ԲՈՒԺԱԿ ՉՈՒՆԵՆ, ՈՐ ՎԱՐՈՐԴԻՆ ՍՏՈՒԳԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի հասարակական տրանսպորտով երթեւեկելը շարունակում է մնալ առողջության եւ կյանքի համար խիստ վտանգավոր: Սա անհերքելի փաստ է: Եւ, ամենակարեւորը, հասարակական տրանսպորտի ոլորտն անհայտ ժամանակով դուրս է մնացել քաղաքապետի վերահսկողությունից:

Նկատենք, որ ոչ միայն քաղաքապետ Հայկ Մարությանը, այլեւ իր ղեկավարած կառույցի տրանսպորտի հարցերով զբաղվող վարչությունը՝ ի դեմս պետի ԺՊ Էդգար Գալստյանի, եւս իրավիճակին չի տիրապետում: Թե երեւանցիների ուղեւորափոխադրումը հասարակական ինչպիսի տրանսպորտով կամ ինչ պայմաններում է կատարվում, քաղաքապետ Հայկ Մարությանին, կարծես թե, չի էլ մտահոգում: Սրա ապացույցն է փետրվարի 5-ի առավոտյան Իսակով պողոտայում տեղի ունեցած վթարը: Սա մի դեպք էր, որը ի ցույց դրեց ոլորտի ողջ թշվառությունը:
Պարզվում է՝ ոչ ոքի չի հետաքրքրում՝ ինչպես է վարորդը դուրս գալիս երթուղի: Տեղեկացնենք, որ Երեւանի Իսակով պողոտայում 99 համարի երթուղայինը բախվել էր մարդատար ավտոմեքենային, ապա՝ ծառին: Վթարի հետեւանքով 6 ուղեւոր տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ: Վթարից հետո Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը շտապեց հայտարարություն տարածել. «Թիվ 99 երթուղու վարորդը, որն այսօր հարբած վիճակում վթարի է ենթարկվել Իսակովի պողոտայում, առավոտյան «դիսպետչերական» կետում պարտադիր գրանցում չի անցել: Ըստ գործող կարգի՝ վարորդն ամեն օր՝ առավոտյան, պետք է ներկայանա երթուղին սպասարկող «դիսպետչերական» կետ, ստանա կնքված ուղեգիր, անցնի համապատասխան զննությունն ու դուրս գա երթուղի: 99 համարի «Գազելը» վարող Օնիկ Ադամյանն այսօր առավոտյան «դիսպետչերանոց» չի մտել, ուղեգիր չի ստացել, զննություն չի անցել: Ադամյանի վարորդական ապագան պարզ կլինի Ճանապարհային ոստիկանության որոշումից հետո»:
Սակայն ժամեր անց այն բժշկական կենտրոնը, որտեղ ստուգվել է վարորդի խմածության աստիճանը, պաշտոնապես ծանուցեց, որ վարորդը հարբած չի եղել, ինչպես պիտակավորել էր քաղաքապետի խոսնակը: Վթարված 99 համարի երթուղայինի վարորդի արտաշնչած օդի մեջ առկա է եղել ընդամենը 0,091 մգ ալկոհոլ: Ավելին, վարորդը ասել է, որ նախորդ օրը տնական օղի է խմել: Ի դեպ, Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 126-րդ հոդվածը սահմանում է, որ անձը համարվում է ոչ սթափ վիճակում գտնվող, եթե ստուգմամբ պարզվում է, որ նրա մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.8 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.4 միլիգրամից ավելի է: Ստացվում է, որ, ըստ գործող օրենքի, 99 համարի երթուղայինի վարորդը չի համարվում ոչ սթափ, քանի որ նրա արտաշնչած օդի մեջ առկա է եղել 0,091 մգ ալկոհոլ:
Հետեւաբար, ինչո՞ւ էր ստում Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակը: Իհարկե, չի բացառվում, որ նա այս հարցում իր առաքելությունն է ունեցել՝ փրկելով քաղաքապետարանի տրանսպորտի վարչության դեմքը: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը երեկ եղավ N35 «դիսպետչերական» կետում, որտեղ վարորդը պետք է ուղեգիրը ներկայացներ: Ենթակարգավար Վարդեւան Ռեւազյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Չի ներկայացել «դիսպետչերական» կետ, ուղեգիրը «պեչատելու» համար: Սա առաջին դեպքն է՝ այդ վարորդի հետ կապված, երբեւէ խմած չի եկել աշխատանքի: Չի կարող պատահել՝ վարորդը խմած գա: Եթե խմած լինի, ապա իրենց բուժակը նշում է ուղեգրի մեջ: Ինքը բուժզննություն է անցնում: Ես էլ արտաքինից նայում եմ, նորմալ է, ուրիշ բաներ չի խոսում, իրեն լավ է պահում: Ինքը պարկում բուժզննում է անցել»: Սա, իհարկե, կարգավարի պնդումն է:
Վարորդներից մեկը «Ժողովուրդ» օրաթերթին ներկայացրեց այն ողջ գործընթացը, թե ինչպես է ինքը բուժզննում անցնում ամեն օր՝ «գիծ դուրս գալուց» առաջ. «Մեզ մոտ ստուգում են, ճնշում են չափում ու արտաքին վիճակը. խմածություն չլինի, այդքան բան»: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը մոտեցավ նաեւ 99 երթուղայինի պարկ, որտեղ վարորդներից մեկը եւս ներկայացրեց իր՝ բուժզննում անցնելը. «Խմածությունն են ստուգում, ճնշումը ու տաքությունը»: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ ինչ գործիքով են ստուգում խմածությունը, վարորդն ասաց. «Ճնշումով… ինձ ճնշում են չափում, տաքություն, գանգատ ունես, չունես ու վերջ, իմանում են՝ խմած եմ, թե ոչ»: Իսկ երբ խնդրեցինք ներկայացնել բուժակին, վարորդներն ասացին, որ տուն է գնացել: Այսինքն՝ ըստ վարորդների՝ գալիս է վաղ առավոտյան, ճնշում է չափում ու տուն է գնում:
Բայց ուղեւորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին, հայտարարեց, որ ոչ բոլոր երթուղի սպասարկող ընկերությունները բուժակ ունեն: «Բուժակ չկա, իսկ մեխանիկ էլ՝ կիսատ-պռատ, մինչդեռ յուրաքանչյուր ձեռնարկություն պետք է ունենա բուժակ: Ես երբ նման տնտեսություն էի վարում, բուժակներ ունեի, որոնք հերթափոխով աշխատում էին, առավոտյան բաց էին թողնում աշխատանքի, ստուգում էին ճնշումը, խմածությունը: Գործիք ունեինք, որով կարողանում էինք ստուգել խմածությունը: Եթե չէին համաձայնվում մեր տեսակետի հետ, ուղարկում էինք պաշտոոնական թեստավորման, իսկ հիմա նման բան չկա, հարցին բոլորը մատների արանքով են նայում»,- նկատեց մասնագետը:
Ըստ մեր զրուցակցի՝ երթուղի սպասարկող ընկերությունները բուժակ պահելու գումար չունեն: «Փող չունեն, որ բուժակ պահեն, աշխատավարձ տան, չեն ուզում փող ծախսել, գումար են խնայում: Իսկ մեխանիկի հետ կապված՝ գուցե ֆունկցիան նորմալ չի կատարում, բայց ունեն»,- տեղեկացրեց Եղիազարյանը:
Այստեղ հարկ ենք համարում ավելացնել, որ Հայկ Մարությանը նախորդ տարվա ընթացքում հայտնել էր, որ տրանսպորտային նոր ցանցով ներկայումս գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն առաջարկվում է 42-ը, ինչի արդյունքում էապես նվազելու է նաեւ տրանսպորտային միջոցների քանակը: Կարճ ասած, տեւական ժամանակ է, ինչ քաղաքապետն ու իր թիմը երեւանցիներին խոստումներով են կերակրում, թե տրանսպորտի խնդրի լուծման պրոցեսն ընթացքի մեջ է, եւ շուտով բարելավվում կնկատենք այս ոլորտում: Այդ խոստումները, սակայն, դեռեւս օդում թողած պղպջակի էֆեկտ ունեն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԱՆԿՈՒՄ՝ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ

Պաշտոնական թվերով անցած տարի Հայաստանում, տրանսպորտի գործունեության հետ կապված, մասնավորապես՝ բեռնափոխադրումների ոլորտում, անկում է արձանագրվել: Ընդհանուր բեռնափոխադրումները մեկ տարվա ընթացքում 49.6 տոկոսով նվազել են: Ըստ որոշ մասնագետների՝ բեռնափոխադրումների այս պատկերն ուղղակի բնորոշում է տնտեսությունում տիրող վիճակը:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ երկաթուղային բեռնափոխադրումները, հակառակը, ավելացել են 11.5 տոկոսով, որից բեռների արտահանումը աճել է 26.3 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 13.4 տոկոսով: Բացի այս, ավելացել են երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրումները, աճը կազմել է 6.9 տոկոս:
Ավտոտրանսպորտով ընդհանուր բեռնափոխադրումների անկումը զգալի մեծ է՝ 60.6 տոկոս: Սակայն ավտոտրանսպորտով բեռնափոխադրումները ըստ իրենց նպատակի դիտարկելիս տեսնում ենք, որ արտահանումը ավելացել է 29.1 տոկոսով, ներմուծումը՝ 20.9 տոկոսով, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումները պակասել են 73 տոկոսով: Ի դեպ, հենց այս անկման հաշվին է, որ ավտոտրանսպորտով ընդհանուր բեռնափոխադրումների ծավալը նվազել է:
Օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն ընդհանուրի մեջ շատ փոքր թիվ է կազմում, բայց նույնիսկ այդ փոքր ծավալների դեպքում էլ աճ է արձանագրվել՝ արտահանման դեպքում` 12.5 տոկոս, իսկ ներմուծումը` 18 տոկոս:
Բացի այս, «մայրուղային խողովակաշարային» բեռնափոխադրումների ծավալների աճը կազմել է 4.1 տոկոս: Ավելին՝ բեռնափոխադրումների այս տեսակի դեպքում պաշտոնական վիճակագրությունը արտահանման եւ ներկրման տարանջատում չի անում, քանի որ ընդհանուր խոսքը ներկրման մասին է, այն էլ՝ կոնկրետ մեկ տեսակի ապրանքի` գազի: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ գազի ներկրումը Հայաստան անցած տարի ավելացել է:

Ս. Հ.

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ
Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղի բնակիչ, 1956թ. ծնված Հայկ Քամալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2008թ. ապրիլի 25-ից մինչեւ 2015թ. օգոստոսի 18-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով Տավուշի մարզի Խաշթառակ համայնքի ղեկավար, 2013 եւ 2014թթ. ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ից ստացված, ապա ծրագրում որպես շահառու ընդգրկված Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչներին բախշված ցորենի սերմացուի դիմաց իր կողմից հավաքագրված եւ իր վստահությանը հանձնված 4 միլիոն 80 հազար ՀՀ դրամ գումարից միասնական դիտավորությամբ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացրել է 2 միլիոն 710 հազար ՀՀ դրամ գումար: Հայկ Քամալյանին մեղադրանք է առաջադրված՝ ՀՀ քր. օր. 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով («Յուրացնելը կամ վատնելը, հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով»): Հ. Քամալյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարության հերթական նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է փետրվարի 6-ին:

 

 

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ՝ ԹԱՔՆՎԱԾ ՓԱՅԱՏԵՐ
Տավուշի մարզի Իջեւան քաղաքի հարավային ծայրամասում գործում է «Քարարտ» ՓԲԸ քարի վերամշակման ձեռնարկությունը: Ընկերությունը Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական գյուղի վարչական տարածքում ֆելզիտի մեծ հանքավայր ունի, որի հանքանյութը, ինչպես նաեւ այլ քարատեսակներ վերամշակում է Իջեւանում: Ճի՞շտ է, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը «Քարարտ» ՓԲԸ-ում 20 տոկոս բաժնեմաս ունի: «Քարարտ» ՓԲԸ հիմնադիր եւ սեփականատեր Արթուր Բաղրյանը, «Ժողովուրդ» օրաթերթի այդ հարցին պատասխանելով, ասաց, որ այդ 20 տոկոս բաժնեմասը փաստացի Բակո Սահակյանին է պատկանում, սակայն գրանցված է Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) անունով, որ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալն էր: Ա. Բաղրյանն ասաց, որ նրանք «բանդիտական» ձեւով ընկերությունում բաժնեմաս են ստացել, իբր, ազատամարտիկների կարիքները հոգալու համար: Բաղրյանն ասաց, որ ինքը իրավապահներին է դիմել այդ բաժնեմասն իրեն վերադարձնելու համար, սակայն չի հաջողվել, որովհետեւ Հայաստանի իրավապահ համակարգում հին կապերը գործում են: Նրան հարցրինք, թե ճիշտ է արդյոք, որ իր բողոքելուց հետո «Քարարտում» մեծածավալ ստուգումներ են եղել: Նա ասաց, որ ստուգումներ են եղել, դրանք տեւել են շուրջ մեկ ամիս, արդյունահանված քարի եւ իրացված արտադրանքի տարբերության վերաբերյալ ստուգողների հարցին ինքը պատասխանել է, որ արդյունահանված, վերամշակված ամբողջ քարը իրենք չեն վաճառել, կա նաեւ պահեստում կուտակված, չիրացված արտադրանք:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս