Երեւանի Լեոյի 54 հասցեի շինարարական աշխատանքներն անհանգստացնում են Կոնդի բնակիչներին: Մասնավորապես, այդ շինաշխատանքների հետեւանքով 200 տարվա պատմություն ունեցող շենքը, որն ընդգրկված է հուշարձանների պահպանության ցանկում, քանդվում է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Լեոյի 54 հասցեում գտնվող «Հիդրոմետ» ծառայության նախկին շենքը վերածվելու է հյուրանոցի: Այժմ շինաշխատանքներ են իրականացվում, ավելանալու է եւս մեկ հարկ: Կառուցապատողը «ԿԱՄ Դեվելոփմենթս» ընկերությունն է, իսկ կապալառուն՝ «Առ Արտ» ընկերությունը:
Ըստ Երեւանի քաղաքապետարանի՝ Լեոյի 54 հասցեում «ԿԱՄ Դեվելոփմենթս» ընկերությունը շինարարություն իրականացնելու թույլտվություն ստացել է անցած տարվա օգոստոսին Հայկ Մարությանի կողմից: Այս ընկերությունը ստեղծվել է 2017 թվականին, հիմնադիրը Կարեն Մուրադյանն է: Իսկ «Առ Արտ» ընկերությունը ստեղծվել է 2013-ին, հիմնադիրն է Անժելա Առաքելյանը:
Ի դեպ, խոսքն այն շենքի մասին է, որը վաճառվել է անմիջապես հեղափոխությունից հետո` 2018 թվականի մայիսին. ենթադրվում է, որ այս գործարքի հեղինակները օգտվել են երկրում տիրող խառը վիճակից: ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացած փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունը պարզել էր, որ Երեւանի կենտրոնում գտնվող այս շենքը ՀՀ կառավարությունը վաճառել է իրական գնից 3 անգամ ցածր գնով: Շենքը 2016 թվականին, ինչ-որ մասնավոր ընկերության կեղծ եզրակացության հիման վրա, գնահատվել է 515 մլն 890 հազար դրամ, բայց 2018 թվականի մայիսի 17-ին շենքն օտարվել է ընդամենը 360 մլն 620 հազար դրամով, իբր, անցկացված մրցույթի արդյունքում: Այնուհետեւ դատախազությունը պարզել է, որ շենքի իրական արժեքը ոչ թե 515 մլն 890 հազար դրամ է, այլ 850 մլն:
Ըստ որոշ տեղեկությունների՝ այդ տարածքում հյուրանոց կառուցում է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախկին ղեկավար, Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանը: Իհարկե, «Ժողովուրդ» օրաթերթը այս տեղեկությունը փորձեց ճշտել Արման Սահակյանից, սակայն վերջինս ողջ օրվա ընթացքում այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Բայց սա դեռ ամենը չէ: Պարզվում է, որ Լեոյի 54 հասցեում իրականացվող շինաշխատանքների հետեւանքով հարեւանությամբ գտնվող շենքը փլուզվում է:
«Ժողովուրդ» օրաթերթին է դիմել նկարիչների, թատերագետների միությունների անդամ, նկարիչ, մանկավարժ Եվա Գեւորգյանը: Պարզվում է՝ հյուրանոցի կառուցման համար հսկայական փոս է փորվում, որը հասել է արդեն 200-ամյա շենքի հիմքին: «Ծառերը կտրեցին, ցայտաղբյուրը վերացրին, անգամ իմ տան մուտքն են փակել, ի՞նչ իրավունքով: Մտել են իմ տարածք: Դա իմ արվեստանոցն է, որտեղ ես աշխատում էի մինչեւ այդ շինաշխատանքները, հեռավորությունը չեն պահել ու դեռ փորում են. մինչեւ երբ կամ որտեղ են փորելու, հայտնի չէ: Քանդվում է տունը, պատերը ներսից ճաքել են, պատերը դղրդում են ներսում քայլելիս. այնքան խորն են փորել ու այնքան մոտիկ, որ հողը սկսել է սահել»,- իրավիճակը ներկայացրեց Եվա Գեւորգյանը: Մեր զրուցակիցը այս խնդրի շուրջ դիմել է Երեւանի քաղաքապետարան, սակայն անարձագանք:
Կառուցապատող ընկերությունը՝ «Առ Արտ» ընկերությունը, շարունակում է փոսի փորման աշխատանքները: Սա արձանագրել է նաեւ ArmLur.am-ի տեսախցիկը, որի մասին տեսանյութը կարող եք դիտել այսօր:
Ի դեպ, տեղեկացնենք, որ այս խնդրի շուրջ Կոնդի բնակիչներն ուրբաթ օրը հավաքվելու են՝ բողոքի ակցիա իրականացնելու:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՉԻՆԱՍՏԱՆԻՑ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԳԱԼԻ ՊԱԿԱՍԵԼ Է
Այլ երկրներից դեպի Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալները բավականին ավելացել են:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից պարզեց, որ անցած տարվա ընթացքում, որպես մարդասիրական օգնություն, Հայաստան է ուղարկվել 110 մլն 860 հազար 500 դոլարի օգնություն: Նկատենք, որ 2018 թվականին Հայաստան ստացվել է 90 մլն 195 հազար 700 դոլարի չափով մարդասիրական օգնություն:
Նշենք, որ Եվրամիության անդամ շատ երկրներ մարդասիրական օգնություն Հայաստանին ուղարկել են: Գերմանիայից, օրինակ, Հայաստանը ստացել է 27 մլն 264 հազար դոլարի չափով օգնություն, իսկ մեր բարեկամ Ֆրանսիայից` 602 հազար 700 դոլարի չափով: Ֆրանսիայից 2018 թվականի ընթացքում Հայաստան եկել է 657 հազար 200 դոլարի մարդասիրական օգնություն: Անցած տարի Հայաստանը Շվեյցարիայից 10 մլն 410 հազար դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել, մինչդեռ 2018 թվականին Շվեյցարիայից ՀՀ մտել է 13 մլն 470 հազար դոլարի չափով մարդասիրական օգնություն:
ԱՊՀ երկրներից Հայաստանը 213 հազար 100 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել, որից 39 հազար դոլարը՝ Ուկրաինայից: Ռուսաստանից անցած տարի եկել է 174 հազար 100 դոլարի չափով մարդասիրական օգնություն, մինչդեռ 2018 թվականի ընթացքում Ռուսաստանից Հայաստան մտել է 1 մլն 605 հազար դոլարի չափով մարդասիրական օգնություն: Անգամ Հնդկաստանից է Հայաստանը մարդասիրական օգնություն ստացել` 3 մլն 100 հազար դոլարի չափով, որը, ի դեպ, 2018 համեմատ, պակասել է:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Չինաստանից Հայաստան մեկ տարվա ընթացքում զգալի նվազել է մարդասիրական օգնության չափը. եթե անցած տարի Հայաստան Չինաստանից եկել է 2 մլն 425 հազար դոլարի չափով մարդասիրական օգնություն, ապա 2018-ին այն կազմել է 19 մլն 638 հազար դոլար:
Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԽՆԴԻՐՆԵՐ ԻՋԵՎԱՆԻ ԹԻՎ 3 ԵՎ ԶՈՐԱԿԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ
Մամուլում հրապարակում է եղել, որ Իջեւան քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրեն Հրայր Պողոսյանը, որը ֆիզկուլտուրա է դասավանդում, սակայն չունի մանկավարժական կրթություն, վիճել է իր դպրոցի աշակերտներից մեկի ծնողի հետ եւ կոտրել վերջինիս ծնոտը, աշակերտները վախենում են հաճախել Հրայր Պողոսյանի վարած դասերին: Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանը հայտնեց, որ ինքն այդ հրապարակման կապակցությամբ զրույց է ունեցել Հրայր Պողոսյանի հետ, որը ժխտել է աշակերտներից մեկի ծնողի ծնոտը ջարդելու մասին տեղեկությունը:
Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» խորագրի ներքո տեղադրված է մարզպետ Հայկ Չոբանյանի հունվարի 29-ի որոշումը, որով Իջեւանի թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրենի պարտականությունները մինչեւ մրցույթով դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելը դրվել են Նարինե Աթաբեկյանի վրա: «Ժողովուրդ» օրաթերթը Մանե Ղազումյանին հարցրեց, թե դպրոցի տնօրեն Հրայր Պողոսյանին պաշտոնից ազատելը կապ ունի արդյոք վերջինիս կողմից աշակերտի ծնողի ծնոտը կոտրելու հետ:
Մ. Ղազումյանն ասաց, որ Հրայր Պողոսյանին պաշտոնից ազատելը կապված է այն բանի հետ, որ լրացել է նրա պաշտոնավարման հնգամյա ժամկետը. դպրոցների օրինակելի նոր կանոնադրությամբ՝ տնօրենի պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում այդ դպրոցի տնօրենի տեղակալներից մեկը, ով դպրոցի կառավարման խորհրդի անդամ չէ: Ինչո՞ւ Հ. Պողոսյանի աշխատանքային պայմանագիրը լուծելու՝ մարզպետի որոշումը տեղադրված չէ Տավուշի մարզպետարանի ինտերնետային էջում. այդ հարցին Մանե Ղազումյանը չկարողացավ պատասխանել: Խնդիրներ կան նաեւ Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորականի դպրոցում: Այդ դպրոցի 22 տարվա տնօրեն Սիլվա Խոջայանը փետրվարի 3-ին զանգահարեց «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցին, դժգոհեց, որ վերջինս իր հրապարակումներում շատ է տեղ տալիս այդ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի, ներկայումս աշխատանքից ազատված Արեւիկ Բաղիրյանի վկայություններին, եւ հայտնեց, որ ինքը դիմում է գրել պաշտոնից ազատվելու մասին: Ս. Խոջոյանին հարցրինք պաշտոնից ինքնակամ ազատվելու պատճառը, նա ասաց, որ իր նյարդերը այլեւս չեն դիմանում:
Մարզպետարանի կրթության վարչության պետի պաշտոնակատարից հետաքրքրվեցնք Զորականի դպրոցի երկարամյա տնօրենի հրաժարականի մասին: Մ. Ղազումյանն ասաց, որ այդ դիմումին, սահմանված կարգով, եռօրյա ժամկետում ընթացք կտրվի, նաեւ հավելեց, որ Զորականի միջնակարգ դպրոցում խնդիրներ կան, իրենք փորձելու են դրանք ինչ-որ կերպ կարգավորել:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ