«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Պատգամավորները դժգոհ են մնացել երեկ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ հանդիպումից: «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերով եւ մարդու իրավունքների ու հանրային հարցերով հանձնաժողովի պատգամավորների եւ Արտակ Դավթյանի հետ դռնփակ հանդիպումից: Մեր տեղեկություններով՝ հանդիպումն անցել է խիստ լարված եւ ծանր: Բանն այն է, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ԱԺ պատգամավորներին է ներկայացրել բանակում մահացած զինվորների դեպքերը, իսկ երբ պատգամավորները բարձրացրել են պատասխանատուների հարցը, Դավթյանը կատարվածն իրենց բացթողումը չի համարել: Եվ այս հանգամանքը ներկա պատգամավորների մոտ տարակուսանք է առաջացրել. ի վերջո, դեռեւս 2019 թվականի հուլիսի 4-ին հաստատված կանոնադրության համաձայն՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն է պատասխանատու զորքի հետ կապված ցանկացած հարցի համար:
Եվ ավելին, կանոնադրության մեջ սահմանված Զինված ուժերի գլխավոր շտաբի նպատակներից մեկն էլ Զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստության եւ հայրենասիրական դաստիարակության, զինվորական կարգապահության ամրապնդման ապահովումն է: Այսինքն՝ Գլխավոր շտաբը եւ անձամբ շտաբի պետը պետք է զբաղվեն նաեւ զորքի հետ տարվող աշխատանքներով, այնինչ երեկվա հանդիպման ժամանակ վերջինս ներկայացրել է այնպես, թե իրենք չեն պատասխանատուն, եւ իրենց մեղավորությունը չէ այս իրավիճակը: Մենք տեղեկացանք նաեւ, որ հանդիպման ընթացքում Արտակ Դավթյանը դիմել է նաեւ պատգամավորներին, ասել, որ վերջիններս օգնեն իրենց եւ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գան առկա բացերը լրացնելու համար: Հավելենք, որ պատգամավորները ԳՇ պետին հարցրել են նաեւ հրաժարականների մասին. արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը եւ ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը եւս հրաժարական են տվել: Ի պատասխան՝ ԶՈՒ պետը ասել է՝ այո՛, նրանք պաշտոնից ազատվել են: Լրագրողների հետ զրույցում, սակայն, այլ բան ասաց։
Հավելենք, որ, մեր տեղեկություններով, կառավարությունից Դավթյանին հասկացրել են՝ եթե առաջիկայում կրկին թերություններ արձանագրվեն, ապա վերջինս պետք է ինքնակամ դիմում ներկայացնի եւ հեռանա առանց բացատրության։ Ըստ էության, պատգամավորները հստակ հասկացրել են, որ դժգոհ են Դավթյանից, եւ նրա օրերը հաշված են: Հավելենք, որ Արտակ Դավթյանը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ եղել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ եւ նույնիսկ հարցաքննվել է այդ դեպքերի մասով՝ որպես մարտի 1-ի դեպքերի ժամանակ շտաբի պետ Յուրի Խաչատուրովի ենթակա»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։