ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ. «ԵՎՐՈ-2020»-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը նախորդ համարներից մեկում արդեն նշել է, որ ամռան ամիսները լի են լինելու սպորտային, հատկապես՝ ֆուտբոլային իրադարձություններով: Արդեն ամռանը կկայանա Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը: «Ժողովուրդ» օրաթերթը մինչեւ խոշոր մրցաշարի մեկնարկը կանդրադառնա բոլոր հավաքականներին: Սկսենք Եվրոպայի առաջնության գործող չեմպիոններից` Պորտուգալիայի ազգային հավաքականից:

Համեմատություն «ԵՎՐՈ-2016»-ը հաղթած թիմի հետ
Եթե համեմատում եմ Պորտուգալիայի հավաքականի այս կազմը 4 տարի առաջվա կազմի հետ, ապա միանշանակ պետք է ասենք, որ այս թիմն ավելի ուժեղ է եւ մարտունակ: Այո, «եվրոպական բրազիլացիները» կարողացան հաղթել 2016 թվականի Եվրոպայի առաջնությունում, սակայն այդ հաղթանակի մեջ մեծ էր նաեւ բախտի գործոնը: Հիմա թիմի կազմում իր կայուն տեղն ունեն Բերնարդու Սիլվան, Բրունու Ֆերնանդեշն ու Ժոաու Ֆելիշը: Այս ֆուտբելիստները նկատելիորեն ուժեղացրել են կազմն ու առաջատար Ռոնալդուի հետ կարող են ճախրեցնել Պորտուգալիայի ընտրանուն:

Ֆերնանդու Սանտուշ
Պորտուգալիայի ազգային հավաքականը երկար դեգերումներից հետո, ի վերջո, կարողացավ գտնել իր սրտի մարզչին: Ֆերնանդու Սանտուշը դարձավ այն մարզիչը, ով կարողացավ շատ լավ լեզու գտնել թիմի ֆուտբոլիստների, այդ թվում` Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Եւ, ի վերջո, Սանտուշն այն մարզիչն էր, ում գլխավորությամբ Եվրոպա աշխարհամասը ներկայացնող հավաքականը կարողացավ նվաճել իր պատմության առաջին երկու տիտղոսները` Եվրոպայի առաջնությունն ու Ազգերի լիգան:
Սանտուշի մարզչական գաղափարախոսությունն ամբողջությամբ համապատասխանում է թիմին. պետք է հիշել միայն այն, որ հենց նրա ուղեղի փայլատակման շնորհիվ Պորտուգալիան «ԵՎՐՈ-2016»-ի խմբային փուլից դուրս եկավ 3-րդ տեղով, որն էլ դարձավ հաղթաթուղթը. Հունգարիայի դեմ խաղում Սանտուշից ստացած նամակը Ռոնալդուն երբեք էլ չի մոռանա:
Ազգերի լիգայի եզրափակչում էլ պորտուգալացիները հանդիպել էին լավ թափ հավաքած եւ պաշտպանության կենտրոնում լավագույն զույգն ունեցող (Վիրջիլ վան Դեյկ, Մատիաս դե Լիգտ) Հոլանդիային, որտեղ էլ հաղթեցին՝ Սանտուշի ճիշտ ընտրած կազմի ու մարտավարության շնորհիվ:

«Մահվան խմբի» սարսափը
«ԵՎՐՈ-2020»-ի խմբային փուլի վիճակահանությունը, մեղմ ասած, այդքան էլ բարեհամբույր չգտնվեց Եվրոպայի չեմպիոնների նկատմամբ: Պորտուգալացիները ընդգրկվեցին F խմբում, որտեղ մրցելու են աշխարհի նախկին եւ գործող չեմպիոններ Գերմանիայի եւ Ֆրանսիայի հետ: Վերջին մրցակիցը պարզ կդառնա Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի ավարտից հետո: Այստեղ Պորտուգալիայի բախտն այնքանով է բերել, որ նրանք առաջին տուրում մրցելու են համեմատաբար ավելի թույլ հավաքականի հետ, եւ նաեւ հնարավոր է խմբից դուրս գալ կրկին երրորդ տեղով, այսինքն՝ «մահվան խմբից» կարող են դուրս գալ ե՛ւ Պորտուգալիան, ե՛ւ Ֆրանսիան, ե՛ւ Գերմանիան: Ինչքան էլ որ ուժեղ է Պորտուգալիան, արդարության համար պետք է նշենք, որ նրանք Ֆրանսիայի թիմի հետ պայքարել չեն կարող, այ Գերմանիան ուրիշ պատմություն է: «Գերմանական մսաղացի» շարժիչը երկար ժամանակ է՝ չի գործում, ինչը կարող է հնարավորություններ ընձեռել Պորտուգալիային:

Թաքնված ֆավորիտի գործոնը
Եվրոպայի 2020 թվականի առաջնությունում չեմպիոնական տիտղոսը պաշտպանելու է գլխավոր «զենքը»: Պորտուգալիան, այսպես, թե այնպես, հաղթողի ֆավորիտներից է, ավելի կոնկրետ՝ թաքնված ֆավորիտը: «Մենք կարող ենք հաղթել «ԵՎՐՈ»-ն, դրա հիմնական պատճառն այն է, որ մեզ վառ ընդգծված ֆավորիտ չեն համարում»,- Ռոնալդուի այս խոսքերը 4 տարի առաջ եղան արդարացված: Հիմա էլ Պորտուգալիան նույն կարգավիճակում է՝ ավելի ուժեղացած կազմով:

Կրիշտիանու Ռոնալդու
Իհարկե, անհնար էր չանդրադառնալ Պորտուգալիայի առաջատարին՝ թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուին` Կրիշտիանու Ռոնալդուին: Եթե շատերի համար եվրոպացիների «մահվան խմբում» հայտնվելը վախենալու տեղիք է տալիս, ապա Ռոնալդուի համար դա նոր մոտիվացիա է: Ռոնալդուն իր ընտրանու կազմում արդեն 99 գոլ է խփել եւ «ԵՎՐՈ»-ի ժամանակ կարող է դառնալ ազգային հավաքականների պատմության լավագույն ռմբարկուն (110 գոլ): Կրիշտիանուն արդեն 35 տարեկան է, սակայն շարունակում է մնալ ե՛ւ իր թիմի, ե՛ւ հավաքականի առաջատարը: Ռոնալդուի գործոնը միանշանակ Պորտուգալիայի՝ հաջողության հասնելու ամենագլխավոր գրավականն է:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ՈՒՂՏԵՐԻՑ ՄԵԿՆ ԱՆԿԵԼ Է
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տվյալներով՝ Երեւանի կենդանաբանական այգում պահվող ուղտերից մեկն անկել է: Կենդանու անկման հստակ պատճառներն անհայտ են: Նշենք, որ երկսապատավոր երկու ուղտերը Երեւանի կենդանաբանական այգու հնաբնակներից են: Ներկայումս տեսակը, IUCN չափանիշներին համապատասխան, գտնվում է կրիտիկական վիճակում (CR) եւ հանդիպում է միայն Ասիայի երկու երկրներում՝ Չինաստանում եւ Մոնղոլիայում: Շատ քիչ քանակությամբ ապրում են նաեւ Ռուսաստանում: Վայրի վիճակում հազվադեպ է եւ պաշտպանության տակ է առնված: Վերջին երկու ամսվա ընթացքում Երեւանի կենդանաբանական այգում եւս մի քանի տեսակ կենդանիներ են անկել՝ խոճկորներ, փասիան, մողես:
Հիշեցնենք նաեւ, որ 2019 թվականի նոյեմբեր ամսին Երեւանի կենդանաբանական այգու պաշտոնակատար է նշանակվել Վլադիմիր Սիմոնյանը:

 

 

 

ՓԱԼՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից հայազգի պատգամավոր Գարո Փայլանը հարցադրում է ուղղել հաղորդակցության եւ ենթակառուցվածքների նախարար Մեհմեդ Ջահիդ Թուրհանին՝ կապված Երեւան-Ստամբուլ թռիչքի միառժամանակյա դադարեցման հետ:
Տարիներ շարունակ Հայաստան-Թուրքիա օդային կապը ապահովող թուրքական «Ատլասգլոբալ» ավիաընկերությունը նոյեմբերի 26-ից ժամանակավորապես կասեցրել էր գործունեությունը ֆինանսական խնդիրների պատճառով: Մեկամսյա ընդմիջումից հետո ավիաընկերությունը վերաբացվել էր, սակայն արտերկրա թռիչքները, այդ թվում՝ դեպի Երեւան, չէին գործարկվել: Ընկերության հաղորդագրության համաձայն՝ արտերկիր թռիչքները կվերականգնվեն միայն գարնանը:
«Տարիներ շարունակ այս թռիչքի միջոցով հարեւան երկիր մեկնող Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիներն այժմ զրկված են այդ հնարավորությունից»,- ասել է Փայլանը՝ նախարարին հորդորելով զբաղվել խնդրով:
Հայազգի պատգամավորը, ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ աշխարհի 120 երկրներ բազմաթիվ ուղղություններով ավիափոխադրում իրականացնող «Թուրքական ավիաուղիները» թռիչքներ չունի դեպի հարեւան Հայաստան, պարզաբանում է պահանջել, թե որն է ավիաընկերության նման մոտեցման պատճառը: Հայազգի պատգամավորը նախարար Թուրհանից պատասխան է ակնկալում, թե ինչ քայլեր են ձեռնարկվում հարցին լուծում տալու համար:

 

 

ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ
Երեկ հավանության է արժանացել «Նյութական պահուստի մասին վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Ինչպես նշել է ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Արա Նազարյանը, ելնելով մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքից՝ առաջին պլան է մղվում ռազմական գործողությունների ժամանակ ճանապարհային շրջափակման պայմաններում բնակչության եւ զինված ուժերի կարիքների ապահովման խնդրի լուծումը: «Հաշվի առնելով, որ էներգակիրները եւ մի շարք պարենային ապրանքների գերակշռող մասը ներմուծվում են, ապրանքների մատակարարման նույնիսկ կարճատեւ խափանումը ՀՀ-ում կարող է առաջացնել ճգնաժամ, որի կանխարգելումը նյութական պահուստի նշանակությունն է: Խնդիր է առաջանում բարձրացնել պետական նյութական պահուստի արդյունավետությունը, արդիականացնել դրա ձեւավորման մոտեցումները եւ կառավարման համակարգը»,- ասել է նա:
Փոխնախարարի համոզմամբ՝ ռազմավարական նշանակություն ունեցող պաշարների ձեւավորման համար պահանջվում են զգալի ֆինանսական միջոցներ, իսկ գործող իրավական դաշտը շուկայական հարաբերությունների պայմաններում բավարար չափով չի ապահովում պետական պահուստի նյութական արժեքների թարմացման եւ փոխարինման գործընթացի արդյունավետությունը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը մանրամասնել է, որ հիմա պետությունն առնում է պաշարներն ու պահում իր պահեստներում. երբ ժամկետի ավարտը մոտենում է, ստիպված իրացնում է բնականաբար ավելի ցածր գնով, ինչի հետեւանքով պետությունը կորուստ է ունենում:

 

 

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄՈՏ
Կանոնավոր ուղեւորափոխադրումների ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները քննարկվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ: Նրանք անդրադարձել են ներպետական եւ միջմարզային տրանսպորտային համակարգի ներկայիս գործունեությանը, խնդիրներին: Դրանք վերաբերում են շահագործվող տրանսպորտի վիճակին, չվացուցակների բացակայությանը, անկանոն երթուղիների կազմակերպմանը, ավտոկայանների ոչ բարվոք վիճակին եւ այլն: Ներկայացվել են խնդիրների լուծման տարբեր առաջարկություններ եւ դիտարկումներ, խորհրդակցության մասնակիցների ուշադրությանն են արժանացել ուղեւորափոխադրումների ոլորտի կարգավորման մի քանի տարբերակներ:




Լրահոս