Հանրային հեռուստաընկերությունը, հանդիսանալով Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ, որոշում է կայացրել անցկացնել #Եվրատեսիլ2020 երգի մրցույթի հայաստանյան պատվիրակի ազգային ընտրություն եւ հնարավորություն ընձեռել բոլոր ցանկացող արտիստներին ներկայացնել իրենց երգերը։ Ժյուրին, դիտարկելով բոլոր հայտերը, առանձնացրել է 12 լավագույն մասնակիցներին: Նրանցից մեկն էլ Աթենա Մանուկյանն է:
2007 թվականին Աթենան Հունաստանում մասնակցել է «This Is What’s Missing» միջազգային երաժշտական մրցույթին եւ ստացել է առաջին մրցանակը։ Մեկ տարի անց՝ 2008-ին, «To Fili Tis Aphroditis» երգով մասնակցել է Հունաստանի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի նախընտրական փուլին եւ զբաղեցրել 7-րդ հորիզոնականը։ 2011-ին թողարկվել է երգչուհու առաջին սինգլը՝ «Party Like A Freak-ը», որը միանգամից հիթ է դարձել Հունաստանում եւ միլիոնավոր դիտումներ գրանցել YouTube-ում: Երգի համար նա երկու անգամ առաջադրվել է «Video Music Awards»-ի: 2012-ին թողարկվել է երգչուհու հերթական՝ «I Surrender» սինգլը՝ դառնալով տարվա ամառային լավագույն հիթերից մեկը։ 2017-ին Աթենան մուտք է գործել երաժշտական ասպարեզ՝ որպես երգերի հեղինակ, գրել «Palia Mou Agapi» երգի խոսքերը Ելենա Պապարիզուի համար: 2018-ին, որպես հրավիրյալ արտիստ, հանդես է եկել բրիտանական «X Factor»-ում, որին անդրադարձել են բազում ամսագրեր ու թերթեր: Նա հիացրել է ժյուրիի անդամներ Սայմոն Քոուելին, Ռոբի Ուիլյամսին եւ Այդա Ֆիլդսին: Այսպիսով, Աթենան պատասխանել է «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին:
-Աթենա՛, մի առիթով նշել եք, որ հայեցի դաստիարակություն եք ստացել, եւ որ Ձեր ընտանիքը չափից դուրս հայկական է: Հետաքրքիր է՝ առաջին անգամ եք Հայաստանում: Ի՞նչ տպավորություններ ունեք մեր հայրենիքից, Հայաստանի հետ կապված ի՞նչ ասոցիացիաներ ունեիք նախկինում, իսկ հիմա՞:
-Արդեն երկրորդ անգամ եմ Հայաստանում: Առաջին անգամ այստեղ եղել եմ 5 տարի առաջ, բայց, անկեղծ ասած, զգացողությունս այնպիսին է, ասես առաջին անգամ եմ այստեղ: Ուզում եմ, որքան հնարավոր է, շատ վայրեր այցելել, հուսով եմ՝ կհասցնեմ: Հայաստանում մարդիկ շատ բարի են, միշտ պատրաստ օգնելու: Որեւէ տեղ երբեք չեմ հանդիպել նման առատաձեռնության: Հայերն այնքա՜ն հյուրընկալ են: Հիմա Հայաստանի հետ իմ կապն ամուր է, քան երբեւէ: Չեմ ցանկանում Հայաստանից գնալ. այնքա՜ն սեր ու աջակցություն եմ ստանում այստեղ:
-Եթե Դուք ներկայացնեք Հայաստանը «Եվրատեսիլ»-ում, դա Ձեզ ի՞նչ կտա, ո՞րն է մեծ բեմում հայտնվելու Ձեր հիմնական ստիմուլը:
-Վստահ եմ, որ եթե ես ներկայացնեմ Հայաստանը «Եվրատեսիլում» հենց այս տարվա թիմի հետ, դուք յուրաքանչյուր դետալում որակ կնկատեք: Երբեք չեմ հանդիպել նման լավ ճաշակ ու ճիշտ ռազմավարություն ունեցող պրոֆեսիոնալների: Համոզված եմ, որ կգրանցվի արդյունք, որի ականատեսը դուք երբեւէ չեք եղել:
-Հնարավո՞ր է՝ մուտք գործեք հայկական շոու-բիզնես եւ ակտիվ գործեք նաեւ այստեղ:
-Իհարկե, նման բան կա իմ պլաններում, եւ դա կանեմ առաջին հերթին այն բանի համար, որ ավելի հաճախ գամ Հայաստան եւ ավելի երկար մնամ այստեղ: Ավելի քան պատրաստ եմ մուտք գործել հայկական շոու-բիզնես:
-Հունաստանում հայ համայնքի հետ ի՞նչ կապեր ունեք, չե՞ք ուզում հայերեն սովորել:
-Հունաստանում մի քանի հայ ընկերներ ունեմ, եւ դա այնքան հիանալի է, որովհետեւ երբ խոսում եմ իրենց հետ, ասես կարճ ժամանակով տեղափոխվում եմ Հայաստան: Սովորում եմ հայերեն. ո՞նց ես (վերջին երկու արտահայտությունն ասում է հայերենով):
-Ձեր մրցակիցների երգերի մասին ի՞նչ կասեք, ո՞ւմ երգն է Ձեզ դուր եկել:
-Բոլոր երգերն ունեն իրենց ինքնությունը: Յուրաքանչյուրն իր մթնոլորտն է ստեղծում: Շնորհավորում եմ բոլորին եւ մաղթում հաջողություն:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ԼՔԵՑԻՆ ՊԱՅՔԱՐԸ
Կայացան Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի վերջին երկու հանդիպումները: Մադրիդի «Ռեալը» տանը 3:4 հաշվով զիջեց «Ռեալ Սոսիեդադին»: Մադրիդցիներից մեկական անգամ աչքի ընկան Մարսելոն, Ռոդրիգոն եւ Նաչոն: «Սոսիեդադից» դուբլ ձեւակերպեց Ալեքսանդր Իսակը, մեկական անգամ էլ գոլի հեղինակ դարձան Մարտին Էդեգորն ու Միկել Մերինոն: Քառորդ եզրափակչի մյուս անակնկալը տեղի ունեցավ «Սան Մամեսում», որտեղ տեղի «Ատլետիկ Բիլբաոն» 1:0 հաշվով հաղթեց «Բարսելոնային» ու մտավ կիսաեզրափակիչ: Երկրորդ խաղակեսում մրցավարի կողմից ավելացված 3-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Սերխիո Բուսկեցը:
Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ