ՈՍԿՈՒ ՎԱՂԱՐՇՆ ՈՒ ԿԱՅԱՐԱՆԻ ՏՈՆԱԾԱՌԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա վերջին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում, ՀՀ քր. օր.-ի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ: Բանն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազություն է դիմել «Վաղարշ եւ որդիներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր Վաղարշ Աբրահամյանը՝ ժողովրդին հայտնի Ոսկու Վաղարշ մականունով՝ «Ոսկու շուկա»-ի սեփականատերը: Ըստ մամուլի հրապարակումների՝ Աբրահամյանը ԱԱԾ-ին հայտնել է, որ իր ընկերությունը Բեգլարյանին կաշառք է տվել:

«Ժողովուրդ» օրաթերթը գնաց հրապարակման հետքերով՝ հասկանալու համար, թե ինչ կաշառքի մասին է խոսքը: Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Գագիկ Բեգլարյանը իր՝ քաղաքապետ աշխատած տարիներին մի խումբ գործարարների, որոնց մեջ եղել է նաեւ Վաղարշ Աբրահամյանը, հորդորել է Երեւան քաղաքի դպրոցներից մեկը նորոգել, մյուսին՝ մանկարապտեզի նորոգումն է բաժին հասել, մեկ այլ գործարար տոնածառ է գնել եւ այլն: Ասել է թե՝ Երեւան քաղաքի համար այս կամ այն աշխատանքն են իրականացրել: Եվ, ահա, Վաղարշ Աբրահամյանը, որը, ըստ տեղեկությունների, «Սասունցի Դավիթ» կայարանի մերձակա հրապարակի համար տոնածառ է գնել՝ իր զարդարանքներով, որոշել է հետհեղափոխական Հայաստանում բողոքել իրավապահներին, որպեսզի Երեւանի նախկին քաղաքապետին պատժեն: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ գումարը այն տոնածառի, որ Վաղարշ Աբրահամյանը գնել է, չի տվել Երեւանի քաղաքապետարանին, այլ փոխանցել է այն ընկերությանը, որից գնել է այդ տոնածառը:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ փորձեց զրուցել Վաղարշ Աբրահամյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսին պատասխանեց նրա որդին եւ հայտնեց, որ հայրը երկրում չէ, չի կարող ասել, թե որ երկրում է, եւ, առհասարակ, իր մոտ հեռախոս չի պահում, բառի ուղիղ իմաստով՝ անհասանելի է:
Մեր այն պնդմանը, թե ինչու է իր հայրը հիմա որոշել տարիներ առաջ իր հետ կատարվածի մասին պատմել իրավապահներին, վերջինիս որդին ասաց, որ ոչինչ ասել չի կարող: Այսպիսով, մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել՝ Վաղարշ Աբրահամյանն ինչու է հիմա հիշել Գագիկ Բեգլարյանին, ու ինչու է իր դիմումից հետո անհետ հեռացել երկրից:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ կաշառքի պատմություն է: Նա մեզ հետ զրույցում հայտնեց, որ ժամանակին իր շատ գործարար ընկերների է խնդրել Երեւանի համար այս կամ այն աշխատանքը իրականացնել. «Բոլորը սիրով արել են: Եղել են մարդիկ, որ դա արել են դժկամությամբ, բայց մեկ է, արել են: Իմ խնդիրը եղել է քաղաքը կառուցելը եւ ամեն ինչ անելը մեր Երեւան քաղաքի համար, ինչին եւ հասել եմ: Մարդիկ մանկապարտեզ են նորոգել, դպրոցներ են նորոգել, գույք են գնել քաղաքի համար, ու դա համարել կաշառք, ծիծաղելի է: Եթե այդպես լինի, ապա իմ ընկեր Սամվել Կարապետյանը պետք է գնա բողոքի, որ ես իրեն ասել եմ, որ այս կամ այն համայնքի համար տոնածառ գնի կամ որեւէ ծրագիր իրականացնի, կամ Սամվել Ալեքսանյանը գնա բողոքի, որ իրեն ասել եմ՝ Մալաթիա վարչական շրջանի համար տոնածառ գնի, որը մինչեւ հիմա դրվում է ամեն տարի: Կամ հազար գործ են արել մարդիկ քաղաքի համար: Հիմա պետք է բոլորը գնան կաշառքի մասին բողոք ներկայացնե՞ն. սա աբսուրդ է»:
Այսպիսով, եթե համամատենք դեպքերը, ըստ էության, Երեւանի ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանն էլ գործարարներից Երեւան քաղաքի համար «կամազներ» նվեր ստացավ: Ըստ էության, գործելաոճը նույնն է:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը քաղաքապետարանի՝ «կամազների» ձեռքբերման գործարքում խախտում չհայտնաբերեց, ասել է թե՝ հանցակազմ չտեսավ, ինչը, թերեւս, սպասվում է նաեւ Գագիկ Բեգլարյանի տոնածառների դեպքում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՈՒՇԱԳՐԱՎ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ «ՄԱՐՏԻ 1»-Ի ԳՈՐԾՈՎ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Մարտի 1»-ի գործով ուշագրավ գործընթացներ են տեղի ունենում: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը վաղեմության ժամկետի հիմքով կարճել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանի մասով քրեական գործերը:

Ինչպես հայտնի է, ՀՔԾ-ն հայտնել էր, որ 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարված առանձնապես ծանր հանցագործության՝ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները, ինչպես նաեւ հանցագործության հետքերը թաքցնելու համար ՀՀ նախագահի օգնական Գեւորգ Կոստանյանը, 2008 թվականի հուլիսի 2-ից ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանը չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ 2008 թվականի մայիսի 29-ից ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի եւ սույն քրեական գործով նշված ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմնի միջոցով կազմակերպել են նշված առանձնապես ծանր հանցագործությունը նախապես չխոստացված պարտակելը՝ իրենց հանձնարարություններով ու ցուցումներով պաշտոնատար անձանց դրդելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, պաշտոնեական կեղծիքների կատարման եւ ապացույցները կեղծելուն:
Վերը նշված քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն տվել էր ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց, այդ թվում՝ ոստիկանության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանի, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Աշոտ Գիզիրյանի, ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի պետի տեղակալ, օպերատիվ բաժնի պետ Արթուր Դաստակովի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հայկ Միլիտոնյանի, ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի, քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի, ոստիկանության զորքերի շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի անունները, թե կոնկրետ ինչ գործառույթներ են վերջիններս իրականացրել:
Եվ, ահա, մեզ հասած լուրերի համաձայն՝ նախաքննական մարմինը սույն քրեական գործով անցնող նախկին պաշտոնատար անձանց հրավիրում է ՀՔԾ` նշելով՝ արդյոք համաձայն են, որ իրենց մասով հարուցված քրեական գործը վաղեմության ժամկետի հիմքով կարճվի: Ի պատասխան՝ գործով անցնող ոստիկանության պաշտոնյաներից ոստիկանության նախկին պետի նախկին տեղակալ Սաշիկ Աֆյանը համաձայնել է, եւ նրա մասով հարուցված քրեական գործը կարճվել է: Մեզ հասած լուրերի համաձայն՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանի մասով եւս կարճման գործընթաց է գնում:
Իսկ ի՞նչն է այս իրավիճակում ուշագրավը: Ըստ էության, եթե վերոնշյալ մարդիկ համաձայնում են նախաքննական մարմնի մեղադրանքի հետ, եւ հարուցված քրեական գործը, վաղեմության ժամկետ հիմքով, կարճվում է, ապա ստացվում է, որ նրանք մեխանիկորեն ընդունում են, որ պաշտոնեական կեղծիք են թույլ տվել: Այսինքն՝ ընդունում են իրենց մեղքը:
Ասել է թե՝ այս քայլով ՀՔԾ-ն կարողանում է նաեւ ձերբազատվել այն կարծիքներից, որ անհիմն քրեական գործեր են հարուցել: ՀՔԾ-ն հանգիստ կարող է ասել՝ ահա, խնդրեմ, կոնկրետ մարդիկ ընդունեցին իրենց մեղքը, եւ նրանց մասով քրեական գործը կարճվեց՝ վաղեմության ժամկետի հիմքով: Չի բացառվում, որ ՀՔԾ-ն այս գործալաոճին գնաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հայտարարությունից հետո, որը պատրաստակամություն էր հայտնել գալ եւ հրապարակային ապացուցել, որ հարուցված քրեական գործը եւ իրեն առաջադրված մեղադրանքը ամբողջությամբ անհիմն են: Իսկ թե ինչի արդյունքում ոստիկանության պաշտոնյաները հետքայլ արեցին եւ հանձնվեցին, ցույց կտա ժամանակը:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԲԱՎԱՐԱՐԵՑ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստին ամբաստանյալներից մեկի պաշտպան Զարուհի Փոստանջյանը միջնորդել է, որ գործով տուժող Գագիկ Մկրտչյանի հիվանդության պատմագիրը վերցնեն տվյալ բուժհաստատությունից կամ ՀՔԾ-ից: «Դատաքննությունը լրացնելու համար անհրաժեշտություն է առաջացել հետազոտել տուժող Գագիկ Մկրտչյանի հիվանդության պատմությունը: Իրարամերժ ցուցմունքների առկայության պայմաններում, հնարավոր է, այլ փաստեր առաջ գան»,- փոխանցել է պաշտպանը: Նա միջնորդել է, որ դատարան հրավիրվեն նաեւ տվյալ բուժհաստատության վիրաբույժները, որոնք վիրահատել կամ բուժօգնություն են ցուցաբերել Գագիկ Մկրտչյանին: Դատարանը Փոստանջյանի միջնորդությունը բավարարել է:

 

 

 

ԳՈՐԾԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ Է
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով երկրորդ անգամ նախաքննության ավարտ է հայտարարվել, եւ այն ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու: Հիշեցնենք, որ Ա. Բաբլոյանին մեղադրանք էր առաջադրվել հոկտեմբերի 28-ին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: Բաբլոյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Նույն քրեական գործով մեղադրվող Արսեն Բաբայանի նկատմամբ էլ ի սկզբանե ընտրված էր խափանման միջոց կալանավորումը, որը հետագայում փոխարինվել էր անձնական երաշխավորությամբ:

 

 

ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է
ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի գործը՝ մեղադրական եզրակացությամբ, արդեն դատարանում է: Գործը գլխավոր դատախազությունում մեղադրական եզրակացությամբ ստացվել է 2020թ. հունվարի 30-ին ՀՔԾ-ից՝ ըստ մեղադրանքի Հ. Ա.-ի եւ Ա. Գ.-ի՝ ՀՀ քր. օր. 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Հոդվածը ենթադրում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ակոսափող հրազենի փամփուշտներ եւ ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու եւ պահելու համար սահմանված մեղադրանք:

 

 

ԱՌԵՎԱՆԳՄԱՆ ՓՈ՞ՐՁ
Սոցցանցի օգտատեր Ալինա Եմենջյանն իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով. «160 դպրոցի մոտ գտնվող խանութի տարածքից երեխայի առեւանգման փորձ է տեղի ունեցել: Ինչքան հնարավոր է, տարածե՛ք, որ գտնվի էս պիղծը»,-գրել է նա: ArmLur.am-ը դեպքի մանրամասները պարզելու համար կապ է հաստատել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասել է, որ երեխայի ծնողը դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ երեխային իրենց շենքի բակում մոտեցել է անծանոթ մի տղամարդ եւ փորձել է խոսել երեխայի հետ: Թե ինչ է ասել երեխային տղամարդը, դեռեւս հայտնի չէ: Երեխան նրան չի ճանաչել: Նշենք, որ ոստիկանությունը պարզում է, թե ով է եղել տղամարդը եւ ինչ է խոսել երեխայի հետ:




Լրահոս