ՈՒՂԻՂ ՆՇԱՆԱԿԵՏԻՆ. ՉԵՄՊԻՈՆԻ ՀԶՈՐ ՏՐԱՆՍՖԵՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով կմեկնարկի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության երկրորդ շրջանը: Հայկական ակումբները շարունակում են անցկացնել հավաքներ, կատարել տրանսֆերներ եւ պատրաստվել առաջնության պատասխանատու հատվածին:

Հայաստանի գործող չեմպիոնը եւ այս մրցաշրջանի հաղթողի գլխավոր ֆավորիտներից մեկը՝ «Արարատ – Արմենիան», մի շարք փոփոխություններով է մոտենում առաջնության երկրորդ հատվածին: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հայկական թիմը լքեց թիմի առանցքային ֆուտբոլիստներից Պետրոս Ավետիսյանը եւ մեկնարկային կազմում տեղը կորցրած բուլղարացի պաշտպան Գեորգի Պաշովը: Ակումբը մոտ էր լքելուն նաեւ թիմի հայ կիսապաշտպան Գոռ Մալաքյանը, ով փորձաշրջան էր անցնում ղազախական «Ժետիսու»-ում, սակայն այդ տրանսֆերը ինչ-ինչ պատճառներով ձախողվեց, եւ Մալաքյանը կրկին միացավ «Արարատ-Արմենիային»: Հայաստանի չեմպիոնները այս տրանսֆերային պատուհանի ընթացքում շատ ակտիվ են նաեւ ձեռքբերումների տեսանկյունից: Ակումբի շարքերն արդեն համալրել են ուկրաինացի պաշտպան Սերգեյ Վակուլենկոն, նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանյոն եւ հանրաճանաչ ֆրանսիացի հարձակողական ոճի կիսապաշտպան Յոան Գուֆրանը: Հիմա ավելի մանրամասն անդրադառնանք «Արարատ- Արմենիայի» կատարած տրանսֆերներին:
Սերգեյ Վակուլենկո. «Ինձ դուր եկավ, որ «Արարատ-Արմենիան» չեմպիոն թիմ է»
Ուկրաինացի 26-ամյա պաշտպանը ձմեռային տրանսֆերային պատուհանի երկրորդ ձեռքբերումն էր երեւանյան ակումբի համար: Մրցաշրջանի ամենաբարդ հատվածը դեռ առջեւում է: Ընդամենը 3 հանդիպում է մնացել, որ ձեւավորվի լավագույն վեցնյակը. իհարկե, կասկած անգամ չկա, որ արարատյան ակումբը կհայտնվի առաջնության մրցաշարային աղյուսակի վերին հատվածում, բայց վեցնյակի ձեւավորումից հետո չեմպիոնության համար պայքարը կատաղի կլինի: Երկար պահեստայինների նստարանը միանշանակ Վարդան Մինասյանին հնարավորություն կտա ավելի ազատ լինել ռոտացիաների դիմելիս: Վակուլենկոն հանդես է գալիս պաշտպանության կենտրոնում, սակայն իր նախկին թիմերում նա հանդես է եկել նաեւ հենակետային կիսապաշտպանի դիրքում: Առաջնության առաջին հատվածում «Արարատ – Արմենիայի» հիմնական կենտրոնական պաշտպաններն էին ԱնԺելո Մենեզեսն ու թիմի ավագ Դմիտրի Գուզը: Ալեքսանդր Դամչեւսկին եւ երիտասարդ Ալբերտ Խաչումյանը հանդիսանում էին նրանց փոխարինողները: Սերգեյ Վակուլենկոն պաշտպանության կենտրոնում հիանալի զույգ կարող է կազմել Դմիտրի Գուզի հետ, այսինքն՝ կարելի է ենթադրել, որ Անժելո Մենեզեսի տեղը մեկնարկայինում լուրջ հարցականի տակ է: Վակուլենկոյի վերջին ակումբը եղել է ուկրաինական «Կարպատին»: «Կարպատիի» կազմում պաշտպանը մասնակցել է 16 հանդիպման՝ բոլոր խաղերն էլ սկսելով մեկնարկային կազմում: Ուկրաինացին իր կարիերայի ընթացքում հանդես է եկել նաեւ Կիեւի «Արսենալում», «Մարիպոլում», Դոնեցկի «Օլիմպիկում»: Վակուլենկոն 2010-ից մինչ 2019 թվականը համարվել է Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ, սակայն ուկրաինական թիմի հիմնական կազմում պաշտոնական խաղերի չի մանակցել:
Ուկրաինացի պաշտպանը՝ որպես «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ, առաջին անգամ կիսվել է իր տպավորություններով՝ պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին. «Գործակալս զանգահարեց ու ասաց, որ նման ակումբ տեղափոխվելու տարբերակ կա, այն ինձ միանգամից հետաքրքրեց: Հետո կապվեցինք ակումբի ղեկավարության հետ եւ քննարկեցինք բոլոր հարցերը: Դրանից հետո միացա Կիպրոսում անցկացվող հավաքին, որտեղ էլ արդեն ստորագրեցի պայմանագիրը: Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը նախկինում չեմ հետեւել, բայց երբ իմացա առաջարկի մասին, հետաքրքրվեցի ակումբի պատմության եւ գործունեության մասին: Ինձ դուր եկավ, որ «Արարատ-Արմենիան» չեմպիոն թիմ է ու շատ բարձր նպատակներ է հետապնդում: Իմացա նաեւ թիմի հաջող ելույթների մասին Եվրոպա լիգայի որակավորման փուլերում ու որոշեցի դառնալ այս թիմի անդամ»,- ասել է ֆուտբոլիստը:
Հետաքրքիրն այն է, որ Վակուլենկոն, բացի լավ պաշտպանվելուց, ուժեղ է նաեւ մրցակցի տուգանային հրապարակում: Օրինակ, «Արսենալի» կազմում անցկացրած 12 խաղերում ֆուտբոլիստն աչքի է ընկել 7 անգամ: Սա պաշտպանի համար ֆանտաստիկ ցուցանիշ է:
Յոսուֆ Օտուբանյո. «Ցանկանում եմ դառնալ թիմի հաղթական պատմության մի մասը»
Արագաշարժ, ճկուն եւ հիանալի դրիբլինգի տեր հարձակվող: Ավստրիական «Լասկի» նախկին հարձակվողը կարիերան կշարունակի «Արարատ – Արմենիայում»: 27-ամյա նիգերիացին ունի բոլոր որակները հայկական ակումբի մեկնարկային կազմում ամրապնդվելու համար: Ֆուտբոլիստը շատ լավ է հանդես գալիս ինչպես կենտրոնական հարձակվողի դիրքում, այնպես էլ եզրերում: Նիգերիացին «Լասկում» էր խաղում վերջին երկու մրցաշրջաններում եւ պաշտոնական խաղերում 21 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ ու կատարել նույնքան գոլային փոխանցում: Օտուբանյոյի ամենաարդյունավետ մրցաշրջանը 2014/15-ն էր, երբ ֆուտբոլիստը պաշտպանում էր ավստրիական «Լինցի» գույները: Յուսուֆը այդ մրցաշրջանում անցկացրած 26 խաղում դարձել էր 28 գոլի հեղինակ: Հարձակվողը խաղացել է նաեւ սլավոնական «Ժիլինայի» կազմում, որի հիմնական թիմում անցկացրած 33 խաղերում դարձել է 10-ը գոլի հեղինակ: Օտուբանյոյի ցուցանիշները այդքան էլ վատը չեն. նիգերիացու գլխավոր զենքերից մեկը իր դրիբլինգն է, որի միջոցով նա կարողանում է ուղղակի «քարկապել» մրցակցի պաշտպաններին: Եթե Օտուբանյոն կարողանա ցուցադրել իր բարձր որակները, ապա կարող է լուրջ խոչընդոտներ ստեղծել թիմի հիմնական կենտրոնական հարձակվող Անտոն Կոբյալկոյի եւ թիմի «Ջոկեր» Լուիս Օգանայի համար: Յուսուֆ Օտուբանյոն ցանկանում է պատմություն կերտել նոր թիմի կազմում. «Շատ ուրախ եմ «Արարատ-Արմենիա» ակումբին միանալու համար: Ինձ հետ կապ հաստատեցին ակումբից, եւ երկար զրույց ունեցանք. իմացա, որ երկար ժամանակ հետեւել են իմ խաղին ու ցանկանում են ինձ իրենց ակումբում տեսնել: Կապվեցի ակումբում հանդես եկող նիգերիացի ֆուտբոլիստի հետ, եւ նա շատ դրական արտահայտվեց եւ՛ երկրի, եւ՛ ակումբի մասին, ինչն ինձ շատ ոգեւորեց: Իմացա, որ ակումբն արդեն խաղացել է Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի որակավորման փուլերում. դուք ինքներդ էլ գիտեք, որ նման մրցաշարերում խաղալն իսկական երազանք է ցանկացած թիմի ու ֆուտբոլիստի համար: Իմ առաջին տպավորությունները թիմի մասին շատ-շատ լավն են: Սա ֆուտբոլ է, այն պետք է քեզ նաեւ երջանկություն բերի, եւ ես շատ դրական տրամադրվածություն ունեմ իմ նոր թիմում, վստահ եմ, որ այստեղ որակական աճ կապրեմ, ես էլ իմ հերթին ամեն ինչ կանեմ լավագույնս հանդես գալու ու թիմին օգնելու համար: «Արարատ-Արմենիա»-ն լավ ճանապարհ է անցել, նրանք Հայաստանի չեմպիոնն են եւ լավագույն թիմը: Ես հիմա այստեղ եմ եւ շատ կուզեմ, որ մենք շարունակենք թիմի լավ պատմությունը ու կրկին չեմպիոն դառնանք, ես ուզում եմ այս թիմի հաղթական պատմության մասը դառնալ: Շատ գոհ եմ ակումբի մարզչական կազմից, գլխավոր տնօրենից եւ, իհարկե, ակումբի ֆուտբոլիստներից: Նրանք ինձ շատ լավ ընդունեցին, կարծես միշտ էլ այս թիմից էի եղել»,- ասել է ֆուտբոլիստը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում:
Յուսուֆը արդեն հասցրել է աչքի ընկնել երեւանյան թիմի կազմում՝ ընկերական խաղի շրջանակներում գրավելով ռուսական «Ուրալի» (1:1) դարպասը:
Յոան Գուֆրան. «Սա ակումբ է , որը ուզում է աճել, պայքարել ու ամեն տարի դառնալ չեմպիոն»
Իրականացված տրանսֆեր, որի մասին շարունակում են խոսել մինչ օրս: Այո, հանրաճանաչ Յոան Գուֆրանը կարիերան կշարունակի հայկական թիմում: «Արարատ – Արմենիայի» պայթեցնող տրանսֆերը է՛լ ավելի ամպագոռգոռ կդառնա, եթե անգլիական «Նյուքասլ Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը միացնի իր «կործանիչ աջը»: Հուժկու հարվածներ, ֆանտաստիկ դրիբլինգ, արագություն. ահա այսպիսին էր Գուֆրանը տարիներ առաջ: Հիմա, իհարկե, տարիքն իրենը ասում է, բայց բոլորս էլ գիտենք, որ ուժեղ ֆուտբոլիստները տարիների հետ չեն կորցնում իրենց վարպետությունը: Ֆրանսիացին միանշանակ Հայաստան չի ժամանել պահեստայինների նստարանը մաշեցնելու համար եւ, անշուշտ, պատրաստ է իր փորձով օգնել թե՛ թիմին, թե՛ թիմի երիտասարդ ֆուտբոլիստներին:
Յոան Գուֆրանը մեծ հաջողությունների է հասել իր ֆրանսիական կարիերայի հատվածում, երբ խաղում էր «Բորդոյի» կազմում: Ֆրանսիայի համանուն քաղաքը ներկայացնող թիմի հետ Յոանը հաղթել է Լիգա 1-ում (2008-09թթ.), Ֆրանսիայի լիգայի գավաթում (2008-09թթ.), ֆրանսիացին նաեւ իր երկրի կրկնակի սուպերգավաթակիր է (2008թ.,2009թ.):
Հանրաճանաչ ֆուտբոլիստը նույնպես պատասխանել է «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին. ««Արարատ-Արմենիայի» սպորտային տնօրեն Հակոբ Չալիկյանը կապ հաստատեց ինձ հետ եւ առաջարկեց գալ եւ ծանոթանալ ֆուտբոլիստների ու ակումբի ներսում տիրող իրավիճակի հետ՝ հասկանալու համար՝ արդյոք նախագիծն ինձ հետաքրքրում է, թե ոչ: Ժամանեցի Կիպրոս, եւ վերջնական բանակցությունների արդյունքում ստորագրեցինք պայմանագիրը: Առաջին տպավորությունն այն էր, որ սա ակումբ է, որն ուզում է աճել, պայքարել ամենաբարձր արդյունքների համար ու ամեն տարի չեմպիոն դառնալ: Հետաքրքիր էր նաեւ տեսնել, որ բոլոր ֆուտբոլիստները խոսում են անգլերեն:
Այս պահին դեռ մարզավիճակս կատարյալ չէ, քանի որ երկար ժամանակ չեմ խաղացել, բայց ես քրտնաջան աշխատում եմ ֆիզպատրաստության մարզչի հետ, որպեսզի հնարավորինս շուտ պատրաստ լինեմ»,- ասել է Յոան Գուֆրանը:
Տրանսֆերային պատուհանը Հայաստանում դեռ շարունակում է մնալ բաց, եւ փաստ չէ, որ Յոան Գուֆրանը հայկական թիմի վերջին ձեռքբերումն էր: Երեւանյան ակումբում այս պահին հավաքված են շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ, երկար է նաեւ Մինասյանի թիմի պահեստայինների նստարանը ՝ լի հայ երիտասարդ ու տաղանդավոր ֆուտբոլիստներով:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2019թ. հունիսի 25-ին Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՕ-68-Ն օրենքի համաձայն՝ այն ֆիզիկական անձինք, որոնք 2019թ. հունիսի 29-ից հետո այլ ֆիզիկական անձանց օտարել են 365 օրվա ընթացքում ձեռք բերված ավտոմեքենա կամ ավտոմեքենաներ, պարտավոր են մինչեւ գործարքին հաջորդող տարվա ապրիլի 20-ը հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկ եւ վճարել եկամտային հարկը՝ օտարված ավտոմեքենայի պայմանագրային արժեքի 1%-ի չափով, բայց ոչ պակաս, քան ավտոմեքենայի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամն է, իսկ շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից: 2019թ. հունիսի 29-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հարկվող գործարք իրականացրած ֆիզիկական անձինք, մինչեւ 2020թ. ապրիլի 20-ը ներառյալ, պարտավոր են բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել 2019թ. եկամտային հարկի տարեկան հաշվարկ եւ վճարել եկամտային հարկը:




Լրահոս