ԴԵՊԻ «ԵՎՐԱՏԵՍԻԼ»՝ ԱՌԱՆՑ ԽԱՆԴԱՎԱՌՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային հեռուստաընկերությունը, հանդիսանալով Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ, որոշում է կայացրել անցկացնել #Եվրատեսիլ2020 երգի մրցույթի հայաստանյան պատվիրակի ազգային ընտրություն եւ հնարավորություն ընձեռել բոլոր ցանկացող արտիստներին ներկայացնել իրենց երգերը։ Ամիսներ շարունակ տեւած հայտագրման ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը ստացել է մասնակցության 53 վավեր հայտ: Ժյուրին, դիտարկելով բոլոր հայտերը, առանձնացրել է 12 լավագույն մասնակիցներին:

Հայտերը դիտարկող ժյուրիի կազմում են եղել Նաիրա Գուրջինյանը, Անիտա Հախվերդյանը, Լիլիա Նիկոյանը, Ռուբեն Բաբայանը Վարդան Հակոբյանը, Տիգրան Դանիելյանը, Դավիթ Ծերունյանը, Կարեն Թաթարյանը եւ Անուշ Տեր-Ղուկասյանը։ Քվեարկության արդյունքում «Դեպի Եվրատեսիլ» նախագծում կմրցեն հետեւյալ մասնակիցները՝ Աթենա Մանուկյան, TOKIONINE, ERNA, Միրիամ Բաղդասարյան, Agop, Կարինա EVN, Վլադիմիր Արզումանյան, Հայկ Music, Արթուր Ալեք, Գաբրիել Ջիգ, EVA Rida, Սերգեյ եւ Նիկոլայ Հարությունովներ: Հանրության մի ստվար զանգված օնլայն տիրույթում տեսակետ է հայտնել, որ այս տարի «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին ներկայացված երգերը բավականին թույլ են եւ անմրցունակ: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգչուհի, երգահան Լիլիթ Բլեյանի ու հեռուստա եւ ռադիոհաղորդավար Ժակի հետ: Ստորեւ ներկայացնում ենք նրանց կարծիքները:
Երգչուհի, երգահան Լիլիթ Բլեյան
Ես կխուսափեմ գնահատել ներկայացված երգերի գեղարվեստական արժեքը. դա իմ կողմից սխալ կլինի, քանի որ ես երաժշտական քննադատ չեմ, այլ գործող հեղինակ-կատարող։ Ինձ ավելի շատ տխրեցրեց այն, որ ընտրված բոլոր երգերն անգլերեն են. կողքից նայելիս ոչ ոք չի պատկերացնի, որ սա Հայաստանի ներսում կազմակերպված մրցույթ է։ Ի դեպ, ես ինքս մրցույթի նախնական փուլին հանպատրաստից մասնակցել եմ որպես համահեղինակ կրկին անգլալեզու երգով, քանի որ երգչի ցանկությունն է եղել այդպիսին։ Եթե ինքս իմ կողմից երգ ներկայացնեի, դա կլիներ հայերեն երգ։ Ինձ այս պարագայում մրցունակությունը շատ քիչ է հետաքրքրում, քանի որ այսօրվա երաժշտական շուկայի ստանդարտների մեծ սիրահար չեմ, ու շատ ավելի ուրախ եմ լինում, երբ տեսնում եմ փորձեր՝ այդ ստանդարտները կոտրելուն, որեւէ ինքնատիպ, ինքնաբուխ, «մասսկուլտից» դուրս մի բան անելուն միտված։ Այս 12-ի մեջ ես նման փորձեր, ցավոք, չտեսա, չնայած կային տաղանդավոր կատարողներ։ Չգիտեմ՝ ինչ սկզբունքով է կատարվել այս 12-ի ընտրությունը, գուցե ավելի հետաքրքիր երգեր են դուրս մնացել, պակաս «մրցունակ»՝ եվրատեսիլյան ստանդարտներով, բայց ավելի համարձակ։ Ամեն դեպքում, մասնակիցներին հաջողություն եմ մաղթում, սա իրենց համար ինքնադրսեւորման հնարավորություն է, որը, հուսով եմ, կօգտագործեն հետագայում ստանդարտները ավելի վստահ կոտրելու ու իրենց ճանապարհը գտնելու համար։
Հեռուստա եւ ռադիոհաղորդավար Ժակ
Չգիտեմ՝ լավ է, թե վատ, բայց «Եվրատեսիլ» մրցույթի հանդեպ հանրային հետաքրքրությունը կոտրվել է, աժիոտաժը՝ անցել: Տարիներ առաջ նման բան չէինք էլ կարող պատկերացնել: Մեր կյանքում տեղի ունեցող բուռն իրադարձությունները եւ մրցույթում Հայաստանի ներկայացուցիչների շարունակական ձախողումները ստիպեցին ավելի հանգիստ վերաբերվել «Եվրատեսիլ»-ին: Դրան նպաստում է նաեւ այն, որ «Դեպի Եվրատեսիլ»-ի մասնակիցներն այս տարի առանձնապես ճանաչված չեն հանրության կողմից կամ ճանաչված են նեղ շրջանակների համար:
Հավելենք, որ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլը տեղի կունենա փետրվարի 15-ին՝ ժամը 22:00-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում։

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

 

ԼԱՅԱՆԱՆ Ե՞ՐԲ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍ

Նախորդ տարվա դեկտեմբերին լույս աշխարհ եկավ երգչուհի Լայանայի եւ պրոդյուսեր Ռոլանդ Պողոսյանի որդին: Նա՝ Լայանան, Instagram-ի իր էջում հրապարակել էր ամուսնու եւ փոքրիկի լուսանկարը, որին կից գրել էր. «Պողոսյան Ռոբերտ Ռոլանդի»։ «Ժողովուրդ» օրաթերթը երգչուհուց հետաքրքրվեց՝ ինչպես է իրեն զգում տղայի մայրիկի կարգավիճակում, եւ երբ է պատրաստվում վերադառնալ շոու-բիզնես, վարել ակտիվ ստեղծագործական կյանք:

«Հիմա ամբողջովին նվիրվել եմ ընտանեկան կյանքին եւ ռելաքսի մեջ եմ: Միեւնույն ժամանակ մեծացել է պատասխանատվությունս: Ճիշտ է, պարբերաբար դուրս եմ գալիս աշխատանքի, թեպետ հիմա առանձնապես համերգներ էլ չեն կազմակերպվում: Որդիս 14 օրական էր, երբ առաջին անգամ թողեցի նրան ուրիշի խնամքին եւ գնացի գործի: Ի դեպ, առաջին երեխայիս դեպքում ավելի ուշ եմ նրան թողել ուրիշի խնամքին. այդ ժամանակ աղջիկս երեք ամսական էր: Իսկ հիմա ավելի փորձառու մայրիկ եմ: Որդիս դեռ երկու ամսական է, չեմ էլ մտածում լուրջ կարիերա անելու մասին, բայց վաղ թե ուշ անպայման պետք է վերադառնամ ոլորտ»,- ասաց Լայանան: Նա դեռ չի գիտակցում, որ որդի է դաստիարակելու. երեխան դեռ փոքրիկ է, եւ երգչուհին չի մտածում այդ ուղղությամբ: Հարցին, թե ինչպես է վերաբերվում իր դուստրը փոքրիկ եղբորը, Լայանան պատասխանեց. «Էլինան միշտ սպասել է եղբոր ծնունդին. հիշում եմ, որ ասում էր. «Մամա՛, Ռոբերտիկը ե՞րբ է ծնվելու, սիրելու ենք, չէ՞, իրեն…»: Հիմա էլ մոտենում է, քնքշորեն սիրում, բայց նկատել եմ նաեւ, որ մի քիչ խանդում է եղբորը, ուզում է, որ իրեն նախկինի պես ուշադրություն դարձնեմ, պարզապես զուտ ֆիզիկապես չեմ հասցնում նույնքան հաճախակի գրկել աղջկաս, հետը ժամանակ անցկացնել»,-անկեղծացավ երգչուհին:
Հիշեցնենք, որ հայտնի զույգը դաստիարակում է առաջնեկին՝ Էլինային։ Աղջիկը չորս տարեկան է։ Հավելենք, որ Լայանան «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի հետ հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի մի շարք քաղաքներում: 2010թ.-ից նկարահանել է շուրջ 10 տեսահոլովակ:

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

 

ՌՈՆԱԼԴՈՒՆ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է
Պորտուգալիայի ազգային հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ երբեք չէր կարող պատկերացնել նման հաջողությունների մասին. «Ճիշտն ասած, երազում էի նման հաջողությունների մասին, բայց պատկերացնել անգամ չէի կարող, որ կարող եմ հասնել այս կետին: Կարծում էի` 35 տարեկանում ձկնորսությամբ եմ զբաղվելու Մադեյրայում: Մտածում էի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու մասին, բայց որ կլինեմ լավագույնը, միայն երազում էի: Երբ 15 տարեկան էի, դասընկերներիս ասացի, որ լավագույնն եմ դառնալու աշխարհում. նրանք ծիծաղում էին:
Հիմա ես Թուրինում եմ, եկել եմ այստեղ Չեմպիոնների լիգան հաղթելու համար: Այս թիմը ինձ տալիս է այդ հնարավորությունը, գիտեմ, որ բարդ է լինելու, կախված է շատ այլ հանգամանքներից, բայց ունենք ուժեղ թիմ եւ կարող ենք հաղթել»,- ասել է «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը:
Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում խաղալու է «Օլիմպիկ Լիոնի» հետ:

 

 

 

ՀԱՎԱՔ ԿԱՆՑԿԱՑՆԻ
Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության ակումբներից «Փյունիկը» ուսումնամարզական հավաք կանցկացնի. այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Երեւանյան ակումբը իր երկրորդ ուսումնամարզական հավաքը կանցկացնի փետրվարի 6-ից 20-ը Թուրքիայի Բալեկ քաղաքում: Թիմը կանցկացնի ստուգողական հանդիպումներ:

 

 

 

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է
Հայաստանի ազգային հավաքականի ավագ եւ իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը վերականգնվել է ազդրի վնասվածքից եւ հայտավորվել է այսօր կայանալիք Իտալիայի Ա Սերիայի 23-րդ տուրի՝ «Բոլոնիայի» դեմ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել Ա Սերիայի 18-րդ տուրի՝ «Տորինոյի» դեմ հանդիպմանը:
«Ռոմայի» հայտացուցակում ընդգրկված են հետեւյալ մարզիկները՝ Պաու Լոպես, Դանիել Ֆուզատո, Անտոնիո Միրանտե, Ժուան Ժեզուշ, Քրիս Սմոլինգ, Ակեքսանդր Կոլարով, Մերթ Չետին, Դավիդե Սանտոն, Ֆեդերիկո Ֆազիո, Ջանլուկա Մանչինի, Բրունո Պերես, Լեոնարդո Սպինացոլա, Բրայան Կրիստանտե, Դիեգո Պերոտի, Գոնսալո Վիլար, Ջորդան Վերետու, Խավիեր Պաստորե, Հենրիխ Մխիթարյան, Էդին Ջեկո, Չենգիզ Ունդեր, Նիկոլա Կալինիչ, Կառլես Պերես, Ջասթին Կլյուվերտ:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս