Ո՞Ր ԴԵՊՔՈՒՄ ՀԱՆՐԱՔՎԵՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովը երեկ ընդունեց Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը՝ 88 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ ձայներով: Ինչպես հայտնի է, Սահմանադրությունում փոփոխությունների նախագծով պատգամավորներն առաջարկում են դադարեցնել մինչեւ 2018-ի ապրիլի 9-ը ընտրված ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնավարումը: Իսկ ի՞նչ է սպասվում երեկվա որոշումից հետո: Այժմ այս որոշմանը պետք է համապատասխան գործընթացներ հետեւեն, այդ թվում՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ վերջին հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, եւ վերջինս համաձայն է հարցը կարգավորել հանրաքվեով: Սակայն այստեղ հետաքրքիր նրբերանգներ են թաքնված: Ամեն դեպքում, իշխանական կուլիսներում չեն բացառում, որ հանրաքվե այդպես էլ տեղի չունենա, իսկ դա կլինի այն դեպքում, երբ ՍԴ դատավորները օգտվեն վաղաժամ կենսաթոշակի գնալու նախագծից: Եվ այս մասին երեկ ԱԺ ամբիոնից ակնարկեց նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նրանց խորհուրդ տալով գնալ այդ քայլին:
Ինչպես հայտնի է, ՍԴ դատավորների՝ վաղաժամ կենսաթոշակի կամավոր անցնելու մասին օրենքը գործում է մինչեւ այս ամսվա վերջ: Այսինքն՝ ՍԴ դատավորները դեռ երկար ժամանակ ունեն՝ որոշելու, թե արդյոք ցանկանում են անցնել վաղաժամ թոշակի: Եվ, ահա, երեկվա նախաձեռնությամբ իշխանությունները դատավորներին պարզ հասկացրին՝ միեւնույնն է, հանրաքվեի ընդունման պարագայում հեռացվելու են պաշտոններից: Այնպես որ, ՍԴ դատավորները երկու տարբերակ ունեն՝ կա՛մ հրաժարականի դիմում ներկայացնել եւ գնալ ապահովված վաղ կենսաթոշակի, կա՛մ էլ հեռացվել սահմանադրական փոփոխությունների միջոցով: Սա, իհարկե, տարբերակներից մեկն է, իսկ, ահա, մյուս տարբերակով էլ հանրաքվեն իսկապես տեղի կունենա: Այդ դեպքում, հստակ ժամկետներ են մատնանշված, եւ, ըստ էության, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա մայիսին, իսկ դրան արդեն կնախորդի քարոզարշավը՝ «այո» եւ «ոչ»-ի պայքարը: Իսկ, ահա, «Հանրաքվեի մասին» օրենքով՝ հանրաքվեի քարոզարշավը տեւելու է 60 օր: Այնուհետեւ, ըստ նախնական հաշվարկների, իշխանությանը անհրաժեշտ կլինի մոտ 650 հազար «այո» քվե:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայտնի «Օֆշորի» գործով 6 տարի բանտում անցկացրած ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից արդարացվել է եւ 2020 թվականի հունվարի 31-ին քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվել: Ինչպես հայտնի է, 2013 թվականին գործարար Փայլակ Հայրապետյանը հայտարարել էր, թե իրեն պատկանող մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009թ. գրավ է դրել բանկերից մեկում, որը գնահատել է 33 միլիոն դոլար եւ դրա դիմաց գործարար Աշոտ Սուքիասյանին հատկացրել 10.7 միլիոն դոլար: Վերջինս, պայմանավորվածության համաձայն, այդ գումարը Աֆրիկայում ոսկու եւ ալմաստի արդյունահանման մեջ ներդնելու փոխարեն, փոխանցել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների, այդ թվում՝ Wlispera Holdings Limited-ին, իսկ Փայլակ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից: Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքում Wlispera Holdings Limited-ի բաժնետեր նշվում էին Աշոտ Սուքիասյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Եվ, ահա, 2017 թվականին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը «Օֆշորի» գործով մեղադրյալ Աշոտ Սուքիասյանին 16 տարվա ազատազրկման դատապարտեց: Նա բողոքարկել էր վճիռը ՀՀ վերաքննիչ դատարանում եւ Նոր Հայաստանում ճանաչվեց անմեղ: ՀՀ վերաքննիչ դատարանը գտել է, որ Սուքիասյանը խարդախությամբ եւ փողերի լվացմամբ չի զբաղվել, այլ հարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարումներից չարամտորեն խուսափել է: Գործարար Հայրապետյանը այս որոշումը բողոքարկել է ՀՀ վճռաբեկ դատարանում:

 

 

 

Փետրվարի 5-ի առավոտյան Իսակով պողոտայում վթարի ենթարկված 99 համարի երթուղայինի վարորդը հարբած չի եղել: Ինչպես հայտնի է, այդ օրը՝ վթարից հետո, Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը շտապեց հայտարարություն տարածել, թե 99 երթուղու վարորդը հարբած վիճակում վթարի է ենթարկվել Իսակով պողոտայում, առավոտյան «դիսպետչերական» կետում պարտադիր գրանցում չի անցել: Հիվանդանոցում, սակայն, պարզվել է, որ վարորդի արտաշնչած օդի մեջ առկա է եղել 0,091 մգ ալկոհոլ: Իսկ ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 126-րդ հոդվածը սահմանում է. «Անձը համարվում է ոչ սթափ վիճակում գտնվող, եթե ստուգմամբ պարզվում է, որ նրա մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.8 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.4 միլիգրամից ավելի է»: Իսկ ինչո՞ւ էր ստում Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակը: Իհարկե, չի բացառվում, որ նա այս հարցում իր առաքելությունն է ունեցել՝ փրկելով քաղաքապետ Մարությանի, տրանսպորտի վարչության ԺՊ Էդգար Գալստյանի եւ ողջ վարչության դեմքը: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը երեկ եղավ N35 «դիսպետչերական» կետում, որտեղ վարորդը պետք է ուղեգիրը ներկայացներ: Ենթակարգավար Վարդեւան Ռեւազյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Այո, վարորդը երեկ չի ներկայացել «դիսպետչերական» կետ ուղեգիրը «պեչատելու» համար: Սա առաջին դեպքն է՝ այդ վարորդի հետ կապված, երբեւէ խմած չի եկել աշխատանքի»:

 

 

 

Վերջին շրջանում «Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիներից ահազանգեր է ստանում այն մասին, որ շուկայում հայտնվել է էժան գնով վաճառվող հավկիթ: Քաղաքացիներն այսպիսով կամուկացի մեջ էին հայտնվել՝ չիմանալով գնել այդ հավկիթը, թե ոչ: «Ժողովուրդ» օրաթերթը շրջայց իրականացրեց մի քանի խանութներում եւ պարզեց, որ կան շուկաներ, որտեղ հավկիթը վաճառում են նույնիսկ 25-26 դրամով: Իսկ, ահա, Երեւանի խոշոր սուպերմարկետներում այն կարող է տատանվել 30-40 դրամի սահմաններում: Համեմատության համար մոտ երկու շաբաթ առաջ այն տատանվել է մոտ 55-70 դրամի սահմաններում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը ձվի գնանկումը բացատրում է հիմնականում հանրապետությունում սննդային ձվի գերարտադրությամբ: Այսինքն՝ ստացվում է՝ արտադրվել է ավելին, քան անհրաժեշտ է բնակչությանը: Ըստ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալների՝ Հայաստանում տարեկան 600-800 մլն հատ ձու է արտադրվում: Վերջին տարիներին արտադրության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2018 թվականին: Եվ եթե 2013-2014 թվականներին 1 հատ ձվի միջին մանրածախ գինը, ըստ հաշվարկների, կազմել է մոտ 70 դրամ, ապա վերջին երկու տարիներին՝ 2018-2019 թվականներին, այն 60-65 դրամի սահմաններում է:




Լրահոս