ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին վերաբերող քրեական գործով հսկողություն իրականացնող դատախազը մերժել է ՀՔԾ քննիչի առարկությունը՝ մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը վերադարձնելու որոշման վերաբերյալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին վերաբերող քրեական գործով հսկողություն իրականացնող դատախազի՝ մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը վերադարձնելու որոշման վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած առարկությունը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ»,-ասաց Խաչատրյանը:
Վերահսկող դատախազը ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի նախկին պաշտոնակատար Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը չէր հաստատել և վերադարձրել էր այն` նկատի ունենալով, որ ճիշտ չեն որակվել մեղադրյալների կատարած արարքները։ Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը կայացրել էր ըստ մեղադրանքի՝ Արա Բաբլոյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արսեն Բաբայանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրական եզրակացությունը չհաստատելու և լրացուցիչ քննություն կատարելու համար քրեական գործը քննիչին վերադարձնելու մասին որոշում՝ նկատի ունենալով, որ ճիշտ չեն որակվել մեղադրյալների կատարած արարքները:
Դատախազի տեսակետով՝ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ Արա Բաբլոյանի արարքը առերևույթ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների, իսկ Արսեն Բաբայանի արարքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներին:
Հատուկ քննչական ծառայության քննիչն առաջարկություն էր ներկայացրել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործով մեղադրանքները փոփոխելու ցուցումի դեմ: