է եւ միաժամանակ նաեւ մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը: Հիշեցնենք նաեւ, որ կաշառք ստանալու կասկածանքով Գեւորգ Լոռեցյանը, նրա վարորդն ու ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը կալանավորվել են:

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ՝ ՄԵՂԱԴՐՅԱԼ
Տավուշի մարզի Խաշթառակ համայնքի ղեկավարը հայտնվել է մեղադրյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայկ Քամալյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2008 թ. ապրիլի 25-ից մինչեւ 2015թ. օգոստոսի 18-ն ընկած ժամանակահատվածում, հանդիսանալով Տավուշի մարզի Խաշթառակ համայնքի ղեկավար, 2013 եւ 2014 թթ. ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ից ստացված, ապա ծրագրում որպես շահառու ընդգրկված, Տավուշի մարզի Խաշթառակ համայնքի բնակիչներին բաշխված ընդհանուր 25.5 տոննա ցորենի սերմացուի դիմաց իր կողմից հավաքագրված եւ իր վստահությանը հանձնված 4080000 ՀՀ դրամ գումարից միասնական դիտավորությամբ, իր պաշտոնական դիրքն օգտագործելով, յուրացրել է 2 միլիոն 710 հազար ՀՀ դրամ գումար:

 

 

 

8.500 ԴՈԼԱՐԻ ԿԱՇԱՌՔ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք: Մասնավորապես, թիվ 2 նյարդաբանական բուժմիավորման նյարդաբանական բաժանմունքի ավագ նյարդաբանը, իր ծանոթի նախաձեռնությամբ 2019թ. ընդգրկված լինելով զորակոչիկների բժշկական հետազոտման, փորձաքննության եւ բուժման համար ստեղծված հանձնաժողովում, կաշառքի դիմաց կեղծ բժշկական փաստաթղթեր կազմելու եւ դրանց հիման վրա զինակոչիկների համար պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում ստանալու վերաբերյալ նախնական համաձայնության է եկել նշված ծանոթի հետ, նրա օժանդակությամբ 2019թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին 4 զորակոչիկների հարազատներից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր առմամբ 8.500 ԱՄՆ դոլարի կաշառք: Հարուցվել է քրգործ:

 

 

 

ՆԻՍՏԸ ՁԳՁԳՎԵԼ Է
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի քրեական գործով դատական նիստին պետք է հետազոտվեին գործով առկա ապացույցները, ինչը ձգձվել է պաշտպանական կողմի առարկությունների պատճառով: Ն. Ամիրյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանն առարկել է, որ պաշտպանական կողմը ծանոթ չի գործով առկա ապացույցներին. «Այստեղ չկա գործ: Այսինքն՝ նախագահող դատավորը գործն իրարից բաժանեց, եւ բաժանվող մասի գործը մենք չունենք: Պաշտպանական կողմը ծանոթ չի այդ ապացույցներին, եւ արդարադատության շահն այստեղ ստորադասվում է: Մենք պետք է ունենանք համապատասխան ցանկ, որ տեսնենք՝ որ ապացույցն է, ծանոթ լինենք այդ ապացույցին, որպեսզի կարողանանք նաեւ անդրադարձ անել»: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի գործն իր կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործից, դատարանի որոշմամբ, անջատվել է:

 

 

ՆՈՐ ԿԱՆՈՆՆԵՐ
Դեպի Եվրամիության երկրներ կարճաժամկետ մուտքի նոր կանոններ են գործում փետրվարի 2-ից: Կանոնների փոփոխությունը վերաբերում է բոլոր այն երկրների քաղաքացիներին, որոնք պետք է ունենան վիզա ԵՄ երկրներ մուտք գործելու համար: Հիշեցնենք, որ ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայտնել էր, որ չնայած այս փոփոխություններին՝ Հայաստանն այն երկրների ցանկում է, որոնց չի վերաբերում վիզայի գնի բարձրացումը: Եվրամիության անդամ երկրների դեսպանատներից մուտքի վիզա ստանալու համար Հայաստանի քաղաքացիները կշարունակեն վճարել 35 եվրո: Վերը նշված երկրներից յուրաքանչյուրի կողմից տրված մեկ միասնական կարճաժամկետ վիզան վավեր է Շենգենյան բոլոր 26 երկրներում ճանապարհորդությունների համար մինչեւ 90 օր: Անփոփոխ է մնացել դիմումների ուսումնասիրման ժամկետը՝ 15 օր:

 

 

 

ՉԱՐԱՇԱՀՈՒՄ
Ոստիկանության Թալինի բաժնում տվյալներ են ձեռք բերվել Դդմասար համայնքի հիմնական դպրոցի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ: Տնօրենը 2017 թվականին իր եղբորը հրամանագրել է որպես դպրոցի օպերատոր: Պարզվել է, որ տղամարդը չի հաճախել աշխատանքի, իսկ դպրոցի պաշտոնատար անձինք կազմել են վճարման կեղծ հանձնարարականներ, ինչի հետեւանքով մինչեւ 2019 թվականի դեկտեմբեր տղամարդը ստացել է 860 հազար դրամից ավելի գումար: Հարուցված քրեական գործն ուղարկվել է տարածքային քննչական բաժին:

 

 

 

ԿԱԽՎԵԼ Է
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի բակում գտնվող ավտոտնակում տղամարդու դի կա կախված: Նշված ավտոտնակում՝ առաստաղից վարագույրով կախված վիճակում հայտնաբերել են 31-ամյա Միքայել Ա.-ի դին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Որդուն այդ վիճակում հայտնաբերել է հայրը:




Լրահոս