«ԵՎՐՈ-2020»-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն նշել էինք, որ «Ժողովուրդ» օրաթերթը մինչեւ Եվրոպայի 2020 թվականի առաջնության մեկնարկը կանդրադառնա բոլոր հավաքականներին: Առաջինը խոսեցինք «ԵՎՐՈ»-ի գործող չեմպիոնի` Պորտուգալիայի ընտրանու մասին, հիմա հերթը աշխարհի գործող չեմպիոններինն է` Ֆրանսիայինը:

Ֆավորիտ լինելու փաստը
Ռուսաստանում կայացած Աշխարհի առաջնության չեմպիոնները տապալվեցին տնային «ԵՎՐՈ»-ում` պարտվելով պորտուգալացիներին: Դեշամի տղաները միանշանակ այս առաջնությանը ավելի պատրաստված եւ «գազազած» տեսք կունենան: Ամռանը կայանալիք խոշոր մրցաշարի գլխավոր ֆավորիտը հենց նրանք են: Այս փաստը, իհարկե, պարտավորեցնող է ֆրանսիացիների համար: Ֆուտբոլը մեզ բազմիցս է ապացուցել, որ ֆավորիտներ լինում են միայն թղթի վրա, բայց նայելով Դիդյե Դեշամի թիմին՝ անհնար է նրանց ֆավորիտ չհամարել: Աշխարհի չեմպիոնները ընդգրկված են «մահվան խմբում», որտեղ մրցելու են Գերմանիայի եւ Պորտուգալիայի հետ: Այս երկու հավաքականները իրենց կազմով զիջում են Ֆրանսիային, բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ կոնկրետ Պորտուգալիայի դեմ ֆրանսիացիները այդքան էլ հաջող չեն խաղում, իսկ պատմությունը կրկնվելու հատկություն ունի:
Մոտիվացիայի գործոնը
Այս առաջնությունում Ֆրանսիային ամենաշատը կարող է խանգարել լավ մոտիվացված չլինելը: Այո, Եվրոպայի առաջնությունը խոշոր մրցաշար է, բայց չէ՞ որ նրանք ամիսներ առաջ կարողացան հաղթել Աշխարհի առսջնությունում. մրցաշար, որտեղ հաղթելը յուրաքանչյուր ֆուտբոլիստի կարիերայի բարձրակետն է, երազանքը: Մեկ այլ բան է այն, որ չենք կարող ասել` Դեշամը ինչ կազմ կընտրի Եվրոպայի առաջնության համար: Այս պարագայում Ֆրանսիայի ընտրանու մարզիչը նախանձելի վիճակում չէ, որովհետեւ այս պահին կան առնվազն 40 ֆուտբոլիստ, որոնք կարող են հրավիրվել հավաքական: «Աքաղաղները» այնքան շատ ունեն հզոր ֆուտբոլիստներ, որ կարող են միանգամից մասնակցել երկու մրցաշարի:
Մարզչի գործոնը
Վերեւում մենք նշեցինք մոտիվացիայի հնարավոր պակասորդի մասին, եւ այդտեղ մեզ ձեռքով բարեւներ ուղարկեց «Աքաղաղների» գլխավոր մարզիչը` Դիդիե Դեշամը: Ֆրանսիացի մասնագետը այն անձն է, ով ուղղակի պարտավոր է հնարավորինս մոտիվացնել իր թիմին: Այո, Ֆրանսիան աստղաբույլ է, Ֆրանսիան աստղաբույլ էր նաեւ Աշխարհի առաջնության ժամանակ. շատերը այդպիսի թիմերին ղեկավարել ուղղակիորեն ի զորու չեն: Դեշամը այն մարդն է, ով շատ լավ լեզու է գտել թիմի ֆուտբոլիստների հետ, ով կարողացել է եւ կարողանում է «սանձել» թիմի «դեմքերին»: Հենց Դեշամն էր այն գլխավոր «մեղավորը», որ Ֆրանսիան հիմա համարվում է Աշխարհի չեմպիոն:
Մարսիալ, Ժիրու, Լակազետ
Աշխարհի առաջնության ժամանակ Ֆրանսիայի կենտրոնական եւ հիմնական հարձակվողը Օլիվյե Ժիրուն էր: Անտոնի Մարսիալն ու Ալեքսանդր Լակազետը հավաքականից զանգ չէին էլ ստացել: Հիմա Ժիրուն իր թիմում քիչ է ստանում խաղաժամանակ, չունի մարզավիճակ, եւ կարելի է ենթադրել, որ նա հավաքական չի հրավիրվի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար: Անտոնի Մարսիալը «Յունայթեդում» Սուլշերի օրոք կարծես երկրորդ շնչառություն ստացած լինի եւ թիմի առաջատարներից է: Այս անգամ Անտոնիին հավաքական չհրավիրելը ոչ արդարացի որոշում կլինի Դեշամի կողմից: Նույնը կարելի է ասել նաեւ Լակազետի մասին, ով Օբամեյանգի հետ ֆանտաստիկ զույգ է կազմել եւ «Արսենալի»՝ «հարց լուծող» խաղացողներից է: Պետք է խոսել նաեւ «Մոնակոյի» հարձակվող Վիսսամ Բեն Յեդերի մասին, ով հավաքական հրավիրվել է ընտրական փուլում եւ թողել է լավ տպավորություն: «Մոնակոյում» էլ Վիսսամի գործերը վատ չեն ընթանում: «ԵՎՐՈ-2016»-ի «վրեժը» լուծելու լավ առիթ Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը կայացավ Ֆրանսիայում, որտեղ «Աքաղաղները» ձախողեցին` հանդիպելով անչափ բախտավոր Պորտուգալիային: Հիմա նրանք կրկին խաղալու են Պորտուգալիայի հետ եւ ունեն հնարավորություն «վրեժը» լուծելու: Հենց այդ հանդիպումը «ԵՎՐՈ»-ի խմբային փուլի գլխավոր զարդերից մեկն է լինելու: Սերնդափոխված Պորտուգալիան փորձելու է կրկին խաղալ Ֆրանսիայի հեղինակության հետ: Ֆրանսիան խմբային փուլում խաղալու է նաեւ Գերմանիայի հետ, որոնց նախորդ «ԵՎՐՈ»-ի ժամանակ արդեն հասցրել է հաղթել: Այդ խաղը միանշանակ նույնպես լավագույններից է լինելու, սակայն «եվրոպական բրազիլացիների» դեմ խաղում Ֆրանսիան հաշիվներ ունի մաքրելու: Նայելով Դեշամի թիմին՝ վստահ կարելի է ասել, որ չեմպիոնները այս «ԵՎՐՈ»-ի գլխավոր ֆավորիտն են: Մեր հաջորդ կանգառը կլինի Գերմանիան` երբեմնի անխափան «մսաղացը»:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս