Դիլիջանից մինչեւ Երեւան, Սայաթ-Նովայից մինչեւ Բաղրամյան պողոտա եւ խորհրդարանի տարբեր սենյակներում օրուգիշեր քննարկումներ կազմակերպելու արդյունքում վերջապես իշխող ուժը խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության հետ գտավ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահից ու անցանկալի կազմից ազատվելու իրատեսական տարբերակը: ԱԺ 37 իշխանական պատգամավորներ Սահմանադրությունում փոփոխությունների նախագիծ են մշակել եւ առաջարկում են ուժը կորցրած ճանաչել Սահմանադրության 213-րդ հոդվածը. «Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի՝ ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը եւ անդամները շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը»: Հիմա իշխող թիմն առաջարկում է մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի՝ ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարեցնել, բացի ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանից եւ Արման Դիլանյանից, որոնք իշխանության համար ցանկալի դատավորներ են: Բացի այդ, առաջարկվելու է հանրաքվեի դնել ընդհանրապես ՍԴ գոյության հարցը, որպեսզի քաղաքացիները իրենք որոշեն՝ ուզում են մեր երկրում լինի Սահմանադրական դատարան, թե ոչ: Նախկին իշխանության ներկայացուցիչները աղմկում են, թե այս օրինագծի ընդունումով ԱԺ-ն ՍԴ-ի լիազորություններին է տիրանում, այլ կերպ ասած՝ զավթում է, յուրացնում դատական իշխանությունը, ինչը քրեորեն պատժելի արարք է: Մինչդեռ իրականում հանրային լայն շերտերի համար միեւնույնն է՝ մեր երկրում կա Սահմանադրական դատարան, թե ոչ, քանի որ ՀՀ քաղաքացիները ուղիղ չեն առնչվում բարձրագույն դատարանին, եւ արդեն կանխատեսելի է, որ հանրաքվեով ջախջախիչ հաղթանակ է տանելու ՍԴ-ն լուծարելու կարծիքը: Այդպիսով ե՛ւ ՍԴ-ի հարցը կլուծվի, ե՛ւ լուծողը կլինի ոչ թե իշխանությունը, այլ ժողովուրդը՝ հանրաքվեով: Ու հենց այս հարցն էր երեկ ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ քննարկում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Միրզոյանը դեսպաններին համոզել է կարծիք ձեւավորել, որ ՀՀ իշխանությունը որեւէ հակաժողովրդավար քայլ չի անում:
Հավելենք՝ երեկ՝ երեկոյան, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իրենք եւ ԲՀԿ-ն դեմ են քվեարկելու: Իսկ ի՞նչ է մտածում այս մասին ՀՀ սահմանադրական դատարանը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանից, որը նշեց. «Կարծում եմ, որ ճիշտ կլինի՝ փոփոխություններ անողներն արձագանքեն իրենց արածին»:
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը երկար ժամանակ խոստանում էր կարեւոր հայտարարությամբ հանդես գալ: Երեկ նա, ի վերջո, հանդիպեց հայաստանյան ավանդական՝ տպագիր մամուլի գլխավոր խմբագիրների հետ՝ պատասխանելով նրանց հարցերին: Եվ ուշագրավ է, որ չնայած Վանեցյանը, ի վերջո, հայտարարեց քաղաքականությամբ զբաղվելու, կուսակցություն ստեղծելու իր մտադրության մասին, սակայն էլի փակագծեր չբացեց: ԱԱԾ նախկին տնօրենի կողմից հետաքրքիր բացահայտումներ եղան թերեւս հանդիպման վերջում: Նա մասնավորապես հայտարարեց, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ հանդիպել է Նիկոլ Փաշինյանի գիտությամբ ու հանձնարարությամբ, սակայն մանրամասներ չհայտնեց: Մեկ այլ ուշագրավ բացահայտում արվեց արդեն նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի մասին, որն այս պահին ապաստան է ստացել ՌԴ-ում: «Մենք պաշտոնական գրություն ենք գրել գլխավոր դատախազին՝ առաջարկելով նոր ի հայտ եկած հանգամանքների հիման վրա վերաբացել գործը, սակայն գործը վերադարձվել է մեզ: Այնուհետեւ Միհրան Պողոսյանը հանկարծակի մեկնեց երկրից, եւ հարց է առաջանում՝ ինչո՞ւ մեկնեց, ո՞վ իրեն տեղեկացրեց, որ մեկնի, եւ ինչո՞ւ քրեական գործը չվերաբացվեց»: Բացի այս, Վանեցյանը նաեւ չթաքցրեց, որ իր հրաժարականի պատճառներից մեկն էլ եղել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ տարվող քաղաքականության հետ անհամաձայնությունը, եւ այդ պատճառով իր խոսքում ասել էր. «Կա՛նգ առ»:
Երեւանի Լեոյի 54 հասցեի շինարարական աշխատանքների հետեւանքով 200 տարվա պատմություն ունեցող շենքը, որն ընդգրկված է հուշարձանների պահպանության ցանկում, քանդվում է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Լեոյի 54 հասցեում գտնվող Հիդրոմետ ծառայության նախկին շենքը վերածվելու է հյուրանոցի: Այժմ շինաշխատանքներ են իրականացվում, ավելանալու է եւս մեկ հարկ: Ըստ Երեւանի քաղաքապետարանի՝ Լեոյի 54 հասցեում «ԿԱՄ Դեվելոփմենթս» ընկերությունը շինարարություն իրականացնելու թույլտվություն ստացել է անցած տարվա օգոստոսին Հայկ Մարությանի կողմից: Ի դեպ, խոսքն այն շենքի մասին է, որը վաճառվել է անմիջապես հեղափոխությունից հետո` 2018 թվականի մայիսին. ենթադրվում է, որ այս գործարքի հեղինակները օգտվել են երկրում տիրող խառը վիճակից: Եվ, ըստ որոշ տեղեկությունների, այդ տարածքում հյուրանոց կառուցում է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախկին ղեկավար, Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանը: Իհարկե, «Ժողովուրդ» օրաթերթը այս տեղեկությունը փորձեց ճշտել Արման Սահակյանից, սակայն ողջ օրվա ընթացքում նա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Բայց սա դեռ ամենը չէ. պարզվում է, որ իրականացվող շինաշխատանքների հետեւանքով հարեւանությամբ գտնվող շենքը փլուզվում է: Կառուցապատող «Առ Արտ» ընկերությունը շարունակում է փոսի փորման աշխատանքները: Այս մասին ArmLur.am-ի տեսանյութը կարող եք դիտել այսօր:
Նախօրեին կրկին ակտիվացան լուրերն այն մասին, որ «Ոսկու աշխարհ»-ի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին կաշառք է տվել եւ հիմա էլ բարձրաձայնում է այդ մասին: «Ժողովուրդ» օրաթերթը գնաց լուրի հետքերով՝ պարզելու, թե ինչ կաշառքի մասին է խոսքը, ինչ գործ է հարուցված այս մասով: Իսկ ի՞նչ կաշառքի մասին է խոսքը: Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ, ով ասաց, որ ծիծաղելի է կաշառքի մասին խոսելը. «Ընդամենը ասել եմ՝ քաղաքի տոնածառներից մեկն էլ ինքը գնի որպես գործարար: Ու այդպես իմ շատ գործարար ընկերներ են Երեւանի համար տոնածառներ գնել, դպրոց ու մանկապարտեզ վերանորոգել: Հիմա ի՞նչ, բոլորը գնան կաշառքի հաղորդում տա՞ն: Աբսուրդ»: Իսկապես, եթե նույն տրամաբանությամբ շարժվենք, ապա պետք է այսօր էլ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը պատժվի, որ որոշ գործարարներ Երեւանի համար «կամազ» կամ այլ տեսակի տեխնիկա են գնել՝ քաղաքապետի ուղիղ կամ անուղղակի հորդորով: