ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎՍ ՄԵԿ ՇԱՆՍ ԿՏԱՆ ԿԱՄ ԿՀԱՆԵՆ ՕՐԵՆՔՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովը երեկ ընդունեց «Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու մասին» որոշման նախագիծը՝ 88 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ ձայներով: Իսկ մինչ այդ էլ Ազգային ժողովը 36 դեմ եւ 87 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չընդունեց «Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որպեսզի հնարավոր լիներ հարցը կարգավորել հանրաքվեով:

Ինչպես հայտնի է, Սահմանադրությունում փոփոխությունների նախագծով պատգամավորներն առաջարկում են սահմանադրական փոփոխություններով դադարեցնել մինչեւ 2018թ.-ի ապրիլի 9-ը ընտրված ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնավարումը: Նախագիծը չի վերաբերում միայն այս պահին պաշտոնավարող դատավորներ Արման Դիլանյանին եւ Վահե Գրիգորյանին:
Այսպիսով, ի՞նչ է սպասվում երեկվա որոշումից հետո: Բանն այն է, որ ամեն ինչ այնքան էլ պարզ եւ միանշանակ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Նախ՝ փորձենք հասկանալ, թե ինչ եղավ երեկ խորհրդարանում, եւ ինչ էր ցանկանում անել իշխող «Իմ քայլը» խմբակցությունը: Մինչ նախօրեին հասարակական-քաղաքական լայն շրջանակները քննարկում էին 37 պատգամավորների նախաձեռնությունը, որով իշխող խմբակցությունը փորձում էր «տուն ուղարկել» ՍԴ դատավորներին, երեկ պարզ դարձավ, որ «Իմ քայլ»-ը ցանկանում է դրան հասնել ոչ թե ուղիղ քվեարկությունների եւ նախագիծը երկու ընթերցումով անցկացնելու, այլ համաժողովրդական հանրաքվեի միջոցով:
Հարցի հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը, հղում անելով Սահմանադրության 202 հոդվածին, հայտարարեց՝ եթե սահմանադրական փոփոխությունների նախագիծը ԱԺ-ն չի ընդունում, ապա պատգամավորների ձայների առնվազն 3/5-ով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի: Եվ չնայած օրվա վերջում այդպես էլ եղավ, սակայն այս ամբողջ գործընթացը տարբեր ուժերի, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմության կողմից հակասահմանադրական որակվեց:
Բանն այն է, որ Սահմանադրության 168-րդ հոդվածը սահմանում է. «Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ մինչեւ Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաեւ հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը»: Իսկ 202-րդ հոդվածն էլ սահմանում է. «Եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն կարող դրվել հանրաքվեի»: Այսինքն՝ ամեն դեպքում, ստացվում է, թե որ փուլում՝ առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում, հանրաքվեի դրվող նախագիծը պետք է ստանա ՍԴ գնահատականը:
Սակայն իշխող ուժը փորձում է մեկնաբանել, թե խոսքը վերաբերում է միայն առաջին ընթերցումից հետո սպասվող իրավիճակներին, իսկ առաջին ընթերցումը տապալելուց հետո կանոնակարգում առկա չէ նախատեսված իրավիճակ: Իսկ, ահա, «ԱԺ կանոնակարգ» օրենքի 86-րդ հոդվածն էլ Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման եւ ընդունման հստակ կարգ է սահմանում, որն էլ, ըստ էության, երեկ չկատարվեց եւ չպահպանվեց:
«Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ: Մինչեւ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելը քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Եթե որոշումն ընդունվում է, ապա Ազգային ժողովի նախագահը այդ որոշումը երկրորդ ընթերցմամբ քննարկված Սահմանադրության փոփոխությունների նախագծի հետ երկու աշխատանքային օրվա ընթացքում ստորագրում եւ ուղարկում է Սահմանադրական դատարան, իսկ հարցի քննարկումն ընդհատվում է մինչեւ Սահմանադրական դատարանի որոշումը ստանալը»: Այսինքն՝ երեկ հարցը դրվեց հանրաքվեի՝ առանց կանոնակարգի սահմանված դրույթներն իրականացնելու: Բացի այդ, վիճահարույց է նաեւ անցումային դրույթների նորմերում փոփոխություններ նախատեսելը, քանզի դրանք արդեն իսկ կիրառված նորմեր են, եւ ցանկացած միջամտություն հանգեցնելու է իրավական վիճակը վատթարացնող նորմի հետադարձ ուժի արգելքի շրջանցմանը:
Իսկ մինչ խորհրդարանում իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչներն իրար «միս էին ուտում», հետեւեց ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը, որով նրանք Հայաստանի իշխանություններին կոչ են անում Սահմանադրական փոփոխություններ նախատեսող նախագծերի շուրջ հնարավորինս շուտ ստանալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը: «Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հնարավորինս շուտ դիմել Վենետիկի հանձնաժողովին եւ ստանալ ԵԽ փորձագիտական մարմնի կարծիքը: Հանձնաժողովի կարծիքը, որը կարող է ստացվել հրատապ ընթացակարգով, կարծում ենք, արժեքավոր կլիներ շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ Հայաստանի ընտրողների համար, եթե հարցը դրվելու է հանրաքվեի», – ասված է հայտարարության մեջ:
Սակայն սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անելու հարցն ընդունվեց, եւ հիմա դրան պետք է համապատասխան գործընթացներ հետեւեն, այդ թվում՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից: Իսկ, ահա, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ վերջին հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, եւ վերջինս համաձայն է հարցը կարգավորել հանրաքվեով:
Սակայն այստեղ հետաքրքիր նրբերանգներ են թաքնված: Ամեն դեպքում, իշխանական կուլիսներում չեն բացառում, որ հանրաքվե այդպես էլ տեղի չունենա, իսկ դա կլինի այն դեպքում, երբ ՍԴ դատավորները օգտվեն վաղաժամ կենսաթոշակի գնալու նախագծից: Եվ այս մասին երեկ ամբիոնից ակնարկեց նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նրանց խորհուրդ տալով գնալ այդ քայլին: Նա կոչ արեց ՍԴ անդամներին հրաժարականի դիմում ներկայացնել մինչ հանրաքվեի օրը` այդկերպ ծառայություն մատուցելով պետությանը: Ինչպես հայտնի է, ՍԴ դատավորների՝ վաղաժամ կենսաթոշակի կամավոր անցնելու մասին օրենքը գործում է մինչեւ այս ամսվա վերջ: Այսինքն՝ ՍԴ դատավորները դեռ երկար ժամանակ ունեն՝ որոշելու, թե արդյոք ցանկանում են անցնել վաղաժամ թոշակի: Եվ, ահա, երեկվա նախաձեռնությամբ իշխանությունները դատավորներին պարզ հասկացրեցին՝ միեւնույնն է, հանրաքվեի ընդունման պարագայում հեռացվելու են պաշտոններից. Եւ հիմա դատավորները երկու տարբերակ ունեն՝ կա՛մ հրաժարականի դիմում ներկայացնել եւ գնալ ապահովված վաղ կենսաթոշակի, կա՛մ էլ հեռացվել սահմանադրական փոփոխությունների միջոցով:
Սա, իհարկե, տարբերակներից մեկն է, իսկ, ահա, մյուս տարբերակով էլ հանրաքվեն իսկապես տեղի կունենա: Այդ դեպքում հստակ ժամկետներ են մատնանշված, եւ, ըստ էության, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա մայիսին, որին կնախորդի քարոզարշավը՝ «այո» եւ «ոչ»-ի պայքարը: Իսկ, ահա, «Հանրաքվեի մասին» օրենքով՝ հանրաքվեի քարոզարշավը տեւելու է 60 օր: Իշխանությանն անհրաժեշտ կլինի մոտ 650 հազար քվե:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ՑԱՆԿԻՑ
Հայաստանի հազար խոշոր հարկատուների ցանկը մեկ ընկերությունով պակասել է: Խոսքը «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության մասին է, որը շահագործում էր Ալավերդու պղնձաձուլական գործարանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը հազար խոշոր հարկատուների անցած տարվա ցանկից դուրս է մնացել: Պատճառն այն է, որ ընկերությունը տեւական ժամանակ է՝ չի շահագործում Ալավերդու պղնձաձուլարանը, մինչդեռ 2018 թվականին ընկերությունը պետական բյուջե կատարել է 996 մլն 993 հազար դրամի հարկային վճարում, իսկ 2017 թվականին՝ 902 մլն 919 հազար դրամի: Բայց, մյուս կողմից, խոշորների ցանկում տեղ է գտել «Թեղուտ» ընկերությունը, որը, ինչպես հայտնի է, շահագործում է Թեղուտի հանքավայրը: Այս ընկերությունը անցած տարի պետական բյուջե վճարել է 2 մլրդ 355 հազար դրամ, իսկ 2018 թվականին կատարած հարկային վճարումները կազմել են 3 մլրդ 973 մլն 256 հազար դրամ: Գաղտնիք չէ, որ Հայաստանի պետական բյուջեի հարկային մուտքերի մեծ մասը հիմնված է հանքարդյունաբերությունից գանձված հարկերի վրա, եւ որքան տատանվում են վճարվելիք գումարները, այդքան զգայուն է դառնում մեր տնտեսությունը: Եւ զարմանալի չէ, քանի որ անցած տարի Հայաստանի ամենախոշոր հարկատուներից մեկը եղել է հանքարդյունաբերությամբ զբաղվող «Զանգեզուր» պղնձամոլիբդենային կոմբինատը, որը զբաղեցրել է ցանկի 2-րդ հորիզոնականը:

 

 

 

Ո՞Ր ՕՐԵՆՔՆԵՐՆ ԵՆ
Երեկ պարզ դարձավ, որ 2020թ. հունվարի 22-ին ԱԺ կողմից ընդունված եւ հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները համարվել են առերեւույթ խնդրահարույց սահմանադրականության տեսանկյունից, եւ Սարգսյանը չի ստորագրել այդ օրենքներն ու դիմել է Սահմանադրական դատարան՝ դրանց՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: Այս որոշումը հետաքրքիր է հատկապես երեկ խորհրդարանում տեղի ունեցած քննարկումներով, որով, ըստ էության, փորձ է արվում փոխել ՍԴ ներկայիս կազմը, իսկ նախագահն իր այս քայլով ցույց է տալիս, որ սահմանադրական ճգնաժամ չկա, եւ ՍԴ-ն ունակ է կատարել օրենքով սահմանված իր դերակատարությունը: Ինչեւէ, ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը: Մասնավորապես, «Բանկային գաղտնիքի մասին» օրենքով՝ ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում էր վերացնել մի քանի հանցագործություններով հարուցված քրեական գործերով բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար սահմանված սահմանափակումը: Մյուս նախագիծը եւս նույնաբովանդակ էր եւ վերաբերում էր փոփոխության հետ կապված տեխնիկական հարցերին:

 

 

 

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՈՐՈՇԻ
«20 տարի նախորդ իշխանությունները բռնազավթել են ժողովրդից իշխանությունը, եւ այդ ընթացքում ՍԴ-ն դակել է նախորդ իշխանության կայացրած բոլոր որոշումները»,- այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: Դիմելով Էդմոն Մարուքյանին՝ նա հիշեցրել է, որ այցելել է իրեն կալանավայր, ու հարցրեց. «Դուք հասկացե՞լ եք՝ ինչի համար եմ ես դատվել, ես չեմ հասկացել: ՍԴ-ն էլ ոչ մի բան չարեց»: Նրա պնդմամբ՝ նախորդ իշխանություններն ուզում են տանել փակուղի, քաղաքացիական պատերազմի, եւ այս իրավիճակից ելնելու ձեւը պետք է ժողովուրդը որոշի: Եթե մտածում եք՝ ինձնից շատ եք Փաշինյանի հետ վիճել, սխալվում եք: Բայց մենք մի հարցի շուրջ չենք վիճում՝ որ երկրում հեռացել է այն իշխանությունը, որը բռնազավթել էր ժողովրդի իշխանությունը»,- ասել է պատգամավորը: Նորից մեջբերելով Հայրապետյանի խոսքերը՝ Միքայելյանն ասաց, որ ժողովուրդը Փաշինյանի հետ մի հատ էլ քայլ անի, ոչ թե նրա վրա ոտք կմաքրի, այլ կտրորի կանցնի: «Ուշքի՛ եկեք, տղե՛րք, հեռացե՛ք խաղաղությամբ»,- ասել է նա: «Հրայր Թովմասյանին ճանաչում եմ 2000թ.: Նորմալ, պարկեշտ իրավաբան է եղել: Եթե թողնեն, նա պարկեշտ մարդ է, թողեք գնա, չեն թողնում՝ գնա, որովհետեւ ընկել է ծուղակը: Մենք դնում ենք ժողովրդի դատին, թող որոշի: Պարոնա՛յք սպաներ եւ «ինքնասպաններ», ժողովուրդը պետք է որոշի, եւ թողեք ժողովրդի դատին»,- եզրափակել է Միքայելյանը, ինչից հետո դահլիճում ծափահարություններ են հնչել:




Լրահոս