ԺԱՄԱՆԱԿԻՆ ԼԱՎ ԵՆ ԶԳԱՑԵԼ ԻՐԵՆՑ, ՀԻՄԱ ԷԼ ԹՈՂ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանին ոստիկանությունը բերման էր ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով: Մի քանի ժամ հետո Ռուբեն Հայրապետյանը ոստիկանությունից դուրս գալուց հետո հայտարարել էր. «Եթե հիշում եք, դեկտեմբեր ամսին մեր տունը խուզարկելուց ես մի հայտարարություն արեցի, որ մեր տանից հանել են հձ-35 տանկ, ըՁՀ, ըԾկ, չեմ հիշում՝ էլ ինչ, եւ մի քանի օր առաջ, երբ որ ես հեռուստացույցով նայում էի ոստիկանապետի ելույթը, տեսա, թե ոնց է դանդաղ խոսում ու դանդաղ մտածում: Իսկ եթե դանդաղ խոսում ու դանդաղ մտածում է, ուրեմն դանդաղ էլ հասկացել է»:

Այնուհետեւ Հայրապետյանը շարունակել էր. «Դե, բնականաբար, հասկանում եք՝ ում հանձնարարությամբ էր էս ամենը կատարվել: Հերթական կապիկությունն է: Նրանք փորձում են ինձ վախեցնել, բայց մի բան չեն հասկանում, որ իմ տեսակին նման ձեւով չեն կարող վախեցնել: Առհասարակ, մեր տեսակն է ուրիշ, եւ, բացի դրանից, նույնիսկ եթե պառկեցնեին ասֆալտին, ժողովո՛ւրդ ջան, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, ամոթ չէ ոստիկանի կողմից ասֆալտին պառկելը, բայց որ ես եմ պառկեցնելու մի գեղեցիկ օր ու ոտքերս մաքրեմ իրենց վրա, այ դա հաստատ է»:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանի հետ՝ պարզելու համար, թե ընդդիմությունն ինչ դիրքորոշում ունի՝ ոստիկանության կատարած քայլերի ու Ռուբեն Հայրապետյանի հայտարարության հետ կապված:
-Պար՛ոն Ստեփանյան, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանին ոստիկանությունը բերման էր ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով: Բայց, կարծես թե, ոստիկանության ահազանգը կեղծ էր, ու կրկին որակվեց՝ ոստիկանության աշխատանքները շոու էին. համակարծի՞ք եք:
-Ոստիկանության գործառույթը նաեւ դա է: Ես չգիտեմ, թե ինչի համար են բերման ենթարկել, զենք-զինամթերք են ասում, դրա կասկածանքով է եղել: Երեւի օպերատիվ տվյալներ են ստացել, դրա հիման վրա են բերման ենթարկել, ինֆորմացիային իրենք են տիրապետում, իրենք են բերել:
-Նախկին իշխանությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ ներկայիս իշխանությունը քաղաքական հետապնդման է ենթարկում իրենց, եւ գրեթե բոլոր նման միջոցառումները իրականացվում են այդ համատեքստում: Համակարծի՞ք եք:
-Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, ես չեմ կարող ասել, թե ընգել են իրենց հետեւից. եթե ժամանակին ինչ-որ հեղինակություններ են եղել կամ ենթամշակույթ են կրել, գողական են, այսպես, թե այնպես, հնարավոր է՝ դրանք շարունակական բաներ լինեն, նման ինֆորմացիաները շատ լինեն: Դրանք օպերատիվ ծառայությունն է, որը իրականացնում են իրենք, հո ժողովրդին ամեն ինչի մասին տեղյակ չե՞ն պահի: Օպերատիվ ինֆորմացիայի հիման վրա են մարդկանց բերման ենթարկում: Հա, ինքը կարող է օրինական զենք ունենալ, ես էլ ունեմ պարգեւատրված զենք: Գուցե իր անվտանգության համար է, թե ինչ է ստացել, ումից է ստացել, չենք կարող դա ասել. եթե ստուգել են, տեսել են՝ օրինական է, դա արդեն այլ բան է: Կարծում եմ՝ սա հետապնդում համարել պետք չի: Հեղափոխությունից արդեն մի քանի տարի է անցել, ու նոր է սկսվել Ռուբեն Հայրապետյանի հետ կապված ինչ-որ ստուգում. եթե անեին, հենց սկզբում էլ մի բան կանեին. ՀՖՖ-ի նախագահ էր եւ այլն:
-Սա հետապնդում չե՞ք համարում:
-Իրենք են ամեն ինչը հետապնդում համարում, անձնական ինչ-որ բաներ են փնտրում:
-Հայրապետյանը սպառնացել է նաեւ, որ մի գեղեցիկ օր ինքն է «փռելու» ասֆալտին իշխանություններին եւ իր ոտքերն է մաքրելու նրանց վրա:
-Դե, գիտեք ոնց, ես չեմ ընդունում նման հայտարարությունները, դե, իրեն ճանաչում եմ, կարող է պահի տակ իր ամբիցիաներից ելնելով է նման բան հայտարարել, բնավորություն է, կարծում եմ՝ պահի տակ է նման բան հայտարարել, կարծում եմ՝ հետագայում կփոշմանի այդ հայտարարության համար: Կասի, որ պահի տակ եմ դա արտահայտվել: Պետք է հասկանալ, որ ոստիկանությունն իր գործառույթներն է իրականացնում, չգիտեմ՝ ինչքանով է կարողանում անի, բայց օպերատիվ տեղեկություն է ստացել, արել է: Առաջ օլիգարխներ կային, իրենց թիկնազորներով էին, հիմա պետք է հասկանալ՝ ինչ, ոնց եւ այլն: Իշխանության գործառույթն է նաեւ ապօրինի բաներ գտնելն ու կանխելը. օպերատիվ ծառայությունն է:
-Բայց ոստիկանության աշխատանքից դժգոհ է նաեւ իշխանությունը, նույնիսկ հայտարարվում է, որ այդ ամենը շոու է, որն իրականցվում է ոստիկանության կողմից: Դուք կարծում եք, որ շոու չէ՞:
-Դե, գիտեք ինչ, մարդիկ բերման են ենթարկվում, հետո հանգամանքները պարզվում են, շոու ասել, չգիտեմ, օպերատիվ ծառայություն է իրականացվում: Դե, գիտեք ինչ, կարան իրենց մարդիկ պահելու, չվարկաբեկվելու համար ասեն՝ շոու են անում: Էդքան նախորդ իշխանությունների հետ աշխատել են, լավ են զգացել, թող մի քիչ էլ իրենց բերման ենթարկեն, ի՞նչ է եղել որ:

 

 

 

 

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ «ՏՈՒՆ ՃԱՆԱՊԱՐՀԵԼՈՒ» ՕՊԵՐԱՑԻԱՆ՝ ԱՅՍՕՐ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ՝ վաղ առավոտյան, իմքայլականները հանդիպումների շարք են ունեցել՝ օրը սկսելով Սայաթ-Նովայի կենտրոնական գրասենյակից: Նրանք խմբակցության նիստ են անցկացրել, որին ներկա է եղել ԱԺ նախագահ Արարատ Միզոյանը: Գրեթե մեկ ժամ տեւած հանդիպման գլխավոր թեման եղել է Հրայր Թովմասյանից ազատվելու օրինագծերի հարցը՝ որը ինչպես պետք է քննարկել, քվեարկել:

Դրանից հետո արդեն խորհրդարանի տարբեր սենյակներում շարունակվեցին նիստեր անցկացվել՝ մարտավարությունը մշակելու վերաբերյալ: Որոշվել է ամեն ինչ թողնել նիստի օրը, ոչինչ չխոսել, ավել ինֆորմացիա չտալ: Նկատենք, որ ԱԺ-ում հիմնականում քննարկվել են այն հարցերն ու որոշումները, որոնք նախապես քննարկվել ու որոշվել են ՔՊ վարչության՝ գրեթե ամեն օր գումարված նիստերում:
Նշենք, որ խորհրդարանում երեկ քննարկվել է նաեւ միջազգային հանրության հնարավոր արձագանքի մասին հարցը, որը կարող է մտահոգիչ լինել: Որոշվել է խորհրդարանի ամենաբարձր մակարդակով բանակցել տարբեր երկրների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցիչ դեսպանների հետ, բացատրել նրանց իրավիճակը, որպեսզի տարընկալումներ չլինեն, այլ կերպ ասած՝ Եվրոպայից ապտակ չլինի: Դրա համար էլ գիշերով Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ անդամ երկրների դեսպաններին ԱԺ էր հրավիրել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իմքայլականներին հորդորել են «աշխատել» ընդդիմության հետ, որպեսզի նրանք ոչ մի կերպ չհայտարարեն, թե օրինագիծը հակասահմանադրական է: Բայց Էդմոն Մարուքյանը երեկ՝ մինչեւ ուշ գիշեր, մի քանի անգամ արդեն հայտարարեց հակասահմանադրականության մասին: ԲՀԿ-ից այդպիսի կոշտ արձագանք չեղավ, բայց անհամաձայնություն հայտնվեց հրապարակավ:
Մի խոսքով, այսօր բավականին հետաքրքիր է լինելու ԱԺ-ում: Հրահանգված է ԱԺ բոլոր իշխանական պատգամավորներին մեկ մարդու պես ներկայանալ արտահերթ նիստին: Օրակարգում կլինի նաեւ 37 պատգամավորների նախագիծը՝ Թովմասյանին «տուն ուղարկելու» վերաբերյալ, որի տակ ստորագրել են այնպիսի պատգամավորներ, որոնք տեղյակ էլ չեն նախագծի բովանդակությունից. Հովիկ Աղազարյանն արդեն խոստովանել է:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն նախորդ տարի ընդունեց մի օրինագիծ, որով պարտադիր կամավոր սկզբունքով առաջարկվում է ՍԴ անդամներին վաղ կենսաթոշակի գնալ: Օրենքի վերջնաժամկետը այս տարվա փետրվարի վերջն է, սակայն որեւէ դատավոր մինչ օրս չի գրել դիմում՝ վաղաժամ թոշակի գնալու վերաբերյալ: Ավելին՝ բոլորը միմյանց ներսում խոստացել են, որ ոչ մի դեպքում չեն գրելու նման դիմում: Իշխանություններն էլ, իմանալով այս մասին, որոշեցին գնալ ժողովրդի ձեռքով՝ հանրաքվեով ՍԴ-ն ցրելու ճանապարհով:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ԴԺԳՈՀ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը երեկ կրկին նիստ է անցկացրել: Եվ խմբակցության նիստի ժամանակ ոչ միայն անդրադարձ է կատարվել այսօր մեկնարկելիք ԱԺ արտահերթ նիստի օրակարգին, այլ նաեւ վերջին օրերին ոստիկանության աշխատանքին, մասնավորապես՝ «բռնոցի-թողոցի» վիճակին: Եվ հետաքրքիր է, որ շատերի համար ընդունելի չէ ոստիկանության այդ գործելաոճը: Անգամ խմբակցության ղեկավարությունը հայտարարել է, որ իրենց համար էլ է այս իրավիճակը անընդունելի, երբ անընդհատ ոստիկանության աշխատանքը որակվում է շոու:
Ըստ մեր տեղեկությունների՝ իմքայլականները նույնիսկ քննարկել են, որ պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցնել այս դժգոհությունները, որպեսզի ոստիկանության ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը այդ պաշտոնին չնշանակվի: Իմքայլականներին կհաջողվի հասնել իրենց նպատակին՝ դժվար է ասել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ հարցում դեռեւս վերջնական դիրքորոշում չի հայտնում, բայց այսքանից հետո այնքան էլ հակված չէ վերանշանակման:

 

 

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՏԱ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, փետրվարի 6-ից մինչեւ փետրվարի 21-ը տեղի կունենան «Երեւանի զարգացման 2019 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հանրային քննարկումները: Նշենք, որ հաշվետվության մեջ մանրամասն ներկայացված են Երեւանի զարգացման 2019 թվականի ծրագրով նախատեսված եւ իրականացված աշխատանքների վերաբերյալ տվյալները: Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւանի՝ 2019 թվականի բյուջեի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 75 մլրդ 30 մլն դրամ՝ ծրագրված (ճշտված) 86,4 մլրդ դրամի նկատմամբ, կամ կատարողականը կազմել է 86.8 տոկոս: Ընդ որում, Երեւանի 2019 թվականի բյուջեի վարչական մասով ծրագրված (ճշտված) 84,3 մլրդ դրամ ընդամենը եկամուտների դիմաց փաստացի մուտքագրվել է ավելի քան 75 մլրդ դրամ՝ ապահովելով 88.9 տոկոս կատարողական: Պարզվում է, որ սեփական եկամուտների փաստացի հավաքագրման ցուցանիշը ավելի է 2018 թվականի համապատասխան ցուցանիշից 3,5 մլրդ դրամով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի 2019 թվականի բյուջեի միջոցների հաշվին իրականացվել է 66,7 մլրդ դրամի ծախսեր: Ըստ քաղաքապետարանի՝ նախատեսված եւ փաստացի ծախսված գումարների տարբերությունները հիմնականում պայմանավորված են գնումների գործընթացում առաջացած խնայողություններով, որոշ ծրագրերի, ինչպես նաեւ պատվիրակված լիազորությունների մասամբ չկատարմամբ:




Լրահոս