ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում

Մի կողմից՝ տնտեսությունն աճում է, իսկ մյուս կողմից՝ ականատես ենք լինում Երեւանի կենտրոնում գտնվող նման մթերային խանութների:

 

 

ՀԱՐՑ. Արդյոք շրջանառության հարկ վճարող Ա/Ձ-ն եկամտային հարկի կանխավճարներ կատարո՞ւմ է:

Տիգրան Հարությունյան (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտներ ստացող հարկ վճարողը պարտավոր է կատարել եկամտային հարկի կանխավճարներ` բացառությամբ հաստատագրված վճարներով եւ (կամ) արտոնագրային վճարներով եւ (կամ) շրջանառության հարկով հարկվող գործունեության եւ նոտարական գործունեության:
Միաժամանակ, նույն օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան՝ շրջանառության հարկ վճարող հանդիսացող անհատ ձեռնարկատերը եկամտային հարկը հաշվարկում եւ վճարում է ամսական 5 հազար դրամի չափով յուրաքանչյուր ամսվա համար մինչեւ տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ), որը նրա համար համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ այն հարկատուն, որը հարկային մարմին ներկայացրել է գործունեություն չիրականացնելու (գործունեությունը դադարեցնելու) մասին հայտարարություն, կարող է նշյալ հայտարարությունը ներկայացնելուց հետո եկամտային հարկի կանխավճարներ չկատարել:

 

 

 

ՀԱՐՑ. Ի՞նչ ժամկետում է կատարվում օտարերկրացիների մասնակցությամբ ամուսնության պետական գրանցումը:

Ալիս Ամրոյան (47 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետի թույլտվությունը տրվում է ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 10-րդ օրը, եւ ոչ ուշ, քան երեք ամիսը, որից հետո ամուuնության հետագա գրանցումը ՔԿԱԳ տարածքային վայրում իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնության գրանցման համար սահմանված կարգով:
Եթե ամուսնական զույգը ցանկություն ունի սահմանված 10-օրյա ժամկետից շուտ գրանցել ամուսնությունը, ապա, բացի պետական տուրքից, պարտավոր է վճարել կառավարության որոշմամբ սահմանված լրացուցիչ արտաբյուջետային գումարը: Անձը ազատվում է նշված արտաբյուջետային գումարները վճարելուց, եթե առկա են նույն հարգելի պատճառները, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջեւ ամուսնությունը օրենքով սահմանված ժամկետից շուտ գրանցելու համար:
Օտարերկրացու մասնակցությամբ ամուսնության գրանցման համար գանձվում է պետական տուրք՝ 1000 ՀՀ դրամի չափով: Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ միմյանց կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ամուսնությունը սահմանված 10-օրյա ժամկետից շուտ գրանցելու ցանկության դեպքում, բացի պետական տուրքից, վճարվում է կառավարության որոշմամբ սահմանված լրացուցիչ արտաբյուջետային գումար:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օտարերկրացու մասնակցությամբ ամուսնության գրանցման համար գանձվում է պետական տուրք՝ 1000 ՀՀ դրամի չափով:




Լրահոս