Վերջին տարիներին Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը նվազում է, նաեւ պաշտոնապես նվազել է ծնվածների թիվը:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 959 հազար 200 մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 965 հազար 300 էր: Այսինքն` 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 6100-ով է պակասել:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մեկ տարվա ընթացքում բնակիչների թվաքանակը պակասել է ՀՀ գրեթե բոլոր մարզերում: Հավանաբար, այս ամենի պատճառն այն է, որ ե՛ւ նախկին, ե՛ւ ներկայիս իշխանությունների կողմից խոստացած մարզերի համաչափ զարգացման ծրագիրը այդպես էլ կյանքի չի կոչվում, ինչի հետեւանքով տարեցտարի մարզերի բնակիչների մեծ մասը տեղափոխվում է Երեւան, որտեղ եւ բնակություն է հաստատում: Նշենք, որ Երեւանի բնակչության թվաքանակը 2200-ով ավելացել է:
Օրինակ` միայն Լոռու մարզում այս տարվա հունվարի 1-ի դրությամբ բնակիչները պակասել են 2300-ով: Համաձայնե՛ք, որ մեկ տարվա ընթացքում մեկ մարզից 3500 բնակչի նվազելը խիստ մտահոգիչ է, չնայած զարմանալի չէ, քանի որ այս մարզում գտնվող Ալավերդու պղնձաձուլարանը բավական ժամանակ է, ինչ չի շահագործվում: Մեծ թվով մարդիկ ընտանիքը կերակրելու պատրվակով մարզից հեռացան: Միայն Արագածոտնի մարզում 700-ով նվազել է բնակչության թիվը: Մեկ տարվա ընթացքում Շիրակի մարզում բնակչության քանակը նվազել է 2100-ով:
Բացի մշտական բնակչության թվաքանակի նվազելուց, պակասել է նաեւ ծնվածների թիվը. եթե 2017 թվականին ծնվածների թիվը կազմել է 37700, ապա 2018-ին՝ 36574, 2019-ին՝ 36131: Այսինքն՝ ծնվածները 443-ով պակասել են: Մյուս կարեւոր ցուցանիշն այն է, որ մահացածների թիվն է ավելացել, մեկ տարվա ընթացքում՝ 501-ով:
Պաշտոնական թվերով՝ անցած տարի Հայաստանում կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների քանակը կազմել է 7986, որից 5345-ը՝ ժամանակավոր, 2079-ը՝ մշտական: Հայաստանում միայն անցած տարվա ընթացքում կացության կարգավիճակ ստացել է Հնդկաստանի 1835 քաղաքացի, Ռուսաստանից՝ 1327, Իրանից՝ 1254, Չինաստանից՝ 184, եւ այլն:
Ստացվում է, որ ՀՀ բնակչության թվաքանակն աստիճանաբար ավելանում է օտարերկրացիների հաշվին: Այս խնդրի շրջանակներում «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Միգրացիոն պետական ծառայություն եւ հետաքրքրվեց, թե ինչ է անում կառավարությունը մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձնելու, այլ ոչ օտարերկրացիների հաշվին ՀՀ բնակչության թիվը ավելացնելու համար:
Հարցին ի պատասխան՝ ծառայության մամուլի խոսնակ Նելլի Դավթյանն արձագանքեց՝ նշելով, որ հայրենադարձության հետ կապված հայեցակարգ է գրվում, ծրագրեր են մշակվում: «Այլ կատեգորիաներ կան, որ կարող են Հայաստան վերադառնալ. խոսքը մեր անօրինական միգրանտների մասին է, որ եվրոպական տարբեր եւ ոչ միայն եվրոպական երկրներում ապրում են անօրինական, որոնց եւս պետք է վերադարձնել Հայաստան: Մենք կամավոր վերադարձի շատ ծրագրեր ենք իրականացնում մեր հասարակական միջազգային շատ գործընկերների հետ: Ավելին, առաջին ինստիտուցիոնալ քայլն ենք անում: Արդեն իսկ պետական ծրագիր ենք գրում վերաինտեգրման, չնայած իրենք ունեն վատ միգրացիոն փորձառություն, բայց մենք, հաշվի առնելով իրենց խոցելիությունը, բնակվարձ ենք փոխհատուցելու, ուղղիչ խորհրդատվական ծառայություն ենք մատուցելու եւ այլն»:
Իսկ ինչ վերաբերում է օտարերկրացիների հաշվին ՀՀ բնակչության թվի ավելացմանը, Նելլի Դավթյանը հայտարարեց, որ այն ֆանտաստիկայի ժանրից է: «Ըստ էության, այդ հարցով մտահոգվում են քաղաքացիները եւ ակնարկում են Հնդկաստանի քաղաքացիների շարժը դեպի մեր երկիր եւ մեր երկրից դուրս: Տեսեք, մենք նոր ենք ամփոփել անցյալ տարվա սահմանահատումների ցուցանիշները, ու Հնդկաստանի քաղաքացիների մասով սալդոն բացասական է. -446-ով ավելի շատ հնդիկ գնացել է Հայաստանից, քան եկել է»,- պարզաբանեց Դավթյանը:
Սակայն զրույցի ընթացքում Նելլի Դավթյանը նկատեց, որ օտարերկրացիների թվում, ըստ քաղաքացիության երկրների, դրական սալդոյով ցուցանիշների շարքում ամենաբարձրը Ռուսաստանի քաղաքացիների մուտքն ու ելքն է: «12 155-ով ավելի շատ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է եկել Հայաստան, քան գնացել են: Դա միայն ուրախալի ցուցանիշ է. կարծում եմ՝ Դուք էլ եք գլխի ընկնում, որ Ռուսաստանի քաղաքացիություն ունեն, բայց նրանց գերակշիռ մասը ազգությամբ հայեր են: Ինձ թվում է՝ այս ամենը վկայում է այն մասին, որ ոչ թե օտարերկրացիների հաշվին բնակչության թիվն է ավելանում, այլ այս ամենը վկայում է այն մասին, որ մեր երկրի հանդեպ հետաքրքրությունն ավելի է մեծանում: Իսկ զբոսաշրջությունն էլ գնալով զարգանում է, ոչ ավելին»,- փոխանցեց Նելլի Դավթյանը:
Նկատենք, որ Հայաստանը Հնդկաստանի քաղաքացիների համար վերջին շրջանում դարձել է աշխատանք գտնելու ամենահարմար վայրերից մեկը: Հնդիկները աշխատանք գտնում են տարբեր ոլորտներում, այդ թվում եւ՝ գյուղատնտեսական: Հայաստանում հնդիկները համարվում են էժան աշխատուժ:
«ՍՊԻՏԱԿ ԱՐՋԸ ՄԵՐ ԳՅՈՒՂՈՒՄ ՉԻ ՄՆԱ, Ի՞ՆՉ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ»
ՀՀ Արագածոտնի մարզի Օթեւանի բնակիչներին սահմանադրական փոփոխությունները չեն հետաքրքրում: Այս գյուղում մարդիկ անգամ հեռուստացույցով չեն հետեւում Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Օթեւանի գյուղապետ Ջամալ Սալմոյանի հետ:
-Պարո՛ն Սալմոյան, Օթեւանում ի՞նչ են խոսում, ի՞նչ կարծիք ունեն Սահմանադրական դատարանի մասին:
-Դե, ի՞նչ պետք է խոսան. խեղճ ժողովուրդն ամեն մեկն իր դարդին, իր հոգսին է, սարի գլխին է ժողովուրդն ապրում, ի՞նչ պետք է ասեն: Մենակ իրենց հոգսերով են զբաղված, ժողովուրդը ի՞նչ պետք է ասի:
-Չե՞ն էլ քննարկում՝ պետք է մեզ արդյոք Սահմանադրական դատարանը՝ ներկա կազմով:
-Չէ, չէ…
-Կազմը պե՞տք է փոխվի:
-Դե, ինչ ասեմ, էդ խոսակցությունը, ճիշտն ասած, չի եղել՝ փոխվի, թե չփոխվի: Իրենց չի հետաքրքրում, իրենք իրենց անասուններով են զբաղված:
-Պարո՛ն Սալմոյան, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն եթե տեղի ունենա, կմասնակցե՞ն, թե՞ ոչ:
-Չեմ կարող ասել:
-Իսկ Դուք գնալո՞ւ եք, «այո՞» եք ասելու, թե՞«ոչ»:
-Ես ինքս էլ իմ մասով չեմ կարող ասել: Ժողովրդի վիճակը թող լավ լինի: Ի՞նչ ասեմ ես: Ես ինքս էլ հեռուստացույց չեմ նայում ու չգիտեմ, թե ոնց է եղել, ով կամ ինչ է ասել: Չգիտեմ: Ճիշտն ասած, ժողովուրդն իր հույսն ու հավատը թողել է իր վրա:
-Հեռուստացույց չե՞ք նայում, լուրերին չե՞ք հետեւում:
-Չէ, գնում եմ գործի ու գալիս եմ տուն, իմ գործերով եմ զբաղվում, էդ ա: Չեմ հետաքրքրվում քաղաքական թեմաներով:
-Գյուղապետ եք…
-Ճիշտ է, գյուղապետ եմ, բայց ես էլ եմ մարդ, չէ՞, ես էլ հազար ու մի հոգսեր ունեմ: Եկեք հըլը մեր գյուղի վիճակը տեսե՛ք, ժողովուրդն ինչ վիճակում է ապրում: Մեր մոտ գյուղից գյուղ են երեխաներին դպրոց տանում: Ամեն առավոտ 2 կիլոմետր երեխաները էդ ցրտին, սառնամանիքին գնում են դպրոց ու 2 կիլոմետր հետ գալիս: Միայն իմ տնից երեք դպրոցական թոռ ունեմ, բա ի՞նչ անենք, հո առանց ուսումի չե՞նք թողնի: Մեզ մոտ հիմա սպիտակ արջերն էլ չեն կարող մնալ, ի՞նչ սահմանադրական փոփոխություններ, բայց մենք դիմադրում ենք, ասում ենք՝ թող գյուղացին չջարդվի: Էսա մեր վիճակը: Եկե՛ք, եկե՛ք տեսեք, նկարե՛ք գյուղի վիճակը: Մարդիկ գնացել են արտագնա աշխատանքի: Դժվար է շատ: Վազում եմ ամբողջ օրը. առավոտյան երեխաներին տանում եմ դպրոց, այնտեղից գալիս եմ պետական գործով եմ զբաղվում, հետո՝ տան գործերով: Հազար ու մի խնդիր կա: Ես այդ սահմանադրական գործերին ո՛չ խառնվում եմ, ո՛չ ասում եմ՝ այո, ո՛չ էլ՝ ոչ: Ոնց ուզում են, թող անեն, միեւնույնն է, ինձանից ոչինչ կախված չէ, քո՛ւր ջան:
Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ
ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԹԻՎ ՆՇԵՑ
Փետրվարի 7-ին Երեւանում՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում, տեղի ունեցավ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսին հիմնականում մասնակցում էին երեւանյան լրատամիջոցների ներկայացուցիչներ, Տավուշի մարզից ընդամենը 2 լրագրող էին ներկա:
Չոբանյանը երկար եւ հանգամանալից պատմեց 2019թ. մարզի կյանքում կատարված տարաբնույթ ծրագրերի մասին, ըստ ոլորտների նշեց հեռանկարները, այնուհետեւ պատասխանեց լրագրողների հարցերին: Ապօրինի անտառհատումների վերաբերյալ հարցին մարզպետը պատասխանեց՝ դրանք տասնապատիկ կրճատվել են, նախկինում ամեն տարի այդ ոլորտում 500 միլիոն դոլարի ապօրինի շրջանառություն է կատարվել, ներկայումս անտառտնտեսությունները ապօրինի անտառհատումների դեմ պայքարում համագործակցում են ոստիկանության հետ, մարզի տարբեր հատվածներում ոստիկանական հենակետեր են տեղադրված: Հետաքրքրվեցինք, թե որտեղից է վերցրել նախկինում անտառհատումներից տարեկան 500 միլիոն դոլարի շրջանառության մասին տվյալը, քանի որ այդ թիվն անհավանական է, խիստ ուռճացված, ապօրինի հատումների վերաբերյալ տվյալները որեւէ մարմին չի կարող հաշվել:
5 ԳՅՈՒՂ ԳԱԶԱՖԻԿԱՑՎԱԾ ՉԷ
Տավուշը Հայաստանի ամենագազաֆիկացված մարզերից է: Տավուշի 62 բնակավայրերից 59-ը գազաֆիկացված են, դեռեւս չեն գազաֆիկացվել Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր ու Կիրանց, նաեւ Աճարկուտ գյուղերը, սակայն խնդիր է գազաֆիկացված բնակավայրերում բնական գազի բաժանորդների փոքր թիվը: Տավուշի մարզպետ Հայկ Չոբայանը փետրվարի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեվան, Կոթի, Բարեկամավան գյուղերի բազմաթիվ բնակիչներ ֆինանսական միջոցներ չունեն, որպեսզի վճարեն գազատարից դեպի իրենց առանձնատներ գազի ճյուղավորում կառուցելու ծախսը, դառնան բնական գազի բաժանորդ:
Որպես բնական գազի այլընտրանք՝ մարզպետը նշեց Տավուշում արեւային ջրատաքացուցիչների տեղադրումը, նաեւ ծղոտի բրիկետների պատրաստումը: Մարզպետ Հ. Չոբանյանը նշեց, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի Բագրատաշեն գյուղի տարածքում տնկված է 4,5 հեկտար լիբանանյան սոճու այգի, որի պտուղը համաշխարհային շուկայում մեծ պահանջարկ ունի: Նա ասաց, որ Լիբանանի սոճու այգիներն արդեն 50 տարեկան են, հնացած: 2020թվականին նախատեսվում է Բագրատաշենում տնկել շուրջ 20 հեկտար լիբանանյան սոճու այգի:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ