ՆԱԽԿԻՆՆԵՐԻՆ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ, ՎԱՆԵՑՅԱՆԻՆ ՉԵՆ ՀԻՇՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նախօրեին հանդիպում է ունեցել տպագիր մամուլի խմբագիրների հետ, որի ժամանակ հայտարարել է իր՝ քաղաքականություն մտնելու եւ կուսակցություն ստեղծելու մասին: Վանեցյանը հայտարարել է, որ առաջիկայում հանդես է գալու ավելի մեծ ասուլիսով, որտեղ կտրվեն բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք մինչեւ այժմ հանրության համար անհասկանալի են մնացել:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի հետ՝ պարզելու համար, թե իրենք ինչպես են վերաբերվում իրենց նախկին թիմակցի քաղաքական գործունեության սկսման հայտարարությանը:
-Պարո՛ն Փաշինյան, արդեն հստակ է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը քաղաքական գործունեությամբ է զբաղվելու, որի մասին հանդես է եկել հայտարարությամբ: Ինչպե՞ս է այդ ամենին վերաբերվում իշխանական խմբակցությունը, արդյոք այդ ամենը անհանգստացնո՞ւմ է իշխանություններին:
-ՀՀ-ում ցանկացած ոք իրավունք ունի զբաղվել քաղաքականությամբ, ես դրանում որեւէ արտառոց բան չեմ տեսնում եւ նաեւ ուրախ եմ, որ մենք հեղափոխությունից հետո Վանեցյան Արթուրին հնարավորություն տվեցինք, որպեսզի հանրությունը, առհասարակ, ճանաչի, թե ով է Վանեցյան Արթուրը:
-Բայց Ձեր իշխանությունը հակառակորդ է Արթուր Վանեցյանին համարում, ու, կարծես թե, իրենք լինելու են լուրջ ընդդիմություն իշխանություններին: Դուք այդպես չե՞ք կարծում:
-Հայաստանին, առհասարակ, ընդդիմություն պետք է, մեզ՝ որպես իշխանության, ընդդիմություն պետք է, բայց ով կարող է դառնալ ընդդիմություն, ով չէ, կյանքը ցույց կտա, եւ ՀՀ-ում՝ նախկինների շրջապատներում առավոտից իրիկուն ժամանակ անցկացնող մարդիկ չեն կարող քաղաքական դաշտում հաջողություններ ունենալ, եւ ոչ թե այն պատճառով, որ իշխանությունը չի ուզում, այլ այն պատճառով, որ հասարակությունը մերժել է նախկիններին, նախկինների առհասարակ արժեհամակարգը, գործունեությունը, վարվելակերպը, մտածելակերպը: Իսկ ժամանակի ընթացքում կտեսնենք՝ ով հաջողություն կունենա, ով՝ չէ: Արթուր Վանեցյանի եւ, առհասարակ, ընդդիմադիր գործիչների հետ կապված՝ թո՛ւյլ տվեք՝ կանխատեսումներ չանեմ, որովհետեւ այս պահին, ամեն դեպքում, կարծում եմ, որ ՀՀ-ում ընդդիմություն կա, խորհրդարանում գոնե երկու ընդդիմադիր ուժեր կան:
-Պարո՛ն Փաշինյան, Արթուր Վանեցյանը հանդիպման ժամանակ հայտարարել է նաեւ, որ ինքը ժամանակին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմացությամբ հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ: Դուք տեղյա՞կ եք, թե վարչապետը ինչի համար է Վանեցյանին «գործուղել» Մինասյանի մոտ հանդիպման: Նպատակը ո՞րն է եղել:
-Ուրեմն մարդը, առհասարակ, որը կարող է Ձեզ հետ խոսել մի բան, հետո գնալ ուրիշի հետ խոսել մի այլ բան, հետո երրորդ տեղ մի այլ բան եւ հարվածել Ձեզ մեջքից, այդ մարդու ասածները ես որեւէ ձեւ չեմ մեկնաբանի: Անկախ անձից՝ ազգային անվտանգության տնօրենի պաշտոնը ստանձնած մարդը, երբ որ հայտարարություն է անում, այդ հայտարարությունը որոշակիորեն է ընդունվում: Տեսեք, Դուք արդեն պնդում եք, Դուք չեք հարցնում՝ նման բան եղել է, թե չէ, Դուք ասում եք՝ եղել է, ու խնդրում եք մանրամասներ: Իսկ ո՞վ է Ձեզ ասել, որ նման բան ընդհանրապես եղել է: Ես կրկնում եմ, որ այն մարդիկ, ովքեր մեջքից հարվածել գիտեն, ամեն ինչի ընդունակ են, ու այդ մարդկանցից պետք է հեռու մնալ կիլոմետրերով, որովհետեւ իրենք իրենց կյանքում որեւէ տեղ որեւէ բարիք չեն կարող ստեղծել եւ որեւիցէ դրական բան, բացի փողից, իրենք չեն տեսնում: Իրենց համար դրականը փողն է, մեծ ավտո, լավ ֆենով արված սանրվածք, բրասլետ, մեկ էլ չինական կուրտկա: Ներողություն, բայց դա տեսակ է, ու ես այդ տեսակներին չեմ մեկնաբանում, ժամանակը ափսոս է:
-Ձեր իշխանությունները որոշել են Սահմանադրական հանրաքվե անցկացնել, որպեսզի, ի վերջո, լուծեն Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը: Ընդդիմությունը՝ ի դեմս Էդմոն Մարուքյանի, հորդորում է նման քայլի չդիմել. ինչո՞ւ ականջալուր չեք լինում:
-Պարոն Մարուքյանն ասում է՝ մի՛ արեք, թե դրանից կօգտվեն նախորդ իշխանությունները. մտահոգություն ունի, որ Սահմանադրական դատարանի խնդիրը լուծվում է, բայց հայտարարում է, թե դրանից կօգտվեն նախկինները: Այսինքն՝ նախկինների միակ հույս մնացած ՍԴ-ն, նախկինները չեն օգտվում, հարց է դրանից առաջանում: Պարոն Մարուքյանը մանիպուլացիաների է ենթարկում, որեւիցէ քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ, հուսամ, դեմ չի կանգնելու, որ ժողովուրդը իր քվեով որոշի, թե ՀՀ-ում նման Սահմանադրական դատարան պետք է լինի, թե ոչ: Մենք ասում ենք, որ պետք է այդ հարցը որոշի ժողովուրդը:

 

 

 

ԻՄՔԱՅԼԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԱՆՏԵՂՅԱԿ ԽՈՍՈՒՄ Է

Դեռեւս փետրվարի 4-ին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հայտարարել էր. «Մեքենաների հետ կապված թնջուկը հանգուցալուծված է, ես նույնպես խոսել եմ այդ հարցով իմ կոլեգաների հետ, եւ շատ նորմալ տրամադրություն է, շատ կառուցողական միջավայր, Հայաստանը ղազախական կողմի հետ որեւէ խնդիր չունի՝ ավտոների վաճառքի հետ կապված, ու առկա լարվածությունը լուծվել է»:

Նրա այս հայտարարության ճիշտ հաջորդ օրը ավտոներկրողները հավաքվեցին ՀՀ կառավարության առջեւ՝ բողոքելով, որ ղազախները գնած մեքենաների մասով խնդիրներ են առաջացնում, ցանկանում են հետ վերադարձնել, եւ, որ ամենակարեւորն է, Ղազախստանից որեւէ մեկը այլեւս չի գնում ավտոմեքենա հայկական շուկայից: Այսինքն՝ պոտենցյալ գնորդներից զրկվել է հայկական շուկան:
Ասել է թե՝ իմքայլական պատգամավորը, մեղմ ասած, սխալ հայտարարություն էր արել՝ վստահեցնելով, թե խնդիրը կարգավորված է:
Հիշեցնենք, որ պարզվել է, որ հայերն իրավունք չունեին Ղազախստանին մեքենաներ վաճառել ԵՏՄ մուտք գործելուց հետո՝ անցումային ժամանակահատվածում: Հայերը մեքենաները պետք է օգտագործեին միայն Հայաստանում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների համար: Ըստ երեւույթին, շատ ղազախներ սա պարզապես չեն իմացել մեքենան գնելիս: Ինչպես հայտնի է, Ղազախստանի ոստիկանության վարչական եւ միգրացիոն հանձնաժողովի աշխատակիցները Հայաստանում ստուգումներ են անցկացնում՝ պարզելու, թե ինչպես են ղազախները մեքենա գնել հայերից: Ու այս մասին ՀՀ իշխանությունները պարտավոր էին ՀՀ քաղաքացիներին զգուշացնել, այլ ոչ թե միայն թվային տվյալներ մեջբերել, թե մեքենան ներկրելու հետեւանքով շեշտակի ավելացել են հարկային-մաքսային մուտքերը բյուջե: ՈՒ արդյունքում ավտոներկրողները կանգնել են կոտրած տաշտակի առջեւ:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը կրկին զրուցել է իմքայլական պատգամավորի հետ՝ պարզելու համար, թե ինչու է նման անտեղյակ հայտարարությամբ հանդես գալիս: «Ես սխալ ինֆորմացիա չեմ փոխանցել, հայ-ղազախական հարաբերությունում որեւէ լարվածություն չկա, շատ կոնստրուկտիվ աշխատանքային հարաբերություններ են պառլամենտի մասով, ես կարող եմ դա երաշխավորել: Մեքենաների մասով ես ուզում եմ նշել, որ ես զրուցեցի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ, ու իրենք ինձ հավաստեցին, որ այդպիսի շարժ՝ Ղազախստանից-Հայաստան մեքենաների հետ կապված, չկա, խնդիրն այլ բանում է կայանում: Խնդիրը տվյալ հանրապետության ներսում է, այնտեղ ՀՀ-ից, ՌԴ-ից եւ այլ երկրներից գնված մեքենաների համար իրենք իրենց քաղաքացիների համար առաջարկել են մի քանի տարբերակներ, այդ տարբերակներից մեկը, կարծեմ, մինչեւ մյուս տարվա մարտ մեքենաների վարումն է, մանրամասներին չեմ տիրապետում. երկրորդ տարբերակն էլ մաքսազերծում ասվածն է, որը գնային առումով մի քիչ ավելի է, քան իրենք սպասում էին»,- հայտարարեց իմքայլականը:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ՝ պարզելու համար, թե կառավարությունն ինչ միջոցներ է ձեռնարկել այս հարցում, ավտոներկրողներին էլ ինչ անակնկալներ են սպասվում:
-Պարո՛ն Գրիգորյան, արդյոք ճի՞շտ են այն տեղեկությունները, որ ղազախները հայերից ժամանակին գնած ավտոմեքենաները հետ են բերում Հայաստան:
-Ոչ, չի համապատասխանում իրականությանը: Ես նման տեղեկություն չունեմ:
-Հայաստանի ավտոմեքենաների շուկայում, ինչպես ասում են, առեւտուրը կանգնած է: Պատճառն այն է, որ ավելի քան երկու շաբաթ է, ինչ ավտոմեքենաների հնարավոր գնորդները՝ ղազախները, ավտոշուկա ոտք չեն դրել: Արդյոք ՀՀ կառավարությունը կարո՞ղ է աջակցել կամ իրացման ի՞նչ տարբերակներ կառաջարկի քաղաքացիներին, որոնք ունեն ավտոմեքենաներ եւ չեն կարողանում վաճառել:
-Այդ մասով, ես չեմ կարծում, որ կառավարությունը որեւէ գործ կամ անելիք ունի: Չեմ էլ կարծում, որ միակ գնորդը ավտոմեքենաների պետք է լինեն ղազախները:
Հ. Գ. Նշենք, որ այս խնդրի շուրջ Հայաստանը շարունակում է ղազախական կողմի հետ բանակցությունները:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՀՈՐ ԳՈՐԾՈՎ
ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանի հայրիկի բարեգործական հիմնադրամի մասով հարուցված քրեական գործը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւորագույն գործերով քննության վարչություն: Սեպտեմբերի 23-ին Գլխավոր դատախազությունը հաղորդել էր, թե իրավապահները պարզել են, որ Ավան վարչական շրջանի պաշտոնատար անձինք ապօրինի ներգործել են մարդկանց վրա, որպեսզի նրանք փող փոխանցեն «Խութ» բարեգործական հիմնադրամին, իսկ «Խութ»-ի տնօրենը փոխնախարար Վարդապետյանի հայրն է՝ Կարեն Վարդապետյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ա. Վարդապետյանը հրաժարվել էր պաշտոնից, որպեսզի չշահարկեն, թե օգնում է հորը՝ խուսափելու ենթադրյալ պատասխանատվությունից: Ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ մի շարք անձինք ցուցմունք են տվել Ա. Վարդապետյանի հոր դեմ, հարցաքննել են նաեւ Կարեն Վարդապետյանին, որը, սակայն, հերքել է իր կապն այդ գործարքների հետ:

 

 

«ՄԱՐՏԻ 1»-Ի ՀԵՏՔԵՐՈՎ
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանը, անդրադառնալով իր մասով քրեական գործի կարճմանը, ասաց. «Ես տեղյակ չեմ՝ կարճվել է, թե ոչ, ինձ չեն կանչել եւ նման բան չեն ասել»: Մեր այն հարցին՝ եթե իրեն առաջարկեն, որպեսզի իր մասով քրեական գործը կարճվի՝ վաղեմության ժամկետի հիմքով, ապա կհամաձայնի արդյոք, Հովհաննես Թամամյանը պատասխանեց. «Թող կանչեն, գնամ կտեսնեմ»: «Մարտի 1»-ի գործով ուշագրավ գործընթացներ են տեղի ունենում: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը վաղեմության ժամկետի հիմքով կարճել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանի դեմ հարուցված քրեական գործը եւ պատրաստվում է կարճել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանի մասով քրեական գործը: Այսպիսով, ՀՔԾ-ն, մի կողմից, օգնում է նախկին պաշտոնյաներին ազատվել քրեական պատասխանատվությունից, մյուս կողմից՝ ունենում է ինքնախոստովանական ցուցմունքներ՝ մեղադրանքներն ընդունելու մասով։ Այսպիսով, ստացվում է, որ ինչ գործ հարուցել է ՀՔԾ-ն, հիմնավորված էր։

 

ԼՍՈՒՄՆԵՐ
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է խորհրդարանական լսումներ հրավիրելու իրավասություն տալ նաեւ խմբակցություններին: Ինչպես հայտնի է, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ խորհրդարանական լսումներ հրավիրելու իրավասություն ունեն միայն ԱԺ նախագահն ու մշտական հանձնաժողովը: Եվ, ահա, ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է հանել այդ սահմանափակումը եւ այս երկու սուբյեկտներին ավելացնել նաեւ խմբակցություններին: Այս նախագիծն ընդդիմադիր խմբակցության կողմից նոր է ներկայացվել եւ փորձաքննության դեռեւս չի ենթարկվել:




Լրահոս