Մարտի 31-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայանալու է նախագահի եւ խորհրդարանական ընտրություններ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս օրերին Արցախում եռուզեռ է. քաղաքական ուժերը հանդիպումներ եւ քննարկումներ են ունենում՝ ընտրությունների մասնակցել-չմասնակցելու հետ կապված: Առանցքային թեման նախագահի թեկնածուների առաջադրումն է. հարցը պետք է հանգուցալուծվի արդեն սկսվող նոր շաբաթվա ընթացքում: Բանն այն է, որ փետրվարի 5-15-ն ընկած ժամանակահատվածում Արցախի նախագահի թեկնածուները պետք է ԿԸՀ-ին ներկայացնեն իրենց առաջադրման փաստաթղթերը:
Ըստ մեր տեղկությունների՝ արդեն հստակեցված է, որ նախագահի թեկնածության համար առաջադրվելու են Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԼՂՀ ԱԳՆ նախարար Մասիս Մայիլյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, Արցախի հերոս Սամվել Բաբայանը իր թեկնածուն է առաջադրելու, ինչպես նաեւ ՀՅԴ-ն է առաջադրելու իր թեկնածուին՝ Դավիթ Իշխանյանին:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի Պահպանողական կուսակցության ղեկավար, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ՝ պարզելու համար, թե Արցախում ինչ իրավիճակ է, ու ինչպես որոշվեց իր առաջադրումը:
-Պարո՛ն Բաբայան, Դուք հայտարարել եք, որ առաջադրվում եք ԼՂՀ նախագահի ընտրություններում, Ձեր ղեկավարած կուսակցությունը որոշել է մասնակցել ընտրություններին այդ ձեւաչափով: Ի՞նչ եք կարծում, ընտրվելու ինչպիսի՞ շանսեր ունեք: Ո՞ր թեկնածուին եք Ձեզ մրցակից համարում:
-Կա ինքնաառաջադրում, կուսակցության կողմից առաջադրված կամ կուսակցությունների դաշինքը, իսկ իմ պարագայում մեր կուսակցությունն է որոշել արտահերթ համագումարի ժամանակ, որ մենք մասնակցելու ենք, եւ ինձ են առաջադրել՝ որպես կուսակցության ղեկավար: Ընդհանրապես, ընտրություններում բոլորը բոլորի մրցակիցներն են, այստեղ չկա գլխավոր ու երկրորդական, ամեն մեկն էլ մրցակից են: Ամենակարեւորը այն է, որ թշնամի չլինենք, թշնամի չդարձնեն մեկը մյուսին, թշնամի չդառնա մեկը մեկին: Այ սա շատ-շատ կարեւոր է, մենք միշտ այս փիլիսոփայությանն ենք հետեւելու, այսինքն՝ լինելով մրցակից որեւէ մեկին՝ չթերագնահատենք, բայց այնպես անենք, որ թշնամի չդառնանք մեկը մյուսի նկատմամբ:
-Իսկ այժմ այդ թշնամությունն ու լարված մթնոլորտը Արցախում կա՞, այսինքն՝ Դուք նկատե՞լ եք նման իրավիճակ:
-Այս պահի դրությամբ կուսակցությունների, քաղաքական ուժերի կողմից նման բան չի քարոզվում, այո, կան մեկ-երկու այսպես պատահական անձնավորություններ, որոնց ճիշտ էլ չի որակել քաղաքական գործիչ կամ ինչ-որ մի դեմք, որոնք ամբողջ կյանքում այդպես են, ծնված օրից իրենք թարախությունն են անում, դա այլ կատեգորիա է: Այս պահի դրությամբ չի երեւում նման թշնամանք. թե ինչպես կլինի հետագայում, արդեն դա կտեսնենք: Հավատացե՛ք, որ ես իսկապես չեմ ուզում՝ սա դառնա թշնամանք:
-Բայց ովքե՞ր են այդ անձինք, որ փորձում են Արցախում նման թշնամանք ստեղծել. խնդրում եմ, անուններ նշե՛ք:
-Դրանք պատահականություններ են, մեկ-երկու հոգի, որոնք արժանի չեն, որպեսզի իրենց անունները ես հնչեցնեմ: Չէ, պետք չէ ինչ-որ անուններ նշել, արժանի չեն:
-Արցախի հերոս Սամվել Բաբայանի հետ կապված էլ երկար ժամանակ Արցախում լարվածություն էր առաջացել, քանի որ Բաբայանը նպատակ ուներ նախագահի թեկնածու առաջադրվել, բայց չստացվեց: Դեռեւս այդ լարվածությունը շարունակվո՞ւմ է իր եւ իր թիմակիցների կողմից:
-Այս հարցը քաղաքական չէ, այս հարցը իրավական է, եւ այստեղ պարզապես քաղաքացի լինելը ժամկետի եւ այսպիսի հարց էր: Սամվել Բաբայանը հայտարարել է, որ իր գլխավորած կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին այլ թեկնածուով, դա արդեն նշանակում է, որ մասնակցելու են: Խնդիրը նրա մեջ է, որ քաղաքական ուժերը պատրաստակամություն են հայտնում մասնակցել այդ մրցապայքարին, պայքարին, եւ կրկնում եմ, որ դա պետք է անեն օրենքի սահմաններում, եւ մեկս մյուսի թշնամին չդառնանք:
-Մշտապես նշվել է, որ ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը ֆավորիտ թեկնածու է, եւ, կարելի է ասել, արդեն հստակ է, որ ԼՂՀ նախագահ է ընտրվելու Հարությունյանը: Դուք համարո՞ւմ եք, որ իսկապես արդեն կարելի է այդ ամենը փաստ համարել, կանխորոշվա՞ծ է ամեն ինչ արդեն:
-Ես չեմ ուզում որեւէ մեկին պիտակավորել, որակավորում տալ, ասել, որ այս մեկը ավելի շատ շանս ունի, մյուսը՝ ավելի քիչ. տարբեր հանգամանքներ, տարբեր գործոններ են աշխատում, բայց ես չեմ կարում ընդունեմ այն հանգամանքը, որ ամեն ինչ կանխորոշված է: Կանխորոշում է միայն Աստված, դրա համար ես չեմ կարծում, որ դա ճիշտ է:
-ՀՀ իշխանություններից ի՞նչ ակնկալիք ունեք՝ ընտրությունների հետ կապված: Ըստ Ձեզ՝ պե՞տք է իրենք հայտարարեն, որ ինչ-որ մի թեկնածուի պաշտպանելու են:
-Խնդիրը ինչի մեջ է. մենք պետք է ամեն ինչ դիտարկենք մեր ազգային շահերի դիտակետից, իսկ մեր ազգային շահերը պահանջում են, որպեսզի Արցախը լինի ուժեղ, Արցախը լինի ժողովրդավարական, Արցախն իր սուբյեկտայնությունը պաշտպանի, որ բոլորը հասկանան՝ Արցախը անկախ պետություն է: Դա այդպես էլ կա, հետեւաբար պարզ է, որ ամբողջ հայությունը պետք է ուշի-ուշով հետեւի, թե ինչ է կատարվում Արցախում: Բայց չեմ կարծում, որ ճիշտ է միջամտել, ինչ-որ բան անել. սա, կրկնում եմ, պետականության, ազգի անվտանգության խնդիր է, մենք սա պետք է այս տեսանկյունից դիտարկենք:
ՀԱՆԴԻՊԵՑԻՆ, ԽՈՍԵՑԻՆ, ԲԱԺԱՆՎԵՑԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ խորհրդարանում կայացած ԱԺ 2016 Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի դռնփակ նիստն այս անգամ եւս անցել է շատ բարի մթնոլորտում:
Ըստ մեր տեղեկությունների՝ ի սկզբանե հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին ներկայացրել է այն հարցաշարը, որին պատասխանում են բոլոր այն անձինք, ովքեր հանձնաժողով են հրավիրվում, եւ խնդրել է մանրամասներ ներկայացնել այդ օրերի պատերազմական իրավիճակից: Դավթյանը ներկայացրել է այն տեղեկությունները, որոնց ինքն է տիրապետել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ հանձնաժողովականները միմյանց միջեւ քննարկել են, որ, կարծես թե, ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանն ավելի ընդգրկուն տեղեկություն է իրենց հաղորդել, քան Դավթանը: Վերջինս ավելի թռուցիկ է խոսել գրեթե բոլոր այն հանգամանքերի մասին, որոնք հետաքրքրում են քննիչ հանձնաժողովի անդամներին: Այնուհետեւ հանձնաժողովի ղեկավարությունը փորձել է Դավթյանից պարզել, թե արդյոք այն դիտարկումները, խնդիրները, որոնք հայտնաբերվել են՝ այդ օրերի հետ կապված, ԳՇ-ն փորձել է շտկել, Դավթյանն էլ հայտարարել է, որ իրենք դասեր քաղել են ու ամեն ինչ անում են իրենց նախորդ սխալները չկրկնելու համար: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս ընթացքում էլ քննիչ հանձնաժողովը այդ օրերի հետ կապված բացահայտել եւ ներկայացրել է խնդիրները՝ ԳՇ-ին հորդորելով այնպես աշխատել, որ այլեւս նման բացթողումներ չլինեն բանակում: Հանդիպումը տեւել է մոտ երեքուկես ժամ, որից, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, մոտ մեկ ժամը քննարկվել են վերջին օրերին բանակում կատարված ինքնասպանությունները, զինվորների հարազատների բողոքի ակցիաները, ինչպես նաեւ «էլիտայի» զավակների պահվածքը հայոց բանակում: Ըստ մեր տեղեկությունների՝ Դավթյանը մանրամասներ է ներկայացրել հանձնաժողովի անդամներին ու վստահեցրել է, որ ամեն ինչ վերահսկողության տակ է: Իսկ արդեն նիստի ավարտից հետո Արտակ Դավթյանը հայտարարեց. «Քննարկել ենք շատ տարաբնույթ հարցեր՝ անցյալին, ներկային եւ ապագային միտված: Ես կարծում եմ, որ մենք այսօր 3.5 ժամ, իմ գնահատմամբ, էֆեկտիվ աշխատանք ենք ունեցել»:
Նա ընդգծել է, որ Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունները պետք է լինեն անթերի, փաստարկված, նաեւ փաստաթղթերի հիմնավորմամբ:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԿԱՆՉԵԼ ԵՆ ՔՊ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախորդ շաբաթ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովը իրենց մոտ է հրավիրել Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին անդամ Հենրիկ Հարթենյանին: Ինչպես հայտնի է, Հարթենյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Սառա Թովմասյան անունով մի օգտատիրոջ ֆեյսբուքյան էջի լուսանկարը եւ կից գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ, ժողովո՛ւրդ ջան»: Նրա այս արարքը խիստ դատապարտվեց ինչպես հանրության, այնպես էլ իր թիմակիցների կողմից, եւ հունվարի 27-ին ավագանու իշխանական խմբակցությունն արտահերթ նիստ էր հրավիրել եւ որոշել, որ վերջինս պետք է հրաժարվի ավագանու մանդատից: Եվ, ահա, այս ամենից հետո նա նաեւ հրավիրել է Վերահսկող հանձնաժողով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔՊ վերահսկող հանձնաժողովի անդամ Սարգիս Ալեքսանյանը հաստատեց, որ ավագանու նախկին անդամի հետ քննարկում է եղել: «Այո, քննարկում տեղի է ունեցել: Քննարկել ենք նրա գրառումը եւ արձանագրել, որ տեղի է ունեցել կանոնադրության խախտում: Նա կրկին ներողություն խնդրեց եւ քանի որ արդեն վայր է դրել ավագանու մանդատը, քննարկելու շատ հարցեր չկային», – նշեց նա:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում կադրային փոփոխություններ են եղել: Մեզ հայտնի դարձավ, որ դեռեւս 2015 թվականի սեպտեմբերին ՀԿԵ տնօրեն նշանակված Սերգեյ Վալկոյին փոխարինել է ավելի երիտասարդ Ալեքսեյ Մելնիկովը: Նշենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին Վալկոյի պաշտոնավարման ժամկետը եւս 3 տարով երկարաձգվեց: Փաստորեն, ստացվում է, որ 6 ամիս անց Վալկոն ազատվում է պաշտոնից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վալկոն հեռանում է «ՌԵ»-ում բարձր պաշտոնի նշանակվելու համար: Պարզվում է՝ «ՌԵ»-ում Վալկոյի աշխատանքից գոհ են, քանի որ այս տարիների ընթացքում նա բավականին լավ ցուցանիշներ է ապահովել: Ի դեպ, տեղեկացնենք, որ նախորդ տարվա ընթացքում, Վիճակագրական կոմիտեի տվյալներով, երկաթուղային բեռնափոխադրումները ավելացել են 11.5 տոկոսով, որից բեռների արտահանումը աճել է 26.3, իսկ ներմուծումը՝ 13.4 տոկոսով: Սրան զուգահեռ նկատենք, որ ավտոտրանսպորտով բեռնափոխադրումներն են պակասել. անկումը կազմել է 60.6 տոկոս: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դեռեւս 2018 թվականին ՀՀ քննչական կոմիտեի կողմից ՀԿԵ-ում արձանագրված առերեւույթ չարաշահումների դեպքով հարուցված քրեական գործի պատճառով ընկերության բնականոն աշխատանքը խաթարվել է: Ըստ որոշ տեղեկությունների՝ եթե քրեական գործը հարուցված չլիներ, ապա ընկերությունը որոշակի փոփոխություններ կաներ շարժակազմում։ Ի դեպ, ընկերության ղեկավարությունը 2015-2016թթ. որոշել է շարժակազմը թարմացնել, արդեն 2017թ.-ին ձեռք է բերել երկու նոր էլեկտրագնացք, ինչից հետո այս գործընթացը ժամանակավոր կասեցվել է։